02.07.2013 16:08

Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը միջուկային զենքի կարիք չունի

Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը միջուկային զենքի կարիք չունի

Թեհրանն ատոմային զենք ունենալու իմաստը չի տեսնում, այսօր «Ռաշա թուդեյ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Մեզ ատոմային զենք պետք չէ: Մի՞թե մենք կարող ենք այն կիրառել: Այն պիտանի չէ: Մարդկությունն արդեն ապրել է իր պատմության այդ փուլը, երբ կարելի էր ատոմային զենք կիրառել»,- ընդգծել է Ահմադինեժադը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև՝ Արևմուտքի մի շարք երկրներ ու Իսրայելը, կասկածում են, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում՝ խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ: Թեհրանը պնդում է, որ այդ ծրագիրը բացառապես ուղղված է երկրի էլեկտրական էներգիայի պահանջմունքները բավարարելուն: Իրանի  միջուկային ծրագրի շուրջ Իրանի և միջազգային «5+1» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ+Գերմանիա) բանագնացների բանակցությունների հերթական ռաունդը տեղի կունենա Իսլամական Հանրապետության նոր կառավարության ձևավորումից հետո: Ահմադինեժադը, որի լիազորություններն ավարտվում են օգոստոսի 3-ին, երբ պաշտոնը կստանձնի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին, ընդգծել է, որ իր երկիրը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ երկխոսությություն վարելու օգտին, սակայն միայն հավասար հիմունքներով: «Ուղիղ երկխոսությունը խնդիրները լուծելու լավագույն միջոցն է: Մենք ամենասկզբից էլ հայտարարել ենք դա: Բայց եթե մեկը մուրճ է թափահարում գլխավերևումդ և առաջարկում երկխոսություն սկսել՝ դա հազիվ թե հնարավոր է անել: Երկխոսությունը հավասարություն է ենթադրում և չի կարող ծառայել որպես բռնության միջոց»,- ընդգծել է Իրանի նախագահը, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը: