14.06.2013 19:53

ԺՀՄԻԳ-ի զեկույցներից անդին. Ինչո՞ւ հանձնարարականները կյանքի չեն կոչվում

ԺՀՄԻԳ-ի զեկույցներից անդին. Ինչո՞ւ հանձնարարականները կյանքի չեն կոչվում

Արդար և թափանցիկ ընտրությունները, որոնց միջոցով հասարակությունը մասնակցում է պետության ձևավորման և որոշումներ կայացնելու գործընթացին, ժողովրդավարության կայացման հիմնական գրավականն են: Սովորոբար, ընտրություններից հետո պետությունները զարգացման նոր լիցքեր են ստանում, հասարակություններն էլ՝ ոգեւորվելու եւ արարելու նոր ազդակներ ու հնարավորություններ: Սակայն Հաստանում անցկացվող ընտրությունները, որպես կանոն, ավարտվում են հասարակության խորը հիասթափությամբ, ճգնաժամով և, որ ամենացավալին է, ընտրությունների դերի ու նշանակության  կտրուկ արժեզրկմամբ, ինչի ականատեսն ենք նաև այսօր:

 Նախագահական ընտրություններից ամիսներ առաջ ընդդիմությունը ահազանգել էր ՀՀ ընտրական համակարգի լուրջ բացերի մասին եւ խորհրդարան բերել ընտրական բարեփոխումների ծավալուն փաթեթ, որը հիմնված էր 2012 թ. ԱԺ ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացրած վերջնական զեկույցում առկա հանձնարարականների վրա: Սակայն օրենսդրական բարեփոխումների փաթեթի քննարկումը իշխող Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տապալվեց: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցները, թեպետ բավականին դիվանագիտական ձևակերպումներով են գնահատել Հայաստանում կայացած երկու վերջին ընտրությունները, սակայն այդ  զեկույցներում ներառված հանձնարարականներից ակնհայտ է դառնում, որ միջազգային հանրությունը ևս բավարարված չէ ՀՀ-ում անցկացվող ընտրությունների որակով և նկատել է այն համակարգային խնդիրները, որոնք առաջացել են ԱԺ ընտրությունների ընթացքում:

Սակայն հայաստանյան իշխանությունները, փաստորեն, արհամարհեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  ներկայացրած հանձնարարականները:  Նշվածի վառ օրինակն է միայն 2012-ի օգոստոսին, այսինքն՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցից ամիսներ անց ստեղծված ընտրական բարեփոխումների ժամանակավոր հանձնաժողովը՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, որն իր կարճատև աշխատանքի բարեհաջող հանգուցալուծում համարեց ԵԱՀԿ կարծիքն այն մասին, որ  բարեփոխումները  հարկավոր էր կատարել շատ ավելի վաղ, քանի որ նախագահական ընտրությունների ճիշտ նախօրեին նպատակահարմար չէ փոփոխություններ իրականացնել ընտրական օրենսգրքում:

Այս առումով պետք է հարց առաջանա, թե որքանո՞վ էր խելամիտ միայն 2012-ի հոկտեմբեր ամսին անդրադառնալ ընտրական համակարգի բարելավման անհրաժեշտությանը՝  հատկապես այն դեպքում, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր հանձնարարականներով ՀՀ ընտրական համակարգի բարելավմանն աջակցելու պատրաստակամություն էր հայտնել դեռ 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո (06.05.2012-ին հրապարակված ամփոփիչ զեկույցում)՝ հատկապես շեշտելով, որ նշված բարեփոխումները պետք է ժամ առաջ իրագործվեն՝ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ, ինչը մրցակցային և թափանցիկ դաշտ կապահովի թեկնածուների համար և ընտրություններն արժանահավատ կդարձնի քաղաքացիների աչքերում: Այս խնդրին են վերաբերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում ներառված հանձնարարականները: 

Ինչպես արդեն նշվեց, միջազգային  դիտորդները նկատել էին ՀՀ-ում անցկացվող ընտրությունների արժանահավատությունը խաթարող բացերը և անդրադարձել դրանցից հիմնականներին: Այսպես, զեկույցի առաջնային հանձնարարականների բաժնի n1 և n 6 հոդվածներում մասնավորապես ասվել էր.

 1.Իշխանությունները և մասնակիցները ավելի մեծ հարգանք պետք է դրսևորեն քաղաքացիների՝ իրենց քաղաքացիական և քաղաքական նախասիրություններն ազատ արտահայտելու նկատմամբ, ինչպես պահանջվում է ԵԱՀԿ 1990 Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությամբ: Նրանք պետք է ձեռնպահ մնան ընտրողների վրա ճնշումներ գործադրելուց՝ թ՛ե քարոզարշավի ընթացքում և թե՛ քվեարկության օրը:   

6. Ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները և դատարանները պետք է մեկնաբանեն, կիրառեն և գործածեն ընտրական իրավական դաշտը՝ հաշվի առնելով օրենքի ոգին և նպատակը, որն ուղղված է մասնակիցների համար հավասար մրցակցային դաշտ, ընտրողների կամքի ազատությունը և ընտրական գործընթացների ամբողջականությունն ապահովելուն: Սա պետք է ներառի ձայների գնման և դպրոցներում քարոզչության ու քարոզարշավին կրթական ոլորտի աշխատակիցների և ուսանողների ներգրավման արգելքի ավելի լայն մեկնաբանություն: Ի լրումն՝ Քրեական օրենսգիրքը կարող է փոփոխվել՝ ներառելով հանցագործություն՝ քարոզարշավի ընթացքում պաշտոնական դիրքը և վարչական միջոցները չարաշահելու համար: Զրպարտիչ քարոզչական նյութեր տարածելու համար քրեական հանցագործությունը պետք է ուժը կորցնի:

Հետևյալ երկու կետերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը  ընդգծում է, որ պետությունը պարտավոր է ապահով և անկաշկանդ պայմաններ ստեղծել, որպեսզի ընտրության օրը քաղաքացին կարողանա անխոչընդոտ կերպով արտահայտել իր դիրքորոշումը: Նրանք նաև նկատում են, որ ընտրությունների և քարոզարշավի ընթացքում քաղաքացիների վրա ճնշում է գործադրվել, և ապագայում դա պետք է բացառվի:

Այնուամենայնիվ, Հայաստանի դեպքում՝ նախընտրական քարոզչութանը զուգահեռ, կամ նույնիսկ՝ դրանից անկախ, իշխանական ուժերը փորձում են քվեներ ապահովել համատարած ընտրակաշառքի և սպառնալիքների միջոցով՝ չխորշելով կրկնակի քվեարկություններից: Սա հատկապես նկատելի էր 2013 թ. մայիսին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, միգուցե նաև այն պատճառով, որ միջազգային դիտորդական առաքելությունները չէին հետևում դեպքերի ընթացքին:

 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի մեկ այլ հանձնարարական.

10. Ընտրողների գրանցման ընթացակարգերի արժանահավատության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու նպատակով ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը կարող են հրավիրվել մասնակցելու իշխանությունների կողմից նախաձեռնված և վերահսկվող ընտրացուցակների հասարակական վերստուգման գործընթացին: Այդ նպատակով, ներբեռնելու հնարավորությամբ՝ ընտրացուցակները կարող են հասարակության համար հասանելի մնալ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: ԱՎՎ-ն պետք է շարունակի հասարակությանը պարբերաբար տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին, հատկապես՝ առաջիկա նախագահական ընտրությունների տեսանկյունից: 

Այսպիսով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նկատել է ընտրությունների ամենացավոտ խնդիրը, որն առնչվում է ընտրացուցակներին և դրանց նկատմամբ հասարակության վստահությանը: Հենց վստահության բարձրացման նպատակով էլ դիտորդներն առաջարկում են համալիր գործողություններ, առանց որոնց ընտրությունները չեն կարող լիարժեք ազատ և արդար լինել:

Ըստ դիտորդների (կարելի է նաեւ ասել` ողջ միջազգային հանրության)՝ ընտրությունների շահագրգիռ կողմերը պետք է միասնական ջանքերով որոշեն, թե ինչ տեսք են ունենալու ընտրողների ցուցակները, ով է ներառվելու այդ ցուցակներում,  և համատեղ ուժերով իրականացնեն այդ ցուցակների ճշտումը: Միայն այս դեպքում ընտրական ցուցակները և ընտրական համակարգն առհասարակ՝ վստահելի կլինեն:

Հարևան Վրաստանում խնդիրը լուծվեց միայն այն ժամանակ, երբ նախագահ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ  իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերը 2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ միացյալ ջանքերով ընտրողների ցուցակի վերամշակում կատարեցին, որից հետո ընտրությունների արդյունքներն այլևս չէին կարող կասկած առաջացնել քաղաքական ուժերի կամ հասարակության աչքում: Այսօր հայաստանյան իշխանությունները հնարավորություն ունեն, ի կատարումն այդ հանձնարարականի՝ քննարկում կազմակերպել՝ ընտրացուցակների կազմման վերաբերյալ  բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, քանի որ ընտրական ցուցակների վերամշակումից և վերջնական  ճշտումից հետո դրանց համար պատասխանատվությունը  կիսում են բոլոր քաղաքական ուժերը՝ ավելացնելով հասարակության վստահությունը ընտրությունների նկատմամբ: 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մեկ այլ կարևոր շեշտադրում վերաբերում է իշխանության տարբեր մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ համակարգի ստեղծմանը: Այս կետի անհրաժեշտությունն առաջացավ այն  բանից հետո, երբ քաղաքական ուժերից մեկը խնդրել էր ներկայացնել երկրից բացակայող անձանց ցուցակը: Իշխանությունները մերժեցին տեղեկատվություն տրամադրել՝ հիմնավորելով, թե իբր  չկա տեղեկատվության փոխանակման համակարգ սահմանապահ ուժերի և ոստիկանության միջև: Հենց այս խնդրին է անդրադարձել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հետևյալ կետով.

4. Ընտրողների ցուցակների ճշտությունը բարելավելու ջանքերը պետք է շարունակվեն: Այս նպատակով իշխանության տարբեր մարմինների միջև պետք է ստեղծվի ծանուցման արդյունավետ համակարգ, որպեսզի դյուրինացվի տեղեկատվության փոխանակումը, և հնարավորություն տրվի ընտրողների ռեգիստրում և ընտրողների ցուցակներում  ժամանակին ուղղումներ կատարել: Միաժամանակ՝ պետք է լուծվեն միևնույն բնակարանում մեծ թվով կամ բնակության համար ոչ պիտանի շինությունների ընտրողների գրանցված լինելու խնդիրները: Սա հատուկ ուշադրության կարիք ունի՝ առաջիկա 2013 թ. նախագահական ընտրությունների տեսանկյունից:

 

Այս հանձնարարականի շեշտադրումներն ապացուցում են, որ ՀՀ իշխանություններին կոչ էր արվում ընտրական փոփոխությունները կատարել մինչեւ նախագահական ընտրություններ: Իշխանությունները ոչ միայն անտեսեցին կոչերը, այլեւ տեղի ունեցավ առավել անհասկանալի բան` իրենց իսկ հանձնարարականները մոռացան ԵԱՀԿ-ն, ԵՄ եւ միջազգային այլ կազմակերպություններ: Եթե միջազգային հանրությունն ինքը հետամուտ չէ իր իսկ հանձնարարականներին, ինչպիսի՞ վստահություն պետք է լինի հայ հանրության շրջանում նույն այդ եվրոպական ինստիտուտների նկատմամբ:

Ընտրական օրենսգրքի պահանջների շրջանցումներից խուսափելու համար հարկավոր է ունենալ անկախ դատական մարմիններ և գործող ուղղիչ համակարգ, բացի այդ՝ չափազանց կարևոր է ընտրակաշառքների դեմ ուղղված գրագետ քարոզչությունը, որը պետք է մեկնարկի նախընտրական շրջանից շատ ավելի վաղ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցն այս խնդիրների լուծմանն անդրադառնում է երկու ծավալուն կետով.

2.Հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի բարձրացվի հասարակական վստահությունը ընտրական գործընթացների արժանահավատության նկատմամբ: Դրանք կարող են ներառել, բայց չսահմանափակվել ընտրական և պետական իշխանությունների աշխատանքների թափանցիկության ավելացմամբ, քվեարկության գաղտնիության վերաբերյալ ընտրողների լրացուցիչ ուսուցմամբ և ձայների գնման և ձայներ գողանալու դեմ լայնածավալ քարոզչության իրականացմամբ:

Ձայների գնման առնչությամբ կարող է հատուկ քննարկվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու հնարավորությունը՝ հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ձայների գնման հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, և քաղաքացիներին պետք է խրախուսել ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու և ապացույցներ ներկայացնելու համար: Այս միջոցների մի մասը կարող է իրականացվել քաղաքացիական հասարակության կազմակերպություններիքաղաքական կուսակցությունների և այլ շահագրգիռների հետ համատեղ կամ նրանց հետ խորհրդակցելով:

 

5. Իրավապահ մարմինները պետք է երաշխավորեն, որ բոլոր այն անձինք, ովքեր քարոզարշավի և ընտրությունների օրը կկատարեն ընտրություններին առնչվող հանցագործություններ, պատշաճ կարգով պատասխանատվության կենթարկվեն: Ընտրություններին առնչվող հանցագործությունները չպետք է քննվեն ինչպես հասարակ հանցագործությունները, և հանցագործները չպետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից այն հիմքով, որ նրանց կողմից հանցագործություն կատարելը արդարացված է եղել իրենց ընտրական իրավունքների պաշտպանությամբ:

Փաստորեն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ օրինական ընտրությունների հասնելու նախապայմանները հստակ սահմանված են, սակայն դրական փոփոխություններին խոչընդոտում է, մի կողմից՝ գործող վարչախումբը, որը կաթվածահար է անում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկած բոլոր բարեփոխումները, մյուս կողմից՝ միջազգային հանրությունը, որն իր զեկույցներում ներառված  հանձնարարականների իրականացմանը հետամուտ չլինելով՝ մեծ հաշվով, վարչախմբի համար վերարտադրման անարգել պայմաններ է ապահովում:

Այս պարագայում կենսական նշանակություն կունենան քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր քաղաքական դաշտի համընթաց մոտեցումները, որոնց միասնական գործողությունների արդյունքում միայն հնարավոր կլինի գործող իշխանություններին համակարգային փոփոխությունների մղել և ընտրությունները ծառայեցնել ժողովրդավարական որոշումների կայացմանը:

Եվա Թովմասյան