29.06.2013 17:50

Ս.Սարգսյանի «արեւմտամետության» միֆը. Խոստումներ եւ իրականություն

Ս.Սարգսյանի «արեւմտամետության» միֆը. Խոստումներ եւ իրականություն

Օրերս Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ պաշտոնական հանդիպման շրջանակներում Սերժ Սարգսյանը կրկին խոսել է Հայաստանի եվրոինտեգրման մասին՝ հավաստիացնելով, որ ՀՀ-ն առաջվա պես կիսում է արևմտյան արժեքները և հասարակության զարգացումը կառուցում է հենց այդ արժեքների հիման վրա («առաջվա պես» ասվածը «հետաքրքիր» հուշեր է առաջացնում մարտիմեկյան սպանությունների, մի քանի տասնյակ քաղբանտարկյալների, ընդդիմության հետապնդումների, անհասկանալի ճանապարհով միլիոնավոր կարողություններ դիզած չինովնիկներին նորանոր պաշտոնների նշանակելու մասին): Սերժ Սարգսյանն իր իշխանության տարիներին մշտապես մեծ ջանքեր է գործադրել միջազգային, իսկ ավելի շատ` հայաստանյան հանրության աչքերում եվրոպամետ կամ արեւմտամետ երևալու համար՝ իր վերահսկողության տակ գտնվող բոլոր լրատվամիջոցներով արևմտամետի կերպարը շրջանառության մեջ դնելով:

Սակայն տարակուսանք է առաջանում գործնական մակարդակում նման հայտարարությունների արտացոլումը փնտրելիս, քանի որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք միջազգային հանրության առաջարկներն ու մոտեցումները մշտապես անուշադրության են մատնվել, կամ՝ ձևական արձագանքի արժանացել:

2012 թ-ի ԱԺ ընտրություններից հետո միջազգային հանրությունը լուրջ քննադատություն հնչեցրեց Հայաստանում իրականացված ընտրությունների կապակցությամբ՝ կասկածի տակ դնելով նման ընտրական մեխանիզմների պայմաններում թափանցիկ քվեարկության անցկացումը և ժողովրդավարական որոշումների կայացումը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ընտրական զեկույցներից բացի հայաստանյան իրավիճակին անդրադարձ կատարեց նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը, որի՝ Մարդու իրավունքների վիճակը 2012թ-ին զեկույցում մասնավորապես նշվում է. «Օրենսդիր մարմնի մայիսի 6-ի ընտրություններում տեղ գտած արատների թվում էին իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսների օգտագործումը, քվեներ գնելու մասին հավաստի պնդումները, բողոքարկման ևբողոքների քննության գործընթացների թերությունները, ինչպես նաև ընտրական օրեսնգրքում դեռևս առկա թերությունները՝ չնայածբարելավումներին»:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ևս բազմիցս քննադատել է 2012թ-ի խորհրդարանական ընտրությունները՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումների ժամանակ նախ և առաջ շեշտադրելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկած հանձնարարականների իրագործումը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանյան իշխանությունները պետք է ավելին անեն օրենքների գործարկման ուղղությամբ:

ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների առաջարկած հանձնարարականների իրագործումը կարևորել են նաև այնպիսի հեղինակավոր միջազգային ատյաններ ինչպիսիք են Եվրոպական Խորհրդարանը և Եվրամիությունը: «Ընտրությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկրում անցկացվող ընտրությունները ամբողջովին համապատասխանեն միջազգային ճանաչում գտած ժողովրդավարական չափանիշներին: Կոչ ենք անում հայաստանյան իշխանություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արձանագրված թերությունների ուղղությամբ աշխատանքը առաջնային համարել՝ գալիք 2013թ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ»,- նշվում է 2012-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵՄ հայտարարության մեջ:

Հայաստանյան իշխանությունները, սակայն, գործնական քայլեր չեն նախաձեռնում՝ արհամարհելով միջազգային գործընկերների մոտեցումները: Մինչ օրս թղթի վրա են մնում 2012թ-ի ԱԺ ընտրությունների վերջնական զեկույցի մաս կազմող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հանձնարարականները, որոնց իրագործման դեպքում երկրում էապես կփոխվեն ընտրական մեխանիզմները և կփակվեն ընտրակեղծիքներ կատարելու բոլոր սողանցքները: Բացի այդ, իշխանությունը համառորեն տապալում է ընդդիմադիր քաղաքական ուժերի մշակած ընտրական բարեփոխումների բոլոր ծրագրերը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ շահագրգռված չէ ընտրական օրենսգրքի բարելավման հարցում: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ արևմտամետության մասին Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարությունները ձևական բնույթ են կրում և միջազգային ատյաններին հաճոյանալու միջոցով սեփական կառավարության անկարողությունը քողարկելու միտում ունեն:

Եվա Թովմասյան