16.06.2013 18:14

Գերտերությունների արձագանքը. Կգտնվի՞ նոր լուծում

Գերտերությունների արձագանքը. Կգտնվի՞ նոր լուծում

ԵՄ-ն` ԻԻՀ նախագահի պաշտոնում Հասսան Ռոուհանիի ընտրվելու հետ հույսեր է կապում առ այն, որ դրանից հետո Իրանի միջուկային խնդիրը կարող է արագ դիվանագիտական լուծում ստանալ: Այդ մասին РИА Новости-ին փոխանցել են ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունից:

«ԵՄ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հակված է աշխատել իրանական նոր ղեկավարության հետ, որպեսզի իրանական միջուկային հարցը արագ դիվանագիտական լուծում ստանա»,- փոխանցում է ռուսական լրատվամիջոցը: Հիշեցնենք, որ ԻԻՀ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Իրանի նոր նախագահ է ընտրվել բարեփոխիչների թեւի ներկայացուցիչ Հասսան Ռոուհանին, ով հռչակել էր «Ես եկել եմ, որպեսզի  փրկեմ Իրանի տնտեսությունը» կարգախոսը:  

Իր հերթին ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Ջեյ Քարնին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել Թեհրանի հետ: «ԱՄՆ-ը պատրաստ է ուղիղ շփումներ հաստատել իրանական կառավարության հետ, որպեսզի գտնվի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված դիվանագիտական այնպիսի լուծում, որը կարող է փարատել այդ ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության մոտ առկա մտահոգությունները»,- հայտարարել է Քարնին:

Ֆրանսիան իր հերթին ողջունել է իրանական ժողովորդի ժողովրդավարական ձգտումները եւ հայտարարել, որ պատարստ է համագործակցել Իրանի նոր նախագահի հետ:
Մեծ Բրիտանիան էլ կոչ է արել Իրանի նոր նախագահին երկիրը տանել այլ ճանապարհով, քան դա արվում էր մինչ այժմ:

Հիշեցնենք, որ ԻԻՀ նորընտիր նախագահը ժամանակին եղել է վեցնյակի հետ Իրանի միջուկային ծրագրերի հարցով բանակցող: