10.10.2012 13:37

Տիգրան Սարգսյան. Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են

Տիգրան Սարգսյան. Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են

Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է iLur.am-ը, այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Անցյալ շաբաթ ես այցելել էի Շիրակի մարզ: Պետական բյուջեից 270 միլիոն դրամ է հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար: Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով՝ մոտ 200 միլիոն դրամը փոշիացած է: Ստացվում է, որ մենք այդ ծախսերն անիմաստ ենք արել»,- դիմելով նախարարներին՝ ասաց Սարգսյանն ու հավելեց, որ իրենք ուշադիր հետևելու են այս գործընթացներին, ու մեղավորներն անպայման պատժվելու են:

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև ֆինանսների նախարարությանը՝ նշելով, որ նախարարության ներքին աուդիտի ամեն տարվա հաշվետվություններում թերություններ կան: Հանձնարարականներ են տրվել՝ դրանք ուղղելու համար:

«Այսուհետ այդպես չի լինելու, այսուհետ անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր թույլ են տվել խախտումներ»,- ասաց Սարգսյանը: