04.07.2013 21:22

Կեղծ ընդդիմադիր մամուլ ներկայանալն այլեւս ապահով չէ

Կեղծ ընդդիմադիր մամուլ ներկայանալն այլեւս ապահով չէ

Վերջին ամիսներին իշխանությունը մի մոտեցում է դրել շրջանառության մեջ, թե քանի որ նախկին ընդդիմադիր ԶԼՄ-ները  տոտալ «փեսաֆիկացման» ծրագրի շրջանակներում այլեւս ամբողջությամբ չեն կարողանում կատարել իրենց առջեւ դրված պլանը, իշխանությունը ստիպված է իր վրա վերցնել նախկին ընդդիմադիր մամուլի վերադաստիարակության գործառույթները եւ նաեւ հանդես գալ նրանց տեղեկատվական թեմաների տրամադրման նախաձեռնությամբ: Այսպես ասած, պասերով, պասերով:

Մի ժամանակ ծիծաղ էր առաջացնում իշխանական տարբեր օլիգարխներից սնվող ԶԼՄ-ների այն պնդումները, թե իրենք ոչ իշխանության կողմից են, ոչ՝ ընդդիմության, իրենք այդպես ասած՝ «չեզոք են»: Դրանից հետո իշխանության կողմից բացահայտորեն ֆինանսավորվող եւ հովանավորվող ԶԼՄ-ների պնդումներն իրենց ընդդիմադիր լինելու մասին արդեն ծիծաղ չեն առաջացնում, որովհետեւ կարծես թե գործ ունենք Հայաստանի քաղաքական կյանքի հերթական պաթոլոգիայի հետ:

Այն, որ չեզոք մամուլի լինել-չլինելու հարցում, մեղմ ասած, կա խնդիր, ակնհայտ է: Բայց թե ինչպես են այդ դեպքում իշխանության կողմից հովանավորվող ԶԼՄ-ներն իրենք իրենց ընդդիմություն հայտարարում, դա եւս ակնհայտ է, բայց արդեն ակնհայտ է որպես տարօրինակություն:

Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հայտնի օֆշորային պատմությունը:  Եթե փորձենք առաջնորդվել նորմալ տրամաբանությամբ, ապա այն մինչեւ վերջ հետապնդելու կամ «տաք պահելու» հարցում պետք է որ առաջին հերթին շահագրգռված լինեն բոլոր այն ԶԼՄ-ները, ովքեր պնդում են, որ իշխանական չեն:

Բայց ինչ է կատարվում լրատվական դաշտում, որտեղ ինչպես նշեցինք, մի զգալի մաս իրեն ոչ իշխանական է հայտարարում: Իսկ կատարվում է այն, որ իրենց ոչ իշխանական մամուլ հռչակված ԶԼՄ-ների մի ստվար մասը իրենք հանդես եկան  Տիգրան Սարգսյանի փաստաբանի դերում: Համենայն դեպս, այդ ԶԼՄ-ների եւ Տիգրան Սարգսյանի ու օֆշորային պատմության մյուս հերոսի՝ Նավասարդ Կճոյանի հայտարարություններն ու պնդումները տարօրինակորեն համընկնում են:

Իրականում, սակայն, պարզ է, որ իշխանություն եւ կեղծ ոչ իշխանական մամուլ տարաբաժանում այս պարագայում չկա: Կան քաղաքական իրողություններ, որոնք պատճառ են հանդիսանում ներիշխանական հարաբերություններում արձանագրվող ցնցումների եւ դերափոխումների համար: Պարզապես, իշխանության թրի տակով անցած մամուլը թե ինքն իր, թե հասարակության համար վախենում է արձանագրել այդ իրողությունները, որովհետեւ այդ դեպքում «փեսաֆիկացված» լրատվական համակարգը կսարսափի իր իսկ ստվերից: Դրա համար էլ հնարվել է մոտեցումը, թե ԶԼՄ-ների մի ստվար զանգված ոչ թե պաշտպանում է օֆշորային սկանդալի հերոսներին, այլ որ պատահաբար նրանց մոտեցումները համընկնում են, եւ որ ինչ-որ չար ուժեր փորձում են սեւացնել եվրաինտեգրման առաջամարտիկ Տիգրան Սարգսյանի բարի եւ լուսավոր համբավը:

Մինչդեռ որքան էլ այդ մոտեցումը հնչի համոզիչ տոնով եւ դեմքի արտահայտությամբ, ներքաղաքական դաշտում բացահայտումների հաճախակիացում, ինտենսիվացում եւ խորքային դինամիկա առաջացնող պատճառները չեն մեղմանալու, որովհետեւ այդ պատճառները որքան որ երկրի ներսում են, այդքան, իսկ գուցե ավելի՝ դրսում են: Այս անգամ, ինչպես տեսանք՝ Կիպրոսում: Այդ երկրի գլխավոր դատախազը վկա: Հերթը գուցե հասնի նաեւ Շվեյցարիային, Իսպանիային, Մոնակոյին եւ այլն, եթե հաքերները հրապարակեն օֆշորային թեմաներով իրենց կողմից բացահայտված տվյալները, որոնք կարելի կլինի անվանել Օֆշորային WikiLeaks:

Բացի դա, ինչպես արդեն տեսնում ենք, իշխանական կառավարման քրեաօլիգարխիկ մոդելը սպառել է իրեն եւ այլեւս ունակ չէ որեւէ բան ստեղծել, ու ամբողջապես կլանվել է սպառման փիլիսոփայությամբ: Փակ շրջան է ձեւավորվել՝ համակարգը սպառել է իրեն, ու այդ սպառվածության զգացումից էլ հայտնվել խուճապի մեջ, ինչի հետեւանքով էլ մեծանում է եղածը կլանելու ցանկությունը, ինչն էլ ավելի է արագացնում սպառվածությունը: Եւ այս արագությամբ առաջ շարժվելով արդյունքում կունենանք բացառապես մեկ մարդու մոնոպոլիա, մեկ՝ մոնոպիոլիստ, ի դեմս Սերժ Սարգսյանի:

Եւ բնական է, որ այդ պարագայում ներքին մրցակցություն է ստեղծվել նաեւ իշխանության կողմից սնուցվող ԶԼՄ-ների շրջանում, ովքեր խնդիր ունեն չկորցնել իշխանությունից եկող ֆինանսավորումը:

Այդ իրավիճակը մեծացրել է այդ ԶԼՄ-ների քաղաքական անպատասխանատվությունը եւ մրցակությունը, ինչն իրացնելու համար անխուսափելի է դառնում ներքին որակական փոփոխությունը: Հին մեթոդներով մուտիտային քարոզչությունն այլեւս չի աշխատում: Բոլորը վաղուց բացահայտված են: Պետք է նոր բան մտածել: Համակարգը հասկանում է, որ հնարավոր չէ հին քարոզչամեթոդները մատուցել հինգ տարի շարունակ:

Միեւնույն ժամանակ, այդ համակարգը՝ հասկանալով հանդերձ, թե ինչքան են միմյանց կապող թելերը՝ հանցավոր, եղբայրական, գաղափարական, թե պարզապես բիզնես կապերը, պատկերացնում է, որ մեկ մարդու տնտեսություն ստեղծելու Սերժ Սարգսյանի ձգտումները անխուսափելիորեն զոհեր է պահանջում, որովհետեւ Հայաստանի իշխող համակարգն անխնա խժռելով ամեն ինչ՝ վերածվել է տռզած խոզի, որը բացարձակապես ունակ չէ շարժվել եւ լինել զարգացումներին ադեկվատ:

Այդ իրավիճակում, բացահայտ իշխանական մամուլ ներկայանալը վերոնշյալ ԶԼՄ-ների համար ամենեւին ապահով չէ, որովհետեւ Հայաստանի իշխանությունների հեռացման դեպքում հանրության կողմից առաջին հարվածը ստանալու է հենց այդ՝ ստի եւ մուտիլովկաների արտադրությամբ զբաղվող իշխանական մամուլը: Միեւնույն ժամանակ, իրենց համար արդեն ավելի ապահով չէ ոչ իշխանական մամուլ ներկայանալը, որովհետեւ այդ դեպքում կամ պետք է ներկայանալ ավելի ազատ եւ իսկապես անաչառ լրատվություն մատուցելու հայտ ներկայացնել, կամ էլ՝ հայտնվել զոհի կարգավիճակում՝ իշխանության հետ, կամ դրա ձեռքով գնացող «զոհի»:

Հայաստանի իշխող համակարգում ոչ ոք չգիտե, կամ շատ քչերը գիտեն, ապագայի հավանական զարգացումները, այն էլ թերեւս մոտավոր պատկերով: Այդ համատարած անորոշության պայմաններում նշյալ ԶԼՄ-ների ինքնապաշտպանական բնազդը իրենց իսկ հուշում է մի բան՝ քյաշ փողով ապահովել ներկան, քանի որ առավելագույնը, ինչին ընդունակ է իրենց կերակրող իշխանական համակարգը, դա երկրում առկա մնացած ռեսուրսները խժռելն է, եթե անգամ ռեսուրսի դերում արդեն հայտնվել են իշխանությունների նախկին կամ ներկա սպասարկուները: Իսկ թե ինչ կլինի վաղը, դա նրանց արդեն չի հուզում: Քանի որ, ըստ ամենայնի, հույս ունեն, որ վաղվա իշխանությանը կծառայեն նույն ջանասիրությամբ, ինչպես որ՝ այսօր են ծառայում:

Բադալ Հակոբյան   

«Դորդուբեշ» գլոբալ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների փորձագիտական կենտրոն

Նյութի մուսան՝ «Իշխանություն լինելն արդեն ապահով չէ»