21.06.2013 20:20

Դերասան Ռոբերտ Հակոբյան. Լավ կյանքից չի, որ փախչում են

Դերասան Ռոբերտ Հակոբյան. Լավ կյանքից չի, որ փախչում են

iLur.am-ը Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանի հետ զրուցել է երկրում կատարվող զարգացումների մասին:

-Պարոն Հակոբյան, հետաքրքրվո՞ւմ եք երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներով:

-Վերջերս չեմ հետևում, որովհետև ժամանակ, կարելի է ասել, չկա, ու ճիշտն ասած՝ արդեն նույնիսկ հետաքրքիր էլ չի՝ ցավոք սրտի, որովհետև այն, ինչ որ ասվում է, ինչ խոստումներ տալիս են և այլն, ոչ մի բան չի կատարվում: Վերցնենք իմ աշխատանքը: Ես նկատում եմ, որ դրսում ավելի շատ են հետաքրքրված, և իրենց նույնիսկ ղեկավարությունն է գալիս, ներկայացում է նայում, իրենք շահագրգռված են: Մեզ մոտ, պարզվում է՝ արվեստը ոչ մեկին պետք չէ:

-Ամեն դեպքում, իրադարձություններ են կատարվում, որոնք առնչվում են բոլորին: Օրինակ, գազի գնի թանկացումը:

-Գազի գնի թանկացումն իհարկե բոլորիս հետ է առնչվում: Ցավալի փաստ է: Չնայած մեզ հանգստացրին, որ իբր պիտի աշխատավարձերն էլ բարձրանան, բայց պարզվում է՝ ոչինչ չի բարձրանում, այնպես որ՝ մենք մնացինք կոտրած տաշտակի առաջ և ոնց ենք գոյատևելու՝ Աստված գիտի:

-Ասացիք, որ չեք հետևում կատարվող իրադարձություններին: Ի՞նչն է պատճառը:

-Հասկանում ես, որ այն, ինչ խոստանում են, ոչինչ չի կատարվում:

-Իշխանությունների մասի՞ն է խոսքը:

-Այո, և ոչ միայն: Նա, ով մեզանից դիրքով բարձր է, ցավոք սրտի՝ իշխանություն է մեզ համար: Գազը թանկացրին, աշխատավարձը չբարձրացրին: Չնայած՝ առանձնապես մի բան չէր, բայց էլի լեզու կարճացնելու համար կարելի էր այդ բանը անել, չի արվում: Շատ խղճուկ, սարսափելի վիճակում ենք:

-Այս իրավիճակից ելքեր տեսնո՞ւմ եք:

-Էդքան բանը որ իմանայի, ես ձեզ հավատացնում եմ՝ կամ վարչապետ կլինեի, կամ էլ նախագահ: Ցավոք սրտի՝ չգիտեմ՝ ելք կա, թե չկա: Ես ելք չեմ տեսնում: Ինձ թվում է՝ միակ ելքը փախչելն է: Մի լավ հրեական անեկդոտ կա. երկու հրեա կանգնած խոսում են, երրորդը մոտենում, ասում է՝ ես չգիտեմ՝ ինչի մասին եք շշուկով խոսում, բայց փախչել այստեղից պետք է: Ինձ թվում է՝ հերոս ենք, որ մնացել ենք Հայաստանում:

-Այդ ամենի հետ մեկտեղ՝ արտագաղթի տեմպերն էլ են ավելանում:

-Հաճախ եմ գնում հյուրախաղերի, ես տեսնում եմ՝ լեփ-լեցուն ինքնաթիռը թռչում է դեպի դուրս: Ես հիշում եմ, գնացի Նովոսիբիրսկ, համարյա քիչ էր մնում՝ կանգնեն ինքնաթիռի մեջտեղում: Գալուց ամբողջ ինքաթիռում ընդամենը 17 հոգի էինք, որից 4 հոգի ռուս էին:

-Դուք կգնայի՞ք:

-Գիտե՞ք, գնալ կուշտ փորով հաց ուտելու համար՝ առայժմ դիմանում եմ, չեմ գնում: Եթե հիմա աշխատանքի լավ առաջարկություն լինի, իմ մասնագիտությամբ, երևի գնամ:

-Հանրապետական պատգամավորներից մեկը, օրինակ, ասում էր, որ ատում է արտագաղթողներին:

-Գլուխը պատով է տալիս: Տաք տեղից է խոսում, իսկ դա սխալ է: Գնում են, որ այստեղ չմուրան, էնտեղ երեխաների ամեն օրվա հացը ճարեն: Լավ կյանքից չի, որ փախչում են: Նա որ ասում է, տաք տեղից է խոսում: Իր բիզնեսը ունի, ու հավատացնում եմ՝ արտասահմանում երևի մի քանի հատ տուն ունի, բիզնես ունեն: Յուրաքանչյուրի տակը փորես, հաստատ կարողություն էլ ունեն, բիզնես էլ ունեն և այստեղ մեծ-մեծ խոսում են: Էդպես պետք է խոսեն, բա ի՞նչ պետք է անեն: Իսկ ով փախչում է, ով գնում է, նա ոչինչ չունի: Հրազդանից մեկը եկավ, մտավ տոմսարկղ, ասաց՝ Հրազդանում երեք սենյականոց բնակարան ունեմ, տալիս եմ, ինձ դրա դիմաց 4 հատ Ամերիկայի տոմս տուր, էնքան որ էստեղից գնա: Ուր է գնում, ինչ է գնում՝ չգիտեն: Գնան մենակ, ի վիճակի չեն մարդիկ երեխեքին պահել, ահավոր վիճակ է: 

Զրուցեց Արա Հարությունյանը