28.06.2013 18:38

Ֆլորենտինո Պերեսի ժամանակաշրջանի մարզիչները

Ֆլորենտինո Պերեսի ժամանակաշրջանի մարզիչները

Մինչ Վիսենտե դել Բոսկեի գլխավորած թիմը Բրազիլիայում պայքարում է Կոնֆեդերացիաների գավաթը նվաճելու համար, որը միակ միջազգային մրցանակն է, որտեղ նրանք չեն հաղթել, նրա նախկին թիմը՝ Մադրիդի «Ռեալը», շարունակում է փոխել մարզիչներին՝ փորձելով վերագտնել դել Բոսկեի ժամանակաշրջանի փառքը:

Ֆլորենտինո Պերեսի նոր ընտրությունը իտալացի Կարլո Անչելոտին է, ով այս պահին լավագույն տարբերակն է թվում՝ Ժոզե Մոուրինյոյի ժամանակաշրջանից հետո ավերակները կարգավորելու համար: Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը 2003-ին «Գալակտիկոսների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Իսպանիայի «Լա Լիգայում» հաղթած Վիսենտե դել Բոսկեին՝ Չեմպիոնների լիգան չնվաճելու պատճառով: 2003-ից անցել է արդեն 10 տարի, բայց «Ռեալը» այդպես էլ չի կարողանում հաղթել արդեն սևեռուն դարձած Չեմպիոնների լիգայի տասներորդ գավաթը:

Վերհիշենք վերջին 10 տարիներում Մադրիդում աշխատած բոլոր մասնագետներին, որոնք այդպես էլ չիրագործեցին Պերեսի երազանքը:

Կառլոս Կեյրուշ

Մինչ Մադրիդ տեղափոխվելը աշխատում էր Մաչեստերում՝ որպես Ֆերգյուսոնի օգնական: Փայլուն մեկնարկից հետո շատերն արդեն փետրվարին շտապեցին շնորհավորել Իսպանիայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ, բայց ամեն ինչ փոխվեց ՉԼ-ի 1/4-րդ ում «Մոնակոյին» զիջելուց հետո: Պարտվեց գավաթի եզրափակչում, տանը պարտվեց «սուպերկլասիկոյում» և առաջնության վերջին 7 խաղերից պարտվելով 6-ում՝ գրավեց չորրորդ հորիզոնականը: Այժմ աշխատում է Իրանի ազգային հավաքականում, որի հետ նվաճեց ԱԱ 2014-ի ուղեգիր:

Խոսե Անտոնիո Կամաչո

Կեյրուշի ձախողումից հետո Ֆլորենտինոյին խորհուրդ տվեցին վստահել իսպանացի մասնագետի, ով ցանկանում էր իր կազմում տեսնել ոչ թե Մայքլ Օուենին, այլ Պատրիկ Վիեյրային: Դիմացավ ընդամենը 3 շաբաթ և հրաժարական տվեց «Բայեր Լեվերկուզենից» կրած 3-0 պարտությունից հետո: Պատճառները, ըստ իսպանացու՝ «Գալակտիկոսներին չտիրապետելն ու նրա չգնահատված լինելն էր»: Վերջերս հեռացավ Չինաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, իսպանական հեռուստաընկերությունների սիրված հյուրերից է՝ որպես մեկնաբան և վերլուծաբան:

Մարիանո Գարսիա Ռեմոն

Նրա անունից արդեն պարզ էր, որ «Ռեալ Մադրիդում» նա ժամանակավոր է: Հեռացվեց դեկտեմբերին տնօրենների խորհրդի որոշմամբ՝ «ոչ համապատասխան արդյունքների պատճառով»: 2007-ին գլխավորեց «Կադիսը», որտեղից հետո չի զբաղվում մարզչական աշխատանքով:

Վանդերլեյ Լուշեմբուրգո

Բրազիլացին եկավ Մադրիդ՝ խոստանալով իր հետ բերել «գեղեցիկ ֆուտբոլ», որը պետք է ապահովեին նրա կողմից բերված բազմաթիվ բրազիլացիները: Մրցաշրջանի սկզբում «Նոր Պելեի»՝ Ռոբինյոյի խաղը որոշակի հույսեր առաջացրեց, բայց նրանք շատ շուտ թաղվեցին Ռոնալդինյոյի Բարսայի կողմից, որոնք «Սանտյագո Բերնաբեույում» 0-3 հաշվով հաղթելով՝ ավարտեցին «Գալակտիկոսների» միֆը: Կրկին ոչինչ չնվաճեց: Գլխավորում է բրազիլական «Գրեմիոն»՝ շարունակելով համարվել լատինաամերիկյան ֆուտբոլի ամենահակասական կերպարներից մեկը:

Խոսե Ռամոն Լոպես Կարո

Վերջին մարզիչը՝ մինչ Ֆլորենտինոն, որոշեց հրաժարական տալ: Կազմ վերադարձրեց Գուտիին և Ռաուլին, թիմը սկսեց համեմատաբար ավելի լավ խաղ ցուցադրել, բայց չկարողացավ հաղթահարել ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչը: Գլխավորում է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը: Շատ հեշտ կարող է ոչ ֆուտբոլային երկրներում բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, քանի որ նրան ներկայացնում են որպես Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ:

Մանուել Պելեգրինի

Ֆլորենտինոն որոշեց վերադառնալ 2009-ին է՛լ ավելի հավակնոտ նախագծով, որը կարելի էր կոչել «Գալակտիկոս 2»: Ակումբը, տրանսֆերների վրա ծախսելով մոտ 270 մլն  €, ձեռք բերեց Ռոնալդուին, Կակային, Բենզեմային, Ալոնսոյին և այն ժամանակ գերտաղանդ համարվող Ռաուլ Ալբիոլին: Թիմը շատ լավ հանդես եկավ ներքին առաջնությունում, բայց կրկին ձախողվեց ՉԼ-ում: Հիշվեց «Ալկորկոնից» կրած խայտառակ 4-0 պարտությունով: Հետագայում «Մալագայում» հաստատեց իր բարձր կարգը, այս մրցաշրջանում գլխավորելու է «Մանչեստեր Սիթին»:

Ժոզե Մոուրինյո

Եկավ, որպեսզի նվաճի իր երրորդ, իսկ «Ռեալի»՝ տասներորդ ՉԼ-ի գավաթը, որը նրան թույլ կտար «յուրահատուկից» վերածվել և կոչվել «միակը»: Առաջին իսկ «սուպերկլասիկոյում» Գվարդիոլայի Բարսայից ստացավ չմոռացվող 5-0 հաշվով ապտակ, որը, չնայած հետագա կլասիկոներում արձանագրված հաջողությունների՝ այսպես էլ չմոռացավ: Հաղթեց միայն Իսպանիայի գավաթում և «Լա Լիգայում», որտեղ մեծ դեր ունեցան Ժոզեի կողմից չսիրված իսպանացի մրցավարները: Հեռացավ ակումբի մթնոլորտին չտիրապետելու պատճառով, որտեղ անգամ նրա նվիրյալ պորտուգալացիներն էին իր դեմ դուրս գալիս: Վերադարձել է «Չելսի», որտեղ լեգենդ է ստեղծել այն մասին, թե «Իսպանիայում ավարտեց Բարսայի գերիշխանությունը»: