10.10.2012 14:17

Գոմեշի մսի գործով պաշտոնանկ արված շտաբի պետի տեղակալի դեմ մեղադրանք չի առաջադրվել

Գոմեշի մսի գործով պաշտոնանկ արված շտաբի պետի տեղակալի դեմ մեղադրանք չի առաջադրվել

«Զորամասերին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու համար Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար», - iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել: Ավագ սպա Սարգսյանը չէր տիրապետում մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, թե Արշալույս Փայտյանը մեկնել է արտասահման:

iLur.am-ի այն հարցին, թե արդյոք բավարար վերահսկողություն կա՞, որպեսզի այլևս գոմեշի միս չմատակարվի զորամասերին, Մերի Սարգսյանը կրկին դժվարացավ պատասխանել: