14.06.2013 17:35

Վարչապետին օֆշո՞ր էր պետք հեղինակազրկվելու համար…

Վարչապետին օֆշո՞ր էր պետք հեղինակազրկվելու համար…

Չնայած Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային պատմությունը մամուլում «ջրելու»` կառավարությունից իջեցված հստակ հրահանգին, հանրությունը շարունակում է քննարկել ցանկացած երկրում վարչապետի հրաժարական ենթադրող այս խայտառակությունը, Տիգրան Սարգսյանը շարունակում է մեկը մյուսից անհեթեթ պարզաբանումներ ներկայացնել, իսկ Սերժ Սարգսյանն առհասարա՛կ հարկ չի համարում որեւէ կերպ անդրադառնալ թեմային…

Ի՞նչ է եղել իրականում` առայժմ դժվար է ասել, բայց համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, կարող ենք տրամաբանական մի եզրահանգման գալ, որի հերքումն ու հաստատումն արդեն պիտի  դառնա ո՛չ անգամ իրավապահ մարմինների, այլ Ազգային անվտանգության մարմինների  գործը:

Եւ այսպես` էլեկտրոնային «Հետք» պարբերականը կիպրոսյան ձեռնարկությունների գրանցման դեպարտամենտի պաշտոնական կայքէջում «WLISPERA HOLDINGS LIMITED»  անունով մի ձեռնարկություն էր գտել` օֆշորային գոտում գրանցված, որի սեփականատերերն են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ/Սամվել Կճոյանը եւ հանրությանը ոչ անհայտ գործարար Փայլակ Հայրապետյանին սնանկության ու մահվան դուռը հասցրած Աշոտ Սուքիասյանը: Նույն ինքը՝ քավոր Կճոյանի մեծ դիմանկարն իր տանը բարձրում փակցրած ու նրան բենթլի նվիրած գործարար սանիկը:

Վերջինս 2010-ի հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ` դրա դիմաց բանկում գրավադրելով ոչ թե իր, վարչապետի եւ կամ նույնիսկ Կճոյանի, այլ հենց Փայլակ Հայրապետյանին ու նրա որդուն պատկանող ընկերությունները: Ընդ որում`  չնայած Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, «Ամերիաբանկն» անարգել շարունակել է գումարներ փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի օֆշորային ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

Ստացվում է, որ մենք ոչ թե նույնիսկ մեկ, այլ առնվազն երեք օֆշորային ընկերությունների հետ գործ ունենք, որոնց բոլորի գործունեությունը կապվում է ահա այս երեք անձանց հետ: Դատելով մամուլի հրապարակումներից ու տրամաբանական կապերից, նաեւ` Փայլակ Հայրապետյանի եղբոր հարցազրույցներից՝ հայաստանյան բիզնեսի ոլորտներն էլ հայտնի են. Նաիրիտ, հանքարդյունաբերություն եւ ադամանդագործություն: Հետաքրքիր է եւ այն, որ վերջին ոլորտում կառավարության կողմից կազմված հայեցակարգի քննարկմանն իր ներկայությամբ անձա՛մբ է պատվել արքեպիսկոպոս Կճոյանը, ով հանրությանն  ավելի շատ հայտնի է «Բենթլի Սամո» քնքուշ մականվամբ…

Ինչ պատահեց այս ամենի հրապարակայնացումից հետո` ավելորդ չէ հիշելը: Նախ` վարչապետի մամլո քարտուղարը երկու նախադասությամբ կոշտ հերքում ներկայացրեց մամուլին: Հետո, երբ տեսան` դրանով չեն պրծնի, վարչապետն ի՛նքը  հայտարարեց, թե դիմել է դատախազությանը, որպեսզի այստեղ պարզեն, թե ինչպես է պատահել, որ ինչ-որ մեկն իր անունով այդ երկրի օֆշորային գոտում սրանից երեք տարի առաջ ընկերություն է հիմնել:

Ինչ է արել դատախազությունը` պարզ չէ, բայց արդեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը ստիպված էր նորից պատասխանել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի` թեմային առնչվող հարցին:

Այստեղ արդեն պատմության, թերեւս, ամենահետաքրքիր մասերից մեկն է սկսվում: Վարչապետը նախ նշեց, թե աղմուկն իրեն վարկաբեկելու նպատակ է հետապնդում, հավելեց, թե ցանկացած մարդ կարող է օֆշորային գոտում ցանկացած մարդու, օրինակ` Նկոլ Փաշինյանի անունով ընկերություն հիմնել՝ նույնիսկ առանց նրա համաձայնությունն ունենալու, վերջում էլ ամփոփեց, թե  քանի որ ընկերության գրանցման ժամանակ ինքը պաշտոնական այցով գտնվել է Պրահայում, չէ՛ր կարող միաժամանակ գտնվել նաեւ Կիպրոսում ու այնտեղ ընկերություն գրանցել:

Թող ներվի ասել, բայց այսպիսի հերքմամբ վարչապետը կամ իսկապես ինքն իրեն վերջնականապես ոչնչացնելու նպատակ է հետապնդում, կամ անհույս կերպով մե՛զ է ջանում խոտակերի տեղ դնել: Բացատրենք` ինչու:

Նախ` Կիպրոսում ընկերություն գրանցելու համար բոլորովին պարտադիր չէ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձա՛մբ մեկներ այդ երկիր: Դա կարող էր անել բաժնետերերից ցանկացած մեկը, օրինակ` նույն Աշոտ Սուքիասյանը, ով, ի տարբերություն Կճոյոնի եւ Սարգսյանի 333 բաժնետոմսերի` 334 բաժնետոմս ունի «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ում: Սա, ուրեմն, մի անհերքելի փաստարկ չէ, որով կարելի է մի ամբողջ ժողովրդի առաջ հանդես գալ: Կիպրոսում ընկերություն հիմնելու համար, ինչպես տեղեկացանք համացանցից, պահանջվում են՝ ընդամենը մեկ բաժնետեր` իրական փաստաթղթերով, մեկ տնօրեն եւ մեկ քարտուղար:

Երկրորդ` չնայած վարչապետը պնդում է, թե ցանկացած մարդ կարող է օֆշորային գոտում ցանկացած մարդու անունով ընկերություն հիմնել, նույնիսկ՝ առանց նրա համաձայնությունն ունենալու, դա այնքան էլ այդպես չէ գոնե այս երկրի դեպքում:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն եվրոպական-ամերիկյան գործարարների համար մերժելի եւ բացահայտ փող լվացող «սեւցուցակային օֆշորային գոտիների»` Կիպրոսում, ճիշտ՝ ինչպես մնացած վստահելի օֆշորային գոտիներում, ամեն բան հրապարակային է: Այսինքն` այստեղ դու չե՛ս կարող ուրիշի անունով եւ կեղծ փաստաթղթերով ընկերություն հիմնել: Չես կարող նաեւ ընկերության գրանցումը գաղտնի պահել, որովհետեւ, ինչպես տեսաք` դրանք հրապարակայնորեն դրվում են համապատասխան դեպարտամենտի էջերում: Ավելին, այդ երկրի` ԵՄ-ին անդամակցելուց հետո այստեղ խիստ դժվարացել է տարատեսակ «քյանդրբազությունների» հնարավորությունը: Շատ բան խստացել է նաեւ հարկային ոլորտում: Օրինակ` եթե մինչեւ 2003-ը հստակ բաժանում կար ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների միջեւ, եթե վերջիններս առհասարակ ազատված էին հարկերի վճարումից եւ միայն մեկ անգամ էին իրենց անվանական կապիտալի 0.6%-ի չափով տուրք վճարում, 2003-ից հետո օֆշորային բոլոր ընկերությունները հավասար չափով կորպորատիվ հարկ են վճարում` 10%-ի չափով:

Եւ վերջապես՝ կա ամենակարեւոր` հայկական բանկից կիպրոսյան բանկին փողի փոխանցան փաստը: Ի դեպ, իր ծաղկաձորյան սեմինարներից մեկի ժամանակ դեռեւս ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը «մեր մեջ ասածի պես» ընդունեց, որ, այո՛, այնքան խստորեն են վերահսկում բանկային համակարգը, որ անգամ առեւտրային բանկերի` մամուլին տրվող գովազդային տեքստերն են ԿԲ-ում հաստատում-նոր թույլատրում տարածել: Ասաց` հանրությանը մոլորության մեջ չգցելու համար ենք այդպես անում: Ինքս կարող եմ վկայել, որ անգամ երեխայիս մանկապարտեզի վարձը վճարելու համար խղճուկ 20.000-ի դիմաց բանկերն ինձնից անձնագիր են պահանջում: Բա էդ ինչպե՞ս եղավ, որ ինչ-որ երեւակայական անձ որոշեց վարչապետին ու արքեպիսկոպոսին հեղինակազրկել` նրանց անունով օֆշորային ընկերություն գրացելով, հետո էլ հայկական բանկից փող փոխանցել (փառք Աստծո` գոնե փոխանցողն ու բաժնետերերից մեկը նույնն են), եւ հանկարծ ոչ բանկի ղեկավարությունը հետաքրքրվեց, ոչ Ջավադյանն իմացավ, ոչ էլ վարչապետը: Ու՞մ եք ձեռ առնում ձեր կարճ խելքով, պարոնա՛յք, ու մի բան էլ` ընդդիմությանը մեղադրում արտագաղթի համար: Իբր` էսպիսի ստեր են տարածում, մարդիկ էլ ստախոսներից հիասթափվա՞ծ են հեռանում երկրից: Եթե չգիտեք` ասեմ-իմացեք, որ մարդիկ ոչ թե արտագաղթում, այլ բառի բուն իմաստով փախչում են ոչ թե ընդդիմության, այլ երկիրը կործանման հասցրած հենց ձեզ պես բենթլիասեր արկածախնդիրների՛ պատճառով: Այնպես որ` զգույշ եղեք, ընտրե՛ք արտահայտությունները, մի օր լավ բանի չի հանգեցնի այս ամենը…

Բայց գանք թեմային եւ վերջնականապես պարզենք, թե արդյո՞ք ամեն ոք կարող է Կիպրոսում ընկերություն գրանցել:

Հենց երեկ, օրինակ, ես փորձեցի վարչապետին էլի՛ մի նվեր անել` նրա անունով հերթական ընկերությունը բացելով: Պարզվեց` չեմ կարող՝ առանց նրա համաձայնությունն ունենալու: Ամենաշատը` կարող եմ մեր վարչապետին բաժնետեր դարձնել իմ օֆշորային ընկերությունում՝ ինքս որպես սեփականատեր գաղտնի մնալով: Երկրորդն էլ՝ այնքան նրբություններ կային, որ մեն-մենակ հաստատ գլուխ չէի հանի այդ ամենից: Որոշեցի դիմել դրանում մասնագիտացած ռուսական մի ընկերության, քանի որ եվրոպական ընկերությունները շատ ավելի թանկ էին նման ծառայություն մատուցում: Եւ ահա թե ինչ ուղարկեցին նամակով` գներին ծանոթանալու խնդրանքիս ի պատասխան: Ավելի ճիշտ` այսքա՛նն առանձնացրի նյութի համար:

 

Название услуги

Стоимость

 Регистрация компании в Кипре

 $2800 (от 84 000 рублей)

 Комплект «все включено»

 $4325* (банковский счет в подарок!)

 Ежегодный сбор для компаний с указанным уставным капиталом

 $1600 / $1800


Սրան զուգահեռ՝ նշեցին, թե հենց սկզբից նվազագույնը 1.000 եվրո կապիտալ պիտի ունենամ, եթե, իհարկե, չեմ պատրաստվում բանկային կամ ապահովագրական բիզնես ծավալել, քանի որ այդտեղ այլ  սակագներ են հաստատված հենց Կիպրոսում: Բացի այդ` պիտի լիցենզիա ունենամ: Հավելեցին նաեւ, թե եթե հընթացս խնդիրներ ունենամ, կարող եմ իրենց իրավաբանի վրա հույս դնել`  մեկ ժամի համար վճարելով $160, հաշվապահ ունենալ` նրան էլ մեկ ժամի դիմաց վճարելով $200: Խոստացան նաեւ իմ փոխարեն  պահանջվող տարեկան օն-լայն հաշվետու ժողովն անցկացնել, տնօրեն եւ քարտուղար տրամադրել: Բնականաբար` որոշակի լուրջ գումարի դիմաց: Եւ այս ամենը` Երեւանում նստած: Ոչ Կիպրոս գնալու հարկ կար, ոչ` Պրահա, ոչ` այլուր…Բայց հաստա՞տ գաղտնի կմնամ` հարցրի: «В стране открытый регистр акционеров и директоров. При использовании номинальных директоров и акционеров истинные владельцы компании не могут быть установлены»,- պատասխանեցին:

Հիմա եթե այսքանից հետո վարչապետը դեռ կպնդի, որ ցանկացած մարդ Հայաստանում կարող է նրա անունով ընկերություն գրանցել, որպեսզի դրանից երեք տարի հետո իրեն հեղինակազրկի, ավելի՛ վատ: Թող պնդի եւ շատ արագ բացահայտի իրեն «շարքային զինվորիկ» դարձրած այդ մարդուն,  որովհետեւ դրանից հետո արդեն բոլորովին այլ պատմություն է սկսվելու:

Ինչ վերաբերում է հեղինակազրկվելուն` կարող է նաեւ թեթեւացած շունչ քաշել. իրեն ոչ մի օֆշոր էլ պետք չէր դրա համար: Հենց միայն այսպիսի ձախողակ կառավարություն գլխավորելը միլիոն հեղինակազրկություն արժե…

 

Գոհար Սիմոնյան