17.06.2013 16:23

Լիզա Ճաղարյան. Թու´թ կերեք, պարոնա´յք «վճռականներ»

Լիզա Ճաղարյան. Թու´թ կերեք, պարոնա´յք «վճռականներ»

Շոգը վրա է տվել, ուզես-չուզես՝ ուղեղդ ծուլանում է, բայց ոչ այնքան, որ Հայաստանում հեղափոխություն անելու համար քուն ու դադար կորցրած որոշ «վճռականների» նման հայտարարես, թե «պատմական» միավորումը չի կայանում, քանզի ամառային արձակուրդներն սկսվել են, ու ծառի տակ պառկես սպասես, որ հասած թութն ընկնի բերանդ:

Բարեբախտաբար, այս «վճռականներից» բոլորը չեն եռամսյա արձակուրդ վայելում, ոմանք դեռ շարունակում են «պայքարել», եւ իշխանություններին ծառայող լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստաընկերությունները, շարունակում են այս մարդկանց խլխլել իրար ձեռից: Բաղձալի զրուցակիցներ են, քանի որ երկիրը կլոր է, որտեղից էլ մտնեն, վերջում գալիս ու հայտնվում են Հայ ազգային կոնգրեսի դռան շեմին:

Լավ են անում, ճիշտ են անում: Ի վերջո, ով դեռ չի հասկացել, այս մարդիկ վաղուց ի վեր գիտեն, որ իրենք վերը նշած լրատվամիջոցների ցանկալի հյուրն են միմիայն դրա համար՝ քար նետել Կոնգրեսի բոստանը:

Նետում են: Մեկը՝ մեծ քար, մյուսը՝ ավազահատիկ, մեկը՝ բացահայտ, մյուսը՝ պչրուհու պես կոտրատվելով՝ իբր, չի ուզում այդ թեմայով խոսել, բայց որ ստիպում են…Եվ ի՞նչ են ասում այս անխոնջ պարոնները: Դաս են տալիս Կոնգրեսին, քամահրանքով կամ «բարեկամաբար» ի ցույց են դնում, թե ինչ սխալներ են արել կամ անում կոնգրեսականները, իրենց «վճռական» գլուխներն են օրորում… Էս շոգին-կրակին:

    Եւ քանի որ այս մարդիկ փողոցում պատահական հանդիպող Հայաստանի քաղաքացիներ չեն, այլ՝ ստաժավոր քաղաքական գործիչներ, մի «միամիտ» հարց է ծագում ամեն անգամ սրանց ընթերցելիս կամ ունկնդրելիս՝ իսկ դու՞ք ինչ եք անում, պարոնայք, բացի, իհարկե, Կոնգրեսի քայլերը քննադատելու տաժանակիր եւ անձնազոհ աշխատանքից: Այս հարցը ոչ մի լրագրող կամ հեռուստամեկնաբան սրանց չի տալիս՝ ձեռնտու չէ, գերխնդիրը դա չէ, գերխնդիրը Կոնգրեսին հարվածելն է, ինչը սրանք հավատարմորեն կատարում են: Հակառակ դեպքում ու՞մ են պետք այս «բաղձալիները»: Հակառակ դեպքում այս լրագրող կոչեցյալները կասեին՝ է´, լավ, հասկացանք, Կոնգրեսն ինչ անում է՝ սխալ է, բա դուք ինչի՞ համար եք, արե´ք այն քայլը, որը ճիշտ եք համարում, փրկեք ձեր թանկագին հայրենիքը ավազակներից, պայքարեք եւ բանտից հանեք քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ոչ թե ցուցարարներին դատախազության մոտ տեսնելիս գող կատվի նման ծլկեք, ձեր արդար ձայնը հնչեցրեք ընդդեմ բանակում կատարվող սպանությունների, աղաղակեք «օֆշորային» վարչապետի վերջին հանցագործության մասին, հասարակությանը կոչ արեք փողոց դուրս գալ, դուք էլ նրանց առաջնորդեք՝ ծեծ կերեք, բանտ նստեք, բանտից դուրս եկեք, նորից պայքարեք, նորից ծեծ կերեք, նորից բանտ նստեք, նորից բանտից դուրս եկեք, նորից…  Ոչ թե անճոռնիաբար ձեր թեւերը փռեք Տարոն Մարգարյանի վրա՝ դե լավ, ո՞վ չգիտեր, որ նա միլիոնատեր է, ի՞նչ եք ընկել էդ «տղու» հետեւից, մեր Տարոնն է, մեր թաղերում է ապրում:

Չեն հարցնում լրագրողները: Նախապես գիտեն, որ սրանք հե´նց դրա համար են, նախապես գիտեն, որ եթե իրենք այս պարոններին իրար ձեռից չխլխլեին, Հայաստանում վաղուց մոռացած կլինեին, որ նման «քաղաքական գործիչներ» կան:

Իշխանական սազանդարները նման հարցեր չեն տալիս, բայց հո հասարակության շրջանում այդ հարցերը պտտվու՞մ են: Թվում է՝ այդ հնարավոր հարցերի գոյությունից այս մարդիկ պետք է նեղսրտեն, հայելու մեջ իրենց արտացոլանքը տեսնելիս կարմրեն, աչքից հեռու իրենք իրենց ամոթանք տան, մեկ-մեկ էլ թքեն սեփական «ազնվազարմ» դեմքերին:

Իզուր է թվում: Այս «վճռականների» նպատակը ե´ւ իրենց է հայտնի, ե´ւ հասարակությանը՝ տաքուկ եւ ապահով ապրել, լրագրողների առջեւ բարեկիրթի «պոզա» ընդունել, ժամանակ առ ժամանակ արտերկրում «ամառային արձակուրդներ» անցկացնել, ինչի գրավականը Կոնգրեսին հարվածելն է: Եւ սրանց այս «արժանիքին» նորանոր արժանիքներ հավելագրելը ոչ իրենց է պետք, ոչ էլ սրանց «աստղ» դարձնողներին:

Մի քիչ ձեւափոխած՝ էն հայտնի անեկդոտի պես՝ մարդ են, էլի, մի պուճախում նստած՝ մածուն են ուտում, ու՞մ են խանգարում:

Կասեք՝ ինչու՞ անուններ չեմ նշում: Բայց ու՞մ են հետաքրքրում այս մարդկանց անունները, ո՞վ է սրանցից ինչ-որ բան ակնկալել կամ ակնկալում, որ հիմա էլ անունները կարդա ու հիասթափությունից, անհուսությունից սրտնեղի:

Էն էլ՝ էս շոգին-կրակին:

Լիզա Ճաղարյան