10.10.2012 14:30

ԱԱԾ-ը կանխել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրանքի փորձը

ԱԱԾ-ը կանխել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հերթական սադրանքի փորձը

Ս.թ  սեպտեմբերի  24-ին ՀՀ  իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, որը  հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի  դիմաց  պայթյունների տեսքով ահաբեկչական  գործողություններ կատարել  Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը  Զ. Օտաժոնովը հիմնավորել է  նրանով, թե 2012թ.  ընթացքում աշխատել է  Բաքու քաղաքի   շինարարական  կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ  կազմակերպության  տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն  կատարված  աշխատանքի  դիմաց, ինչի  պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել  ադրբեջանցիների հանդեպ:

Ինչպես ilur.am-ին հայտնեցին ԱԱԾ Մամուլի կենտրոնից, ձեռնարկված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  պարզվել է, որ վերջինս ՀՀ ԱԱԾ  մարմիններին դիմել է Ադրբեջանի  հատուկ ծառայությունների  ուղղորդմամբ  և նրա  գործողությունները ոչ այլ ինչ են, քան սադրանք: Ադրբեջանական կողմի  այս  քայլերը նպատակ են հետապնդել միջազգային  տարբեր ատյաններում և  ԶԼՄ-ներում իրականացվող  հակահայկական  քարոզչությունում  Հայաստանը  ներկայացնել որպես ահաբեկչական  գործողություններ  կազմակերպող և հովանավորող երկիր:

Ուշագրավ է, որ Զ. Օտաժոնովին Հայաստան  ուղարկելը  կազմակերպվել է Ադրբեջանի  իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլկ Սաֆարովին ազատ արձակելու  ու հերոսացնելու արդյունքում  քաղաքական դժվարին իրավիճակում  հայտնվելու ժամանակաշրջանում:

Այսպիսով, Ադրբեջանի համապատասխան մարմինները փորձել են ուղղակիորեն օգտագործել Զ. Օտաժոնովին`միջազգային հանրության շրջանում Ռ. Սաֆարովի շուրջ ստողծված դժգոհության ալիքը մեղմելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը  բազմիցս  հայտարարել և ապացուցել է, որ ահաբեկչական ցանկացած գործողություն  անընդունելի և դատապարտելի է, սակայն, այդ ու հանդերձ ադրբեջանական կողմն իր գործած հանցանքները հնարավորինս կոծկելու համար դիմել է նման անհեթեթ արկածախնդրության:

            Ըստ ԱԱԾ Մամուլի կենտրոնի՝ Զ. Օտաժոնովը վտարվել է Հայաստանի Հանրապետությունից: