10.10.2012 14:38

Կրթություն ստանալու համար աղքատ ընտանիքների երեխաներին լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն

Կրթություն ստանալու համար աղքատ ընտանիքների երեխաներին լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն

Կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն՝ «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին լրացուցիչ հնարավորություններ կընձեռվեն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար: Ինչպես հայտնում է iLur.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Համապատասխան սանդղակի հիման վրա այդ ուսանողերին կտրամադրվի փոխհատուցում՝ ուսման վարձի հիսունից հարյուր տոկոսի չափով: Այս համակարգը կգործի հաջորդ տարվա սեպտեմբերի մեկից: Հազար ուսանող հնարավորություն կստանա կրթությունը շարունակելու՝ առանց մտահոգվելու ընտանիքի սոցիալական խնդիրների մասին», - նշեց Աշոտյանը:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա կրթական գործընթացներից:
Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին կհատկացվի 6,2 միլիոն դրամ՝ Ազգային ճարտարագիտական լաբորատորիա ստեղծելու համար: Աշոտյանի համոզմամբ՝ սրա շնորհիվ Պոլիտեխնիկը կդառնա առավել արդիական ու ժամանակակից ուսումնական հաստատություն: