19.06.2013 20:44

Վ.Կարապետյան. Ո՞ւմ պատճառով չի կայանում ԵՄ դոնորական կոնֆերանսը, ու չեն վերսկսվում «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերը

Վ.Կարապետյան. Ո՞ւմ պատճառով չի կայանում ԵՄ դոնորական կոնֆերանսը, ու չեն վերսկսվում «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրերը

Լրատվամիջոցների, վերլուծաբանների շրջանում այս հետընտրական փուլում սկիզբ է առել Հայաստանի ապագայի, աշխարհում կամ Եվրասիական տարածաշրջանում մեր դիրքավորման վերաբերյալ քննարկում: Այս խնդիրները կարեւորվում են, առաջին հերթին՝ անվտանգության եւ երկրի հետագա զարգացման առումով: Միեւնույն ժամանակ՝ նկատելի է, որ «տարօրինակ» կերպով քաղաքական դիսկուրսը շրջանցում է զարգացման այս փուլում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցեր, ինչը հերթական վկայությունն է առ այն, որ այդ քննարկումները, հրապարակվող հոդվածները հիմնականում ուղղորդվում են Բաղրամյան 26-ից:

Նորմալ երկրում դա կհամարվեր բնական` նախագահական գրասենյակը պետք է նախաձեռնի նման քննարկումներ, շոշափի հասարակության առկա տրամադրությունները եւ, հարկ եղած դեպքում` իր կողմից ընտրած գերակա ուղղությունների վրա կատարի որոշակի շեշտադրումներ:

Սակայն երբ դա անում է մի ինստիտուտ, որի հիմնական նպատակներից մեկը ընտրությունների կեղծման նորանոր մեխանիզմների մշակումն ու մարդկանց կամարտահայտության ձեւախեղումն է, ինչպես նաեւ միջազգային կառույցների առջեւ ստանձնած մեր պարտավորությունների կատարումից խուսափումն ու նույն այդ միջազգային հանրության հանձնարարականների կատարման խափանումը (հիշենք անցած օգոստոսին նախագահականում ստեղծված` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների կատարման հանձնաժողովի` հասարակության աչքից հեռու անփառունակ գործունեությունը), հասարակությունը պետք է կրկնապատկի զգոնությունը`հերթական դավադրության զոհը չդառնալու համար:

Այսօր առավել նորաձեւ են դարձել ԵՄ եւ Եվրասիական Միության շուրջ քննարկումները, ասպարեզ են դուրս գալիս գործիչներ, որոնք երկար-բարակ խոսում են այնպիսի խնդիրների մասին, որոնք ակնհայտ երկրորդական նշանակություն ունեն: Ինչո՞ւ եմ պնդում` երկրորդական, որովհետեւ ԵՄ-ի հետ աշնանը ստորագրվելու են երկու կարեւորագույն համաձայնագրեր, որոնք բանակցվել են վերջին տարիների ընթացքում, եւ որեւէ խոչընդոտ կամ մտահոգություն այս հարցում  չկա: Եթե չկա խնդիր, ի՞նչ կա քննարկելու, առավելեւս` հակադրելու, միեւնույն է՝ փաստաթղթերը ստորագրվելու են, եւ դա մեզ բոլորիս ակնհայտ ձեռնտու է: Նման բանավեճերի փոխարեն՝ շատ ավելի օգտակար կլիներ, եթե բանակցություններին մասնակող ԱԳՆ, այլ գերատեսչությունների պաշտոնյաները պարբերաբար հասարակությանը տեղեկացնեին ԵՄ- ի հետ առկա գործընթացներում առաջընթացի, ինչպես նաեւ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի վերաբերյալ փաստաթղթերը ընդունելուց հետո Հայաստանի օգուտների մասին:

Դառնանք Եվրասիական Միությանը. երբ այն միս ու արյուն կստանա, կհրապարակվեն բոլոր փաստաթղթերը, այդ ժամանակ էլ կքննարկվի, թե հիմնադիր փաստաթղթերից որի շուրջ կարելի է սկսել բանակցությունները, եւ փաստաթղթի ստորագրումից հետո մենք ինչ կարող ենք  ստանալ դրանից: Ոչ մի ուժ չի կարող ստիպել Հայաստանին ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը մեզ ձեռնտու չէ:

Ինչ վերաբերում է այդ ինստիտուտներին անդամագրման հնարավորությանը` ԵՄ-ի մասին խոսելը նույնիսկ անիմաստ է, որովհետեւ չկա հրավեր եւ առնվազն մի տասը տարի էլ չի լինելու, միեւնույն ժամանակ Ասոցացման պայմանագրի դրույթների կատարումը մեզ ավելի կմոտեցնի քաղաքակիրթ աշխարհին: Եվրասիական Միությունն էլ նույնիսկ չկա, դեռ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ չկան վերջնական պայմանավորվածություներ, մենք ի՞նչ ունենք քննարկելու: Առավել եւս, որ այդ քննարկումներին ով ասես չի մասնակցում, բացի բուն ստորագրողներից եւ պատասխանատվության տակ մտնողներից:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ չեն քննարկվում մեզ` Հայաստանի քաղաքացիներիս անմիջապես վերաբերող հարցերը: ԵՄ կողմից կազմակերպվելիք դոնորական կոնֆերանսն ու ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերի» (ՀՄ) ծրագրի վերսկսումը ուղիղ եւ անմիջականորեն կազդի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կենսամակարդակի վրա: Հատկապես կընդգծեի հետեւյալ երկու առավելությունները.

-         դոնորական կոնֆերանսի կազմակերպման մասին որոշումը եւ ՀՄ ծրագրի վերսկսումը կնշանակի, որ Հայաստանում արվել են անրաժեշտ բարեփոխումներ, եւ մենք կարող ենք դառնալ այդ ծրագրերի լիարժեք շահառուներ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի մինչեւ այդ ծրագրերի մեկնարկն իսկ կզգա առաջընթաց իրեն հուզող շատ հարցերում` սկսած մարդու իրավունքների պաշտպանությունից, կոռուպցիայի դեմ իրական պայքարից, վերջացրած մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարով:

-         Հայաստան կհոսեն մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի չափ միջոցներ, որոնք ամիսներ անց էական ազդեցություն կունենան ՀՀ քաղաքացիների կյանքի վրա: Միայն դոնորական կոնֆերանսի անցկացումը բավական է, որ կտրուկ ավելանան ներդրումները Հայաստան, բարելավվի գործարար մթնոլորտը, բացվեն հազարավոր նոր աշխատատեղեր:

 ԵՄ հովանու ներքո դոնորական կոնֆերանս

Նշվեց, որ ԵՄ կողմից կազմակերպվելիք դոնորական կոնֆերանսի հետաձգմանը առնչվող խնդիրներին այլեւս լրատվամիջոցներն ու մի քանի տասնյակ մեկնաբաններ չեն անդրադառնում: Մինչեւ ԱԺ ընտրություններն այդ մասին շատ խոսվեց, ՀՀ ԱԳՆ-ն նույնիսկ տեղակացրեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, եւ որեւէ խոչընդոտ չկա դոնորական կոնֆերանսը անցկացնելու հարցում: Ընտրությունները անցան, եվրոպական բարձրաստիճան չինովնիկները իշխանությունների համար հիմնականում բարենպաստ գնահատականներ տվեցին: Սակայն հայաստանյան պաշտոնյաներից այսօր որեւէ մեկը չի խոսում այդ միջոցառման մասին (Հանձնակատար Ֆյուլեն մարտ ամսին անդրադարձել էր ԵՄ հանձնառությանը դոնորական կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ): Եւ սա այն դեպքում, երբ խոսքը խոշորագույույն տնտեսական (նաեւ քաղաքական) օժանդակության մասին է: Կարիք չկա բացատրելու, թե ինչպիսի նշանակալի օգնություն դա կլիներ հայաթափվող եւ սոցիալական բարդ մարտահրավերների առջեւ կանգնած մեր պետության համար: Լիարժեք տեղեկատվության բացակայության պայմաններում դժվար է նշել դոնորական կոնֆերանսի հետաձգման պատճառները: Միեւնույն ժամանակ՝ համարում եմ, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրել, թե ինչո՞ւ այն չի կայանում, ի՞նչ նոր պայմաններ է առաջ քաշել ԵՄ-ն, եւ երբ է միջոցառումը տեղի ունենալու: Այս կապակցությամբ հիշեցնեմ ԱԳՆ փոխնախարար Զ. Մնացականյանի խոսքերը՝ ասված 2012 թ. հունիսին, երբ նա «պրիմիտիվ» էր համարել այն մեկնաբանությունները, որոնք դոնորական կոնֆերանսի հետաձգումը պայմանավորել էին ընտրությունների հետ: Անցել է մեկ տարի, կարծում եմ՝ նման նշանակության հարցի վերաբերյալ ՀՀ պաշտոնյաների լռությունը արդարացված չէ: Արդարացված չէ նաեւ այն, որ ՀՀ իշխանություններն անտեսում են ԵՄ կողմից հրապարակած http://eeas.europa.eu/delegations/armenia/documents/eu_armenia/armenia_enp_2012_progress_report_en.pdf Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցի հանձնարարականները. թե՛ մարտիմեկյան սպանությունների բացահայտման, թե՛ ընտրական օրենսգրքի, թե՛ հեռարձակող լրատվամիջոցներում բազմակարծությունը երաշխավորելու խնդիրներից եւ ոչ մեկում չկա առաջընթաց: Չի բացառվում, որ Հայաստանի նման վերաբերմունքն է պատճառ հանդիսացել ԵՄ դիրքորոշման կոշտացման համար:

ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերի» (ՀՄ) ծրագիր

Իշխանությունները, ինչպես նաեւ օրումեջ նրանց արեւմետամետ անվանող լրատվամիջոցները, չեն խոսում նաեւ «Հազարամյակի մարտահրավերի» ծրագիրը չվերսկսելու պատճառների մասին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ ծրագրի պայմանների բավարարման պարագայում այն կարող է վերսկսել: Թերեւս՝ ՀՀ իշխանությունները բարդույթավորված են ՀՄ ծրագրով` նրանց գործողությունների շնորհիվ է, որ 2008-2009թթ. Հայաստանը զրկվեց 80 մլն. դոլար արժողությամբ օժանդակությունի,  եւ արդեն հաստատված ծրագրերն ու նախագծերը չեղյալ համարվեցին:

Այն, որ մինչ օրս ՀՄ ծրագիրը չի վերականգնվել, նշանակում է, որ Հայաստանում որեւէ առաջընթաց չկա ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում: ՀՄ ծրագրից Հայաստանին դուրս մղելը եւս մեկ ապացույց է, որ Հայաստանում գործ ունենք ժողովրդի շահերը արհամարհող իշխանության հետ: Ինչպիսի՞ այլ որակում կարելի է տալ իշխող այն ուժին, որը տարիներ շարունակ չի իրականացնում անհրաժեշտ բարեփոխումներ, որպեսզի Հայաստանը կրկին կարողանա օգտվել հարյուրավոր միլիոնների հասնող այդ ծրագրից: Վստահությամբ կարելի է պնդել, որ ՀՀ վարչապետի անունով մի քանի տարի առաջ օֆշորում գրանցված եւ շահութաբեր գործունեություն ծավալած ընկերության, Երեւանի քաղաքապետի առեղծվածային կարողությունների, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի, պետեկամուտների ղեկավարի եւ շատ այլ պետական չինովնիկների ունեցվածքի ծագման վերաբերյալ հիմնավոր բացատրությունների բացակայությունը ուղիղ կապ ունի այն բանի հետ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հիմա արդեն հրապարակային է խոստովանում, որ Հայաստանի հակակոռուպցիոն ցուցանիշները չեն բավարարում ծրագրի վերականգնման համար: Այս աղմկոտ փաստերը մեր աչքի առաջ ունենալով՝ մենք ինչպե՞ս պետք է հավատանք, որ ՀՀ կառավարությունը «պայքարում է»  կոռուպցիայի դեմ: Քանի դեռ շարունակում են պաշտոնավարել կոռումպացված պաշտոնյաներ` ի՞նչ պայքարի մասին է խոսքը: Հենց այդ պաշտոնյաներն էլ արգելակում են թե՛ «Հազարամյակի մարտահրավերի» ծրագրի գործունեության շարունակությունը Հայաստանում եւ թե՛ առհասարակ երկրի հետագա զարգացումը:

Հայաստանի համար կենսական նշանակության նման խնդիրների շուրջ առաջատար մեկնաբանների եւ լրատվամիջոցների լռությունը եւ այլ` երկրորդական խնդիրների վրա կենտրոնացումն է ուղղորդվում ՀՀ նախագահականից, քանի որ վերջինիս ձեռնտու չէ վերհանել այն պատճառները, որոնք արգելակում են կենսական նշանակության ծրագրերի իրագործումը Հայաստանում:

Վլադիմիր Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով