29.06.2013 18:33

Լիզա Ճաղարյան. «Իրեք մանեթանոց» լաց լինողների պակասություն չենք քաշում

Լիզա Ճաղարյան. «Իրեք մանեթանոց» լաց լինողների պակասություն չենք քաշում

Էս մագնիսական փոթորիկը՝ մի կողմից, ազգիս «բարոյականների» ողբուկականն էլ՝ մյուս կողմից… Ինչու՞ են այսպես հուզվել սրանք: Մեկը, պարզվում է, բարի է. նուրբ սիրտը չի դիմանում, որ ընկածին խփում են: Ընկածն էլ ո՞վ է… Լիսկան: Հենց այն նույն Լիսկան, ում ապարանքի մատույցներում վերջերս մարդ սպանվեց, մեկն էլ հազիվ ազատվեց մահվան ճիրաններից: Իսկ թե դրանից առաջ քանի-քանիսն են կյանքին հրաժեշտ տվել այս նույն Լիսկայի անմիջական կամ անուղղակի աջակցությամբ, մեկը գիտենք, տասը չգիտենք:

Վերջապես, որտե՞ղ է «ընկած» Լիսկան: Որքան որ Հայաստանի հասարակությունն է տեղյակ՝ այս մարդն այս պահին փողոցում սովահար նստած ողորմություն չի մուրում բարի անցորդներից, որ մի քանի լումա էլ մենք տանք մեր հոգու հանգստության համար: Ոչ էլ՝ բանտախցում է փակված, եւ իր հարազատները դռնեդուռ ընկած պարտք են խնդրում իրենց փողատեր շրջապատից, որ «տուլիկ» հասցնեն փադիշահի կյանքին ընտելացած Լիսկային, որ այս «ընկածը» չմնա բանտային «խորտիկների» հույսին:

Լրատվամիջոցները, բարեբախտաբար, թույլ չեն տալիս, որ անորոշության խորխորատներում տվայտվեն ու հալումաշ լինեն «բարոյականները», եւ պարբերաբար աչքալուսանք են անում, որ Լիսկան ապրում է երեւանյան բարձրակարգ հյուրանոցում, սնվում է բարձրակարգ ռեստորաններում: Այնպիսի հյուրանոցում եւ այնպիսի ռեստորանում, որտեղ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների 99,9 տոկոսը չի կարող ապրել կամ սնվել, այլեւ այս մարդկանց մեծամասնությունը երազել անգամ չի կարող նման բարեբախտություն, որովհետեւ տեղյակ էլ չէ, որ նման հյուրանոց կամ ռեստորան գոյություն ունի:

Թե՞ Լիսկան արտագաղթի ճամփան է բռնել հազարավոր Հայաստանի քաղաքացիների նման՝ անխիղճ հասարակությունից հազիվհազ մի քանի մայկա-տրուսիկ փախցնելով ու բոխչա անելով: Չէ, հույս չունենաք. այս «ընկածն» այստեղ այնքան հարստություն է կուտակել այդ նույն արտագաղթողներին թալանելով, որ փայտով էլ քշես՝ չի հեռանա Հայաստանից:

«Բարոյականները» նույնիսկ հեգնում են նրանց, ովքեր սկսել են բարձրաձայնել Լիսկայի անցյալ «քաջագործությունների» մասին: Պատկերացնու՞մ եք, նախկինում վախենում էին, հիմա այս մարդկանց վախը նվազել է՝ Լիսկան այլեւս ի պաշտոնե ողջ Սյունիքի ահուսարսափը չէ (սա թվացյալ տպավորություն է, Սյունիքում դեռ քար լռությունն է իշխում), եւ տարիներ շարունակ լռող մարդկանցից մի քանիսը համարձակվել են խոսել: Եւ այս «բարոյականները»՝ քաջալերելու փոխարեն, որ մնացածները նույնպես չվախենան, դատապարտում են «ընկածին» խփողներին, հետն էլ չեն խորշում էժանագին ինքնագովազդից՝ իրենք ախր ուրիշ են, հո դրանց նման չեն, իրենք հենց տեսնում են «ընկածին», գետնից բարձրացնում են, դնում իրենց փափլիկ ծնկներին ու փայփայում:

Մեկն էլ, ահա, թերթերից մեկում էժանագին բաժակաճառ է ասում Լիսկայի «բարեմասնությունների» մասին եւ տարակուսում՝ ի՞նչ վախենալ, ինքը, է՜, քանի անգամ է գնացել Գորիս, բնականաբար, Լիսկայի հետ ուտել-խմելու ու հե´չ չի վախեցել, չալաղաջը կոկորդում չի մնացել:

Մագնիսական փոթորիկը մարդկանց առողջության վրա է ազդում, ուղեղի գործունեությունը չի խաթարում, եւ «բարոյականների» այս էժանագին ելույթներից ընդամենը շատ ծանոթ գարշահոտ է փչում՝ Լիսկան ոչ միայն «ընկած» չէ, այլեւ օրերից մի օր առնվազն Տիգրան Սարգսյանը եւս մեկ մեդալ կկախի այս պարոնի դոշից, ինչպես օրերս «արդարադատ» Աղվանի «բրեժնեւյան» դոշից կախեց:   

Լիզա Ճաղարյան