09.10.2012 22:59

Ավստրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ ուսանողներին

Ավստրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ ուսանողներին

Հոկտեմբերի 6-ին Վիեննայում ՀՀ դեսպանությունում կայացել է հանդիպում Ավստրիայում ուսանող հայ երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցել են Վիեննայի և Գրացի տարբեր համալսարաններում բժշկություն, պատմություն, երաժշտություն, դիվանագիտություն, տնտեսագիտություն, փիլիսոփայություն ուսանող և վերապատրաստվող, Ավստրիայում բնակվող, ինչպես նաև Հայաստանից, ու տարբեր այլ երկրներից ժամանած հայ երիտասարդներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Միջոցառումը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Վիեննայում ՀՀ դեսպանությունը՝ Ավստրիայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության աջակցությամբ, միտված էր դեսպանության և հայ երիտասարդության միջև մշտական կապերի և համագործակցության հաստատմանը:

Հանդիպման ընթացքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Վիեննայում գործող ՀՀ դեսպանության ծրագրերն ու խնդիրները, երկկողմ և բազմակողմ գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ վերջին զարգացումները, Հայաստան-Սփյուռք և դեսպանություն-ավստրահայ համայնք հարաբերությունների կարևորությունն ու նշանակությունը:

Միջոցառման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հիմքի վրա դնել նմանատիպ հանդիպումների ձևաչափը: