15.06.2013 16:56

Թե ինչու է միրգը թանկ. Գյուղացիներից անօրինական գումար են շորթում երևանյան շուկայում (տեսանյութ)

Թե ինչու է միրգը թանկ. Գյուղացիներից անօրինական գումար են շորթում երևանյան  շուկայում (տեսանյութ)

«Սասունցի Դավիթ» կայարանի հարակից շուկայում անօրինականություններ են տեղի ունենում: Այս մասին Politik.am-ի խմբագրությանը տեղեկացրել են շուկայում իրենց բերքը իրացնող գյուղացիները: Պարզվում է՝ շուկայի և նրա հարակից տարածքներում կանգնելու համար գյուղացիներից գումար են պահանջում, սակայն դրա դիմաց կտրոն չեն տալիս:

«Աղջիկ ջան, առավոտ 7-ին գալիս ենք ստեղ, որ միրգը, բանջարեղենը ծախենք:Մեզ ա մոտենում էն հաստ գլխով տղան ու գումար ա պահանջում: Գոռալով, զոռով 500 դրամ գումար են պոկում, իսկ երբ ժամը 9-ն ա գալիս, ստիպում են գնանք շուկա ու էս անգամ վճարենք շուկայի համար»,-ասաց մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը: Գյուղացիները վախվորած էին և չէին ցանկանում իրենց կամ իրենց գյուղի անունն  ասել: Նրանք համոզված են, որ դրանից հետո իրենց չեն թողնի ընդհանրապես շուկա մտնել:

«Դե թող մեկը խոսի: Ոչ մեկն էլ չի կարում խոսի: Միլիցեքն էլ են իրանց հետ, մի քանի լակոտ- լուկուտ էլ կան: Մի օր մի ջահել տղու էն օրը գցեցին, որ էտ տղեն, կարծեմ անունը Կարեն ա, հրապարակային հայտարարում ա, որ ինչ ուզում եք արեք մեկ ա՝ բան չի լինի: Ստեղի տերը մենք ենք»,-ասաց մեկ այլ գյուղացի, որը հեռվից տեսնելով «կայարանի հերոսին»՝ ներողություն խնդրեց և հեռացավ: Կայքի իրականացրած նկարահանումներում պարզ երևում է, որ մարդկանցից գումար են հավաքում: Իսկ թե ուր են գնում այդ գումարները՝ ոչ ոքի հայտնի չէ: Այս մարդիկ գյուղացիներին ստիպում են խախտել օրենքը, քանի որ հայտնի է, որ մայրաքաղաքում արգելվում է փողոցային առևտուրը, իսկ նրանք փողոցային առևտրով լավ գումարներ են աշխատում: politik.am-ը  քաղաքային իշխանությունների և ոստիկանության ուշադրությունն է հրավիրում տեսանյութում ծավալվող դեպքերի վրա: Պետք է պարզել, թե գյուղացիներից ինչ գումարներ են հավաքում և ինչ նպատակով:

Հ.Գ. iLur.am-ը միանում է մեր գործընկերների կոչին՝ նախապես, սակայն, գիտակցելով, որ այդ օրինախախտումը ևս կվրիպի քաղաքային իշխանությունների և իրավապահների տեսադաշտից: Նշենք նաև, որ մամուլում օրերս լուրեր էին շրջանառվում, թե նշված շուկայի նոր տերը տխրահռչակ Թոխմախի Մհերն է կամ նույն ինքը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: