03.07.2013 21:27

Ինչ «բորշ» է եփում Սերժ Սարգսյանը

Ինչ «բորշ» է եփում Սերժ Սարգսյանը

Դժվար է ասել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը շախմատիստ Գաբրիել Սարգսյանին քավորություն անելու համար ընտրել հունիսի 28-ը՝ իր ծննդյան օրվանից ընդամենը երկու օր առաջ:

Առաջին հայացքից, այդ երկու իրողությունների մեջ չի կարող լինել ոչ մի պատճառահետեւանքային կապ: Բայց, նախ, Գաբրիելի հարսանիքը բավական խորհրդանշական է իշխող համակարգի հենց ներկայիս իրավիճակի առումով, ու դրանից բացի՝ հունիսի 28-ին դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Տիգրան Սարգսյանը վարչապետի հուշամեդալով ու շնորհակալագրով պարգևատրել է մի շարք դատախազների, այդ թվում՝ Աղվան Հովսեփյանին: Հավանաբար Սերժ Սարգսյանն ընտրել էր հունիսի 28-ը, որպես պարգեւատրման ակցիայի իրադարձային մրցակցություն, որը կարող էր առնվազն կիսել հանրային ուշադրությունը:

Հաջողվե՞ց դա Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ, դժվար է ասել: Հանրային ուշադրության սոցիոլոգիական պատկերը հայտնի չէ, առավել եւս, որ այդ հարցում Սերժ Սարգսյանի դաշնակիցն են գրեթե բոլոր հեռուստաալիքները եւ ԶԼՄ-ները, որոնց եթերում Սարգսյանի մասնակցությամբ միջոցառումներն ավելի մեծ տեղ են զբաղեցնում, քան ցանկացած այլ իրադարձություն:

Բայց, դա իհարկե կարող է լինել հարսանիքին մասնակցելու օրվա ընտրության շարժառիթներից մեկը, եւ անկասկած ոչ գլխավորը, որովհետեւ այդուհանդերձ հազիվ թե Տիգրան Սարգսյանի կողմից Աղվան Հովսեփյանին ցուցաբերած սիրալիր ու ջերմ ուշադրությունը իշխանության համար ունենար ծանր հետեւանքներ:

Ավելին, գլխավոր շարժառիթը անկասկած առավել լայն ընդգրկում ունեցող խնդիր էր: Սերժ Սարգսյանը նախօրեին այց էր կատարել Լեհաստան, որը ըստ հայաստանցի եւ բրիտանացի գիտնականների համատեղ հետազոտության՝ հանգուցային այց էր Հայաստանի Եվրաինտեգրացիայի քաղաքականության գործընթացում կամ Եվրաինտեգրացիայի իմիտացիայի գործընթացում: Ավելի շուտ, Լեհաստան կատարած այցն, ըստ ամենայնի, պետք է քիչ թե շատ որոշակի ցույց տար, թե ինչի հետ գործ ունենք՝ քաղաքականությա՞ն, թե՞ իմիտացիայի:

Այդ ֆոնին, հետաքրքրական է Հայաստանի ներիշխանական վիճակը, որտեղ բացահայտվեց Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային սկանդալը, իսկ ապա եղավ նաեւ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Իսկ Տիգրան Սարգսյանի պարագան Հայաստանի իշխանության մեջ վերածվել է առանցքային կետի, քանի որ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի եվրաինտեգրացիայի քաղաքականություն-իմիտացիայի ծիրում թերեւս միակ իրեղեն ապացույցն է: Իր անձնական օրինակով վաղուց արդեն ԵՄ-ի հետ ասոցացված, եւ հատկապես ԵՄ անդամ Իսպանիայի հետ ջերմ բարեկամական կապեր հաստատած Տիգրան Սարգսյանը՝ նաեւ իր վարքով է ապացուցում, որ ինքը իսկական եվրոպական մտքի կրող է: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի համար այն վահանն է, որին վերջինս պարբերաբար դեմ է տալիս եվրոպացիներին:

Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հենց Լեհաստանից վերադարձից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ նրա մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրելուն: Չի բացառվում, որ Լեհաստանում Սերժ Սարգսյանին ինչ-որ ակնարկներ են արել Տիգրան Սարգսյանի մասին:

Պատահական չէր նաեւ այն աթոռի երանգների ընտրությունը, որի վրա նստեցրել էին Տիգրան Սարգսյանը: Ավելին, քանի որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, ուստի պատահական չէր նաեւ այն, որ ջրի շիշն ու բաժակը դրված էր ոչ թե Տիգրան Սարգսյանի, այլ՝ Արթուր Բաղդասարյանի դիմացը: Դրանով Սերժ Սարգսյանը թերեւս Տիգրան Սարգսյանին է փոխանցում այն մեսիջը, որը ինքը ստացել էր Լեհաստանում: Այն, որ արեւմուտքի համար Արթուր Բաղդասարյանն ավելի լավ վահան է, քան՝ Տիգրան Սարգսյանը: Բացի դա, Տիգրան Սարգսյանը նաեւ միրուք է պահում, ինչը բավականին դժվարացնում է վահանի գործունեությունը:

Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այն, որ բաժակն ու ջուրը դրված չեն եղել Տիգրան Սարգսյանի դիմաց: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը դրանով շտապեց հանգստացնել սեփական փեսա Միքայել Մինասյանին, ով նույնպես արեւմտամետ երեւալու հակումներ է ցուցաբերում: Միեւնույն ժամանակ, այստեղ, իհարկե, զուտ ջրի ու փեսայի հարցը չէ:

Հանրությունը Հայաստանի իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի առաջ վաղուց է դնում հստակ պահանջներ, եւ պահանջում է դրանք լուծել անհապաղ: Սերժ Սարգսյանը բնականաբար ձգում է այդ լուծումները, որովհետեւ դրանք նրա համար ամենեւին հեշտ չեն, քանի որ եթե նա հեռանա իշխանությունից, ինչպես պահանջում է հանրությունը, ապա որեւէ երաշխիք չկա, որ որոշ ժամանակ անց ինքը չի հայտնվի Վազգեն Խաչիկյանի «կամերում»:

Մյուս կողմից էլ արեւմուտքը Սերժ Սարգսյանին լեգիտիմության գրեթե անվերապահ պաշարով է օժտել՝ օգնելով վերջինիս քաղաքական դաշտը ամայացնելու եւ ԶԼՄ-ները մենաշնորհելու հարցում, որպեսզի Սերժ Սարգսյանը չունենա բավարար իշխանություն չունենալուն հղում անելու հնարավորություն եւ կետ առ կետ կատարի իրենց կողմից առաջ քաշված պահանջները՝ մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցում:

Սերժ Սարգսյանն, իհարկե, շատ կցանկանար ոչինչ չանել, մինչեւ անմիջականորեն չզգա ճնշման որեւէ գործիքի հպում: Եւ հարցն այն է, թե արդյո՞ք նրան դա թույլ կտան այս անգամ էլ ժամանակ ձգել:

Այդ իմաստով, հայկական մամուլում օրերս բավական հետաքրքրական տեսանյութ է հրապարակվել՝ Սերժ Սարգսյանի՝ լրագրողներից բառացիորեն փախչող փեսայի մասնակցությամբ: Վերջինս այդ տեսանյութում նոր՝ ա լյա Սոբչակ ակնոցներով է, որով նա, ըստ երեւույթին, ցանկանում է ուժեղացնել իր արեւմտյան իմիջը:

Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ չկան հավերժական բարեկամներ/ փեսաներ ու թշնամիներ, չկան հավերժական սեր ու ատելություններ: Կան խնդիրներ, որոնք պետք է լուծել, ու հետեւաբար կամ լուծում ես դրանք, կամ հայտնվում լուծման կարիք ունեցող խնդիրների շարքում: Եւ ինչպես երեւում է, Սարգսյանը ցանկանում է հայտնվել երկրորդ շարքում:

Բադալ Հակոբյան

«Դորդուբեշ» գլոբալ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների փորձագիտական կենտրոն

Նյութի մուսան՝ «Ինչ ճաշ էր եփում Սերժ Սարգսյանը»