03.07.2013 13:49

Իրանահայ պատգամավոր. Իրանի հայ համայնքի գերխնդիրը մնում է հայոց ցեղասպանության հարցը

Իրանահայ պատգամավոր. Իրանի հայ համայնքի գերխնդիրը մնում է հայոց ցեղասպանության հարցը

«Իրանի հայ համայնքը գրեթե բոլոր հոսանքների հետ ակտիվ կապի մեջ մտավ, հայ համայնքը ներկայացրեց իր պահանջները ապագա նախագահին, որտեղ, բնականաբար, առաջին հերթին՝ հայոց ցեղապանության ճանաչման ու դատապարտման խնդիրն էր»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նա հավելեց, որ իրենց մյուս պահանջը հայ կամ կրոնական այլ փոքրամասնությանը պատկանող մասնագետի ներառումն էր գործադիր իշխանության մեջ, օրինակ՝ նախարարի կամ նախագահի օգնականի պաշտոնում:

«Այս պահանջներով հանդես եկանք, դրեցինք մեր խնդիրները, թեկնածուներից բոլորն էլ ընդառաջեցին այս պահանջներին, և մենք հետընտրական պրոցեսներում այդ ընդհանուր հենքի վրա նոր հարաբերություններ ու կապեր կստեղծենք նորընտիր նախագահի հետ: Հայ համայնքի գերխնդիրը մնում է հայոց ցեղասպանության հարցը»,- նշեց Խանլարյանը:

Նա ասաց, որ ցեղասպանության փաստի դատապարտումներ եղել են ֆունդամենտալիստ հոսանքի կողմից, արդեն նախկին նախագահ Ահմադինեժադը ևս մի քանի անգամ դատապարտել է: Խանլարյանի խոսքով՝ այժմ հայ համայնքը նորընտիր նախագահ Ռոուհանիից ակնկալում է, որ նա ցեղասպանւթյան պաշտոնական ճանաչման հարցը պահի օրակարգում:

Անդրադառնալով իրանցիների սպասելիքներին՝ խորհրդարանի պատգամավորը նշեց, որ ժողովուրդը փորձում է իր տնտեսական հարցերի լուծումը կապել նոր նախագահի հետ, այդ պատճառով բոլոր թեկնածուներն էլ հիմնականում իրենց նախընտրական ծրագրերը կառուցել էին այդ հիմքի վրա:

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած ընտրություններում Իրանի նախագահ է ընտրվել ռեֆորմատորների ներկայացուցիչ Հասան Ռոուհանին: Ընտրություններին մոտ 37 մլն մարդ է մասնակցել, ինչն ապահովել է մասնակցության 72,7 տոկոսը: