19.06.2013 22:51

Սիրուն չի, Սրբազա՛ն հայր…

 Սիրուն չի, Սրբազա՛ն հայր…
Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Ժամանակ առ ժամանակ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ճի՛շտ հայտնի ճայ զարկող Վարդան Այվազյանի նմանությամբ, սեւեռուն մտքեր է ունենում լրատվամիջոցների ծախվածության եւ ստախոսության շուրջ: Հասկանալի է. լարված է մարդը վերջին օֆշորային պատմությունից հետո՝ բենթլիասեր իր սանիկի հետ միասին հանրության բերանն ընկած ծամոնի դերակատարումից:

Բայց ո՞վ է մեղավոր: Արդյո՞ք` լրատվամիջոցները: Եւ ինչու՞ պիտի խելքը գլխին մարդը դույզն-ինչ հավատ ընծայի արքեպիսկոպոսի որեւէ խոսքին, եթե նույնիսկ այժմ Կճոյանը օրումեջ տարբեր բաներ է ասում ամիսներ առաջ նույն Աշոտ Սուքիասյանի կողմից իրեն նվիրած բենթլիի մասին:

Ի դեպ, այդ առիթով գործարարն իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ, այո՛, հարգանքից եւ մեծ սիրուց դրդվա՛ծ է իր կնքահորը մեքենա նվիրել: Հանրության վատ արձագանքի վերաբերյալ էլ արքեպիսկոպոսն էր հանդես եկել մի տեսակ արդարացման տեքստով` Yeravan Times-ին հետեւյալն ասելով. «Այո, ես եղել ու մնում եմ այն կարծիքին, որ թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է, քանի որ դեռեւս լուծված չէ մեր բազմաթիվ հայրենակիցների օրահացի խնդիրը: Բայց այդ մեղադրանքներն իմ հասցեին ուղղելը տեղին կլիներ, եթե բենթլին գնելու նախաձեռնողը ես լինեի: Եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այն ինձ նվիրել էր իմ մտերիմ մարդկանցից մեկը՝ սանիկս: Ես ինքս ինձ երբեք նման ավտոմեքենա չէի գնի, եթե անգամ ունենայի դրա հնարավորությունը: Փոխարենը, վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել եւ օրական 5-10 կմ երթևեկում եմ դրանով»: 

Բայց արի տես, որ Սրբազանը Nwes.am-ի թղթակցին հենց երեկ հակառակն է պնդել, մի բան էլ վիրավորել նրան ու բոլորիս: «Ո՞վ է այդ սուտը ասել, դուք կրկնում եք այդ սուտը: Եթե բոլոր լրատվամիջոցները ձեր նման սուտ են ասում, ասելիք չունեմ, իր Բենթլին իր ընկերոջ մոտ է, ոչ թե ինձ մոտ, մի հատ հարցը քննեք, ճշտեք, ստուգեք, նոր խոսեք: Ո՞վ է ասել, որ ինքն է նվիրել, այդ ի՞նչ սուտ է, խայտառակ սուտ»,-պնդել է Սրբազանը՝ հերթական անգամ մեզ մտորելու տեղիք տալով, որ ինչի մասին ամենաբարձրն ես գոռում, ի՛նքդ ունես այդ նույն արատը…

Գալով արդեն օֆշորային պատմությանն ու հետախուզման մեջ գտնվող սանիկի մասին հնարավոր տեղեկություն իմանալուն` Նավասարդ Կճոյանը, երեկ հրաշալի դաս առնելով Թոխմախի Մհերից, իրեն գողականի պես է պահել՝ ասելով` «Ի՞նչ է` քննչական մարմի՞ն եք»: Հետո էլ թե` «Ինչի՞ց գիտեք, որ ես կապի մեջ եմ իր հետ, ի՞նչ կապ ունի, որ մտերիմ եմ, ախր նենց բաներ եք ասում»…

Հիմա մի կողմ դնենք այն հանգամանքը` մեղավո՞ր է, արդյոք, արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային այս պատմության մեջ, թե՞ ոչ: Ինչ-որ տեղեկություն ունի՞ Աշոտ Սուքիասյանի մասին, թե ոչ, ստախո՞ս է, թե՞ ոչ, ժամանակավոր ամնեզիաներ է ունենո՞ւմ, թե՞ ոչ: Չեմ քննարկում նույնիսկ այն հարցը, թե իսկ ինչու՞ է այնպես ստացվել, որ Աշոտ Սուքիասյանի պատկերացմամբ` Հայաստանի Հանրապետությունում հատկապես Նավասարդ Կճոյանը կարող էր նրա բիզնեսի համար տանիք լինել` վարչապետի հետ միասին պաշտպանելով այն ամենատարբեր ոտնձգութունից:

Խնդիրն ուզում եմ բոլորովին այլ հարթության մեջ քննարկել, եւ այդ հարթության մեջ, այո՛, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն իսկապես մեղավոր է: Հայ առաքելական եկեղեցու կանոնը մեզ սովորեցնում է, որ եթե նույնիսկ կնքահայրը սովորական մեկն է, ուր մնաց` Սրբազան, սանիկի երկրորդ ծնողն է, ծխական քահանայի ամենահուսալի օգնականը, ընտանիքի եւ մկրտվողի հոգեւոր դաստիարակը, երաշխավորը, նրա քայլերի պատասխանատուն: 

Ահա թե որտեղ է թերացել Սրբազանը, ահա թե ինչու ենք հակված մտածելու, որ մանավանդ Սուքիասյանին Հայրապետական թեմի խաչքավորը դարձնելուց հետո` Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը անձա՛մբ է պատասխանատու իր բենթլիասեր սանիկի բոլոր քայլերի համար: Հակառակ դեպքում` կարող էր նաեւ հրաժարվել այդ պատվից հրապարակայնորեն: Մի Վարդան Բոստանջյանի չա՞փ էլ չկար, ով Վիկտոր Դալլաքայանի հետ կռվշտելուց հետո հրապարակայնորեն ասաց` Հրաժարվում եմ:

Բայց ո՛չ: Կճոյանը Սուքիասյանի մասին ասում է` իմ մտերիմը, իմ սանիկը, ուրեմն եւ` մեղավոր է գոնե այդքանով:

Իսկ դատո՞ղն ով է` կհարցնեք:Համենայն դեպս` ո՛չ ես: Էդքան խելք ունեմ, որ լռեմ ու սպասեմ` իր վրայի օծությունը խոսի: Թող արդարացնի` թե կարող է…

 

Գոհար Սիմոնյան