28.06.2013 16:47

Վլադիմիր Կարապետյան. Ոտքի վրա հայտարարություններ անելն արդարացված չէ

Վլադիմիր Կարապետյան. Ոտքի վրա հայտարարություններ անելն արդարացված չէ

Ինչպես հայտնի է, փորձելով մեղմել Լեհաստան այցելածՍերժ Սարգսյանի միջազգային հերթական ձախողման  հետեւանքները (հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի` արտաքին քաղաքական «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքի վերաբերյալ հայտարարությանը անսովոր կոշտ կերպով էր արձագանքել Լեհաստանի նախագահը՝ հակադարձելով. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական տիրույթներում միաժամանակ։ Դուք պետք է ընտրություն կատարեք», խմբ.) ՝ փոխարտգործնախարար Շ.Քոչարյանը հայտարարել է, թե «Հայաստանը երբեք չի դրել նպատակ անդամակցել ԵՄ-ին»: iLur.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս  հայտարարությունը՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ սա բավականին միանշանակ հայտարարություն է, որը, «եթե չեմ սխալվում, առաջին անգամ է արվում որեւէ պաշտոնյայի կողմից»:

«Առհասարակ՝ դիվանագետները պետք է տիրապետեն նման կարեւոր հարցերում բոլոր նյուանսներին եւ անեն հնարավորը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու հնարավորությունները բաց պահելու համար: Շ. Քոչարյանի ղեկավարը Լեհաստանում ստիպեց հասկանալ, որ հինգ տարվա ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքների մեջ որեւէ փոփոխություն չի եղել»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի ասած՝ «Հայաստանը գործում է «ե՛ւ-ե՛ւ» սկզբունքով»` 1998-2008 թթ. Հայաստանի արտաքին քաղաքականության նույն փոխլրացման սկզբունքի կրկնությունն է (դրա ավելի պարզունակ տեսակը):

«Հիմա, եթե չկա փոփոխություն հիմնական վեկտորներում, նշանակում է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում էլ պետք է ճկուն, բաց հնարավորություններով քաղաքականություն վարել: Նախկինում, երբ մեզ ուղիղ հարց էր տրվում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հնարավորության մասին, պատասխանը հետեւյալն էր. «Այսօր նման հարց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա»: Սա բավականին բազմանշանակ, միեւնույն ժամանակ՝ ապահով հայտարարություն էր: ԵՄ-ի վերաբերյալ նույն հարցին ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների պատասխանը նույնիսկ ավելի ճկուն էր. «ԵՄ-ն էլ այսօր պատրաստ չէ ընդունել Հայաստանը՝ որպես ԵՄ լիիրավ անդամ»: Նույնիսկ ոչ մասնագետների համար պարզ է, որ մենք որեւէ դուռ չէինք փակում, որեւէ հնարավորություն չէինք սահմանափակում, եւ ապագայում (այդ ապագան կարող էր լինել 2 ամիս կամ 10 տարի անց) մենք ազատ էինք մեր գործողություններում: Մեր գործընկերներն էլ ըմբռնումով էին մոտենում, եւ որեւէ մեկի մեջ հարցեր չէին առաջանում. ամեն բան պարզ էր, բոլոր մեր գործընկերների համար մենք ունեինք սպառիչ պատասխաններ-բացատրություններ: Վստահ  եմ, որ Շ.Քոչարյանի հայտարարությունը առաջացնելու է հարցեր նաեւ մեր եվրոպացի ընկերների շրջանում, որովհետեւ, առաջին հերթին, այն չի համապատասխանում իրականությանը: Ձեզ ո՞վ է ասել, որ չկա/չկար այդպիսի, գուցեեւ՝ հեռահար նպատակ: Նույնիսկ մեր ռուս գործընկերները նման կտրուկ հայտարարություն չեն անում իրենց մասին՝ հասկանալով, որ ոչ մի դեպքում պետք չէ սահմանափակել գործողությունների ազատությունը»,- նշեց Կարապետյանը:

Կարապետյանը նաեւ հավելեց, որ ծանոթանալով փոխնախարարի մեկնաբանությանը՝  Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն  խնդիրների մասին, կարելի է եզրակացնել, որ ՀՀ ԱԳՆ-ում չկան հստակ, մշակված մոտեցումներ մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

«Նման հարցերի վերաբերյալ ոտքի վրա հայտարարություններ անելն արդարացված չէ, եւ հարկավոր է ներկայացնել մշակված, անթերի պատասխաններ»,- հավելեց Վլադիմիր Կարապետյանը: