09.07.2013 12:38

Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս երկրորդ)

Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս երկրորդ)

Հայ Ազգային Կոնգրեսի վերլուծական կենտրոն

Արման Գրիգորյան

Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում

(մաս երկրորդ)

(սկիզբը)

Ապարատչիկները, ձեռնարկությունների տնօրեններն ու ռազմական կաստան

«Մտավորականությունը» երբեք ինքնուրույն գործոն չի եղել։ Այն միշտ հանդես է եկել որպես որոշակի ուժերի դաշնակից, նրանց շահերի պաշտպան ու խոսափող։  Հետևաբար՝ անհրաժեշտություն կա անդրադառնալու նաև այդ ուժերին, եթե նույնիսկ իռացիոնալիզմի մշակույթի ձևավորման գործին նրանց մասնակցությունն անուղղակի է ու միջնորդավորված «մտավորականության» գործունեությամբ։  Այս ուժերի մասին խոսելը կարևոր է նաև այն պատճառով, որ ես իռացիոնալիզմի քաջալերման ֆենոմենն օգտագործում եմ որպես մի յուրահատուկ պրիզմա, որի օգնությամբ կարելի է հասկանալ տարատեսակ հակադրությունները հանրային շահին ու ժողովրդավարական կառավարմանը։  Այսինքն` նման քննարկումը մեզ թույլ կտա ավելի բաց և ուղղակի խոսելու այն ուժերի ու գործընթացների մասին, որոնք պատասխանատու են Հայաստանում ոչ միայն ռացիոնալ քաղաքական դիսկուրսը սպանելու, այլ նաև ժողովրդավարությանն անցումը վիժեցնելու համար։ 

Հոդվածի նախորդ հատվածն ավարտել էի այն պնդմամբ, որ Հայաստանում վերջին 15 տարիներին տեղի ունեցածը կարելի է գոնե մասամբ նկարագրել որպես 1990-ականների սկզբին գահընկեց արված նոմենկլատուրայի ռևանշ։  Խորհրդահայ նոմենկլատուրային մտավորականությունն անշուշտ նոմենկլատուրա կոչվող ավելի մեծ այսբերգի երևացող ու աղմկոտ գագաթն էր ընդամենը, հետևաբար՝ հարկ կա անդրադառնալու նոմենկլատուրային ընդհանրապես և հատկապես այն հարցին, թե ինչպես նրանք հարմարվեցին նոր իրադրությանն ու նոր իրադրությունը հարմարեցրին իրենց։  «Մասամբ» բառը, սակայն, ես պատահաբար չէի օգտագործել։  Նոր իրադրությանը հարմարված նոմենկլատուրան 1990-ական թթ. երկրորդ կեսին տեղի ունեցածի միակ պատասխանատուն չէր և չէր կարող լինել, որովհետև մարդկանց այդ խումբը քաղաքականապես բավարար ուժեղ չէր։  Հայաստանի խեղդամահ արված ժողովրդավարության մյուս և, ըստ իս, ավելի մեծ պատասխանատուն նորանկախ Հայաստանի ռազմական կաստան էր։   Բայց երևի սկսենք նոմենկլատուրայից ու փորձենք հասկանալ, թե ինչ դեր խաղաց մարդկանց այս խումբը 1980-ականների վերջին ու 1990-ականների սկզբին։  Մինչև այդ քննարկմանն անցնելը, սակայն, ընթերցողին պետք է խնդրեմ համբերատար լինել։  Հասկանում եմ, որ խորհրդային նոմենկլատուրայի մասին ինչ-որ նոր բան կարդալու հեռանկարը կարող է չափազանց անհրապույր թվալ, սակայն մեր ներկան ու ոչ վաղ անցյալը հասկանալու համար դա այնքան էլ մեծ զոհողություն չէ, մանավանդ որ ասելիքս պարունակում է որոշ փաստարկներ, որոնք հայաստանյան քաղաքական ու ակադեմիական բանավեճերում, որքան գիտեմ, չեն արծարծվել։

Եվ այսպես, նոմենկլատուրան պերեստրոյկան դիմավորեց ոչ մեծ ոգևորությամբ, ոչ էլ մեծ վախով։  Խրուշչովյան «վայրիվերումներից» հետո առկա, այսպես կոչված՝ կայունության կոնսենսուսը բոլորին մի տեսակ վարժեցրել էր այն բանին, որ խորհրդային ղեկավարությունը պարբերաբար ինչ-որ նախաձեռնություններ էր մեջտեղ բերելու, ինչ-որ պահանջներ էր ներկայացնելու, բայց դրանց իրագործման համար ո՛չ առանձնապես մեծ ջանքեր էր գործադրելու, ո՛չ էլ, առավել ևս, քաղաքական ստատուս քվոն էր ռիսկի ենթարկելու։  Պերեստրոյկան, այլ կերպ ասած, նրանց համար հերթական կիսադատարկ կարգախոսն էր, մանավանդ որ Գորբաչովն իր բարեփոխումների սկզբնական շրջանում կարծես թե զբաղված էր սոսկ ախտանիշների (ոչ թե հիվանդության) բուժմամբ և համակարգի հիմնարար սկզբունքների ջերմեռանդ պաշտպանությամբ։ 

Շուտով, սակայն, պարզ դարձավ, որ Գորբաչովը լուրջ էր տրամադրված, բայց բարեփոխումներ անելու նրա նույնիսկ համեստ փորձերը հեշտությամբ վիժեցվում էին ապարատի ու նոմենկլատուրայի կողմից։  Այս փաստը և այն իրողության գիտակցումը, որ այդ դիմադրությունը վարչահրամայական մեթոդներով կոտրել հնարավոր չէր, Գորբաչովին երկու շատ հեռուն գնացող եզրակացություն պարտադրեցին։  Առաջին՝ ապարատի ու նոմենկլատուրայի վրա հնարավոր էր ճնշում գործադրել, եթե մոբիլիզացվեր խորհրդային հասարակությունը` որպես բարեփոխումների քաղաքական հենարան, ինչը ենթադրում էր Կոմունիստական կուսակցության քաղաքական մենաշնորհի վերացում։  Երկրորդ, և սա մեր ուշադրության հիմնական առարկան է՝ նոմենկլատուրայի դիմադրությունը թուլացնելու համար պետք էր այն պառակտել, ինչը ենթադրում էր նոմենկլատուրայի որոշակի հատվածի համար տնտեսական նոր շահերի ստեղծում։

Պառակտումն իրականացվեց երեք կարևոր տնտեսական բարեփոխումների` ձեռնարկությունների մասին, արտաքին առևտրի մասնակի ազատականացման և կոոպերատիվների մասին օրենքների միջոցով։  Այս օրենքներն արտաքուստ խորհրդային տնտեսության ազատականացմանը միտված բարեփոխումներ էին, սակայն դրանք իրական ազատականացման հետ որևէ կապ չունեին։  Դրանց հետևանքը նոմենկլատուրայի որոշ հատվածի համար ռենտայի[1] ու արբիտրաժի[2] ֆանտաստիկ հնարավորությունների ստեղծումն էր, միաժամանակ՝ արտադրողականության գահավեժ անկումն ու խորհրդային տնտեսության անխնա կողոպուտը։   Ինչպե՞ս։  Դիմենք օրինակների օգնությանը։  Պատկերացրեք` դուք վերևներում լավ կապեր ունեցող ֆունկցիոներ եք կամ մեծ ձեռնարկության տնօրեն, և ձեզ հաջողվում է արտահանման արտոնագիր ձեռք բերել (առանց նման կապերի դա ձեզ պարզապես չէր հաջողվի), ինչը հնարավոր էր դարձել արտաքին առևտրի մասնակի ազատականացման օրենքով։  Սա սեփական բակում ոսկու անսպառ հանք գտնելու պես բան էր, որովհետև ձեզ, փաստորեն, հնարավորություն էր տրվել փակ շուկայում սուբսիդավորված գներով ապրանքներ գնելու և բաց շուկայում այն վաճառելու շուկայական գներով։ Ասենք` դուք կարող էիք դիզելային վառելիք գնել տոննան 30 ռուբլով և այն միջազգային շուկայում վաճառել տոննան 35 ռուբլով (կամ դրա դոլարային համարժեքով)։  Սրանք ճշգրիտ թվեր չեն, բայց սկզբունքն ավելի քան պարզ է։ 

Հիմա հիշեք, թե որքան խորացավ սուբսիդավորված ապրանքների առանց այն էլ մեծ դեֆիցիտն այդ տարիներին, և պատկերացրեք, թե որոշ մարդիկ ինչ աստղաբաշխական փողեր աշխատելու հնարավորություն ստացան այդ պայմաններում։  Մարդիկ հերթերի մեջ ժամեր էին անցկացնում նավթ արտահանող ԽՍՀՄ-ում մի 10 լիտր բենզին գնելու համար, իսկ ներքին շուկայի համար նախատեսված նավթը ջրի պես դուրս էր հոսում` արդեն մասնավոր անձանց գրպանները հարստացնելու համար։  Մեկ այլ օրինակ։  Պատկերացրեք, որ դուք հացի գործարանի տնօրեն եք, և կոոպերատիվների մասին օրենքը ձեզ հնարավորություն է տվել կոոպերատիվ փուռ բացելու։  Քանի որ ձեռնարկությունների մասին օրենքը ձեզ բավականին մեծ ազատություններ ու ինքնուրույնություն է տվել, քանի որ վերացել է պետական պլանը, և, չնայած դրան, պետությունը շարունակում է մատակարարել ու սուբսիդավորել ձեր գործարանի մուտքերը (ալյուր, էլեկտրականություն և այլն), դուք պարզապես հայտնվել եք հրաշքների աշխարհում։ Դուք գնում եք սուբսիդավորված ալյուրը, ձրի օգտագործում գործարանի էլեկտրաէներգիան, արտադրում մասնավոր հաց, վաճառում այն շուկայական գնով և շահույթը դնում ձեր դոշակի տակ։  Էլ չեմ խոսում գործարանների ու ինստիտուտների ունեցվածքի պարզ կողոպուտի մասին, ինչը նույնպես ձեռնարկությունների մասին օրենքի հետևանքն էր, ոչ շահավետ ձեռնարկությունների սուբսիդիաները պահելու քաղաքականության, ռուբլու արհեստականորեն բարձր կուրսով պայմանավորված բանկային մեքենայությունների ու կողոպուտի մյուս հնարավորությունների մասին, որոնք ստեղծվել էին գորբաչովյան «բարեփոխումների» շնորհիվ[3]։ 

Իսկ հիմա խնդրում եմ ուշադրություն դարձրեք մի պարզ ու անառարկելի պատմական փաստի վրա. այս ամենն արդեն տեղի էր ունեցել մինչև 1990 թ., այսինքն` մինչև դեմոկրատական որևէ շարժման իշխանության գալը ԽՍՀՄ որևէ անկյունում, այդ թվում և Հայաստանում։  Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։  Դրանից հետո տեղի ունեցան մի քանի շատ հետաքրքիր բաներ։  Առաջին՝ նոմենկլատուրայի այն հատվածը, որն սկսել էր կարգին փող սարքել պետության ու հասարկության հաշվին (իսկ կարգին փող սարքում էին միա՛յն նրանք), սկսեց դիմադրել բարեփոխումների շարունակման ու խորացման, այլ կերպ ասած` իրական շուկայական հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը, քանի որ նման հարաբերությունների հաստատումը սահմանափակելու էր վերոհիշյալ ռենտաների, արբիտրաժի, սուբսիդիաների, սպեկուլյացիայի ու պարզ կողոպուտի հնարավորությունները[4]։ Երկրորդ՝ նրանք հնարամտորեն իրենց դիմադրությունն սկսեցին ժողովրդին մատուցել բոլորիս քաջ ծանոթ բանաձևով` տեսեք՝ բարեփոխումների կողմնակիցներն ինչ փորձանքներ բերեցին ժողովրդի գլխին, հետևաբար՝ պետք է դանդաղեցնել այդ բարեփոխումները կամ ընդհանրապես հրաժարվել հետագա բարեփոխումներից։  Իհարկե, նրանք հին համակարգին վերադառնալու կոչեր էլ չէին անում՝ չնայած այդքան կործանարար էին համարում բարեփոխումները։  Երրորդ, նրանց հաջողվեց արմատական բարեփոխումների ճանապարհին դրած խոչընդոտները և գորբաչովյան «բարեփոխումների» գործած ավերածությունները ներկայացնել որպես ազատականների ու շուկայական տնտեսության կողմնակիցների արածի, ոչ թե մասնակի բարեփոխումների ավերիչ քաղաքականության հետևանք, ինչն իսկապես կոմունիզմից վատ էր, և ինչը միաժամանակ շուկայական տնտեսության հետ կապ չուներ։

Իսկ ինչու՞ և ինչպե՞ս դա նրանց հաջողվեց։ Ես երկու հատկապես կարևոր պատճառ կառանձնացնեի։  Առաջին՝ նույնիսկ երբ այն իշխանության չէր, վերակազմավորված նոմենկլատուրան քարոզչության շատ ավելի հզոր գործիքներ ուներ, քան այդ ժամանակների ժողովրդավարական ուժերը։  Այդ քարոզչական գործիքների արդյունավետ գործածությունը հեշտանում էր ԽՍՀՄ-ում տարրական տնտեսագիտական գիտելիքների սարսափելի ցածր մակարդակի ու ինֆորմացիայի պակասի շնորհիվ։  Երկրորդ՝ նախկին ԽՍՀՄ-ի մի քանի հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում, նոմենկլատուրան հրաշալիորեն օգտվեց այն հանգամանքից, որ իշխանության եկած ժողովրդավարական ուժերը որոշեցին նրանց պատասխանատվության չենթարկել խորհրդային ռեժիմի գործած հանցագործությունների ու ավերածությունների համար։  Ես հիմա էլ համարում եմ, որ ժողովրդավարական ուժերը ճիշտ վարվեցին դա անելով, որովհետև նման պատասխանատվության հարց բարձրացնելը կարող էր հասարակական պառակտում հարուցել, ինչպես նաև նորանկախ հանրապետություններին զրկել մասնագետների ու չինովնիկների բավականին մեծ զանգվածից, որոնք, իրենց անցյալի մեղքերով հանդերձ, ունեին կառավարման ոլորտի համար անհրաժեշտ որոշակի գիտելիքներ ու հմտություններ։  Հայաստանի դեպքում նման բան անելը տասնապատիկ վտանգավոր էր, որովհետև պատերազմի պայմաններում հասարակության համախմբվածությունը վտանգող որևէ բան չէր կարելի անել։

Բայց դա գին էր ունենալու։  Գինը լինելու էր այն, որ նոմեկլատուրան իր գործած մեղքերն ու հանցանքները բարդելու էր իր նկատմամբ այդքան ներողամիտ գտնված ժողովրդի ու քաղաքական հակառակորդների վրա։  Գինը լինելու էր այն, որ նրանցից շատերը` նախկին շրջկոմի քարտուղարներից ու ներքին գործերի նախարարության վարչության պետերից սկսած՝ մինչև մինիստրներ, մնալու էին պետական ապարատում, շարունակելու էին աշխատել իրենց նախկին գործելաոճով, զբաղվել կաշառակերությամբ, չարաշահել պաշտոնեական դիրքերը, շարքային քաղաքացիներին վերաբերվել որպես երկրորդ կարգի մարդկանց, շարունակելու էին հովանավորչության  իրենց այդքան հարազատ պրակտիկան և այլն` վստահ լինելով, որ դրա պատասխանատվությունը նոր իշխանություններն են կրելու, այլ ոչ թե իրենք։  Գինը լինելու էր այն, որ այս մարդկանց ոչ միայն «կուլակաթափ» չէին անելու, այլև ստիպված թույլ էին տալու խորհրդային տարիներին ու Գորբաչովի «բարեփոխումների» ընթացքում ժողովրդից կողոպտած կապիտալն օգտագործել տնտեսության մասնավորեցման գործընթացի ժամանակ, ինչը չէր խանգարելու, որ հետագայում նրանք բոլորից բարձր գոռային, թե մասնավորեցումը ժողովրդի թալան էր։ 

Գինը վերջապես լինելու էր այն, որ նրանք բավականին ուժեղ դիրքեր էին պահպանելու բյուրոկրատիայում ու տնտեսության մեջ, բայց իրենց շարունակելու էին համարել «նորերի» հակառակորդներ այնքան ժամանակ, որքան «նորերն» իրական ժողովրդավարության «սպառնալիք» էին ներկայացնելու։ Իսկ լավ առիթ ստեղծվելու դեպքում «նորերի» դեմ էին դուրս գալու։  Լավ առիթն էլ Հայաստանում ռազմական կաստայի[5] ինքնուրույն քաղաքական հավակնությունների ի հայտ գալն էր 1994 թ. զինադադարից անմիջապես հետո, որի հետ դաշնակցեցին հին նոմենկլատուրայի վերապրոֆիլավորված ներկայացուցիչները։

Իսկ հիմա անցնենք վերոհիշյալ ռազմական կաստային։

Շատ ցավալի է, բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում պատերազմի ավարտից հետո, ինչ-որ չափով օրինաչափ էր ու կանխատեսելի։  Պատերազմներն ընդհանրապես վտանգավոր են ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների համար։ Իսկ այնպիսի փխրուն, նորածին ինստիտուտների համար, ինչպիսին Հայաստանինն էին այդ ժամանակ, նրանք պարզապես կործանարար կարող են լինել։  Ինչո՞ւ։ Որովհետև պատերազմները պարտադրում են արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն և գործադիր իշխանության համար հատկապես լայն լիազորություններ, իսկ դա տանում է իշխանության կենտրոնացման` ժողովրդավարության համար բավականին անցանկալի հետևանքներով։   Պատերազմների ժամանակ փոքրանում է հանդուրժողականությունը քաղաքացիական ազատությունների նկատմամբ, հատկապես՝ եթե հիմնավոր պատճառներ կան կասկածելու, որ որոշ խմբեր այդ ազատությունները շահագործում են քաղաքական հարցեր լուծելու համար՝ չխորշելով նույնիսկ սեփական երկրի դիվանագիտական ու ռազմական դիրքերը խաթարող գործողություններից։ Վտանգավոր կարող է լինել նաև պատերազմի հաղթական ավարտը, որովհետև այն անխուսափելիորեն ուժեղացնում է երկրի իշխանական համակարգում բանակի ու անվտանգության ուժերի դիրքերը, իսկ այդ ուժերը հազվադեպ են աչքի ընկնում ժողովրդավարական կառավարման ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ ունեցած համակրանքով, և դա այդպես է ո՛չ միայն Հայաստանի դեպքում։

Հայաստանի ռազմական կաստան 1994 թ. զինադադարից հետո դարձավ ոչ միայն գերծանր քաշային կատեգորիայի բյուրոկրատական գործոն, այլև կազմակերպվեց որպես ինքնուրույն և բացեիբաց գործող քաղաքական ուժ՝ Երկրապահի տեսքով։  Երկրապահն, իհարկե, իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ էր և աջակցում էր գործող նախագահին, բայց արդեն 1995-ից պարզ էր, որ նրանք իսկապես ինքնուրույն գործոն են։  1995-ից սկսած՝ նաև ակնհայտ էր, որ ռազմական կաստան սկսել էր խառնվել իր ոլորտից դուրս գործերի։ Վերջապես՝ այդ կաստայի բազմաթիվ կարկառուն գործիչների մոտ այն տարիներին ձևավորվեց այն մտայնությունը, որ պատերազմում մատուցած ծառայություններն իրենց հատուկ իրավունքներ ու արտոնություններ են վերապահում, որոնք սահմանափակված չեն ո՛չ օրենքներով, ո՛չ սահմանադրությամբ։  

Ինչու՞ քաղաքականապես չվնասազերծվեց այս կաստան։  Պատճառներ շատ կային, բայց դրանցից գլխավորն այն է, որ նման փորձը կարող էր որոշակի կարճաժամկետ բացասական հետևանքներ ունենալ բանակի մարտունակության վրա և նույնիսկ վտանգել երկրի քաղաքական կայունությունը, ինչը չափազանց մեծ ռիսկ էր, քանի դեռ Ղարաբաղում եղածն ընդամենը զինադադար էր, ոչ թե խաղաղություն։ Իսկ 1998 թ. ռազմական կաստան իրեն պարզապես ապահովագրեց տեսանելի ապագայում նման վտանգի առջև կանգնելու հեռանկարից` ընդդիմանալով Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և այդ պատճառով ծագած քաղաքական ճգնաժամն օգտագործելով Տեր-Պետրոսյանին նախագահի պաշտոնից հեռացնելու համար։

 Շատերը Հայաստանում արդարացիորեն զայրանում են, երբ քննադատում են «նախկիններին», որովհետև այդ քննադատությունը մեծամասամբ անարդար է ու կանխակալ։  Նրանց բնական պաշտպանական հակազդեցությունը պնդելն է, որ իրականում մինչև 1998 թ. ամեն բան լավ էր, և որ երկրի վիճակն սկսեց անդունդը գլորվել 1998 թ. հեղաշրջումից հետո։  Ես համարում եմ, որ սա թեև հասկանալի, բայց այնքան էլ ճիշտ դիրքորոշում չէ։ Երկրում իսկապես առկա էին խիստ անհանգստացնող գործընթացներ մինչև 1998 թ.։ Սակայն բանն այն է, որ դրանում «նախկինները» չէին մեղավոր, գոնե այն իմաստով, ինչ իմաստով ընդունված է հասկանալ «նախկիններ» եզրը։  1995 թվականից սկսած՝ Հայաստանի ամենաճակատագրական ու կարևոր հակադրությունները եղել են իշխանության ու պետական ապարատի ներսում, ոչ թե իշխանության ու ընդդիմության միջև, և այդ հակադրությունները եղել են հենց «նախկինների» և քննարկածս ուժերի միջև։  Պաշտպանելով մինչև 1998 թ. ընկած ամեն ինչ՝ այսօրվա ընդդիմադիրներն ակամա պատասխանատվություն են ստանձնում նաև այդ ուժերի արածների համար, ինչն ստանձնելու կարիքը նրանք չունեն։  1998 թվականից առաջ դատապարտելու արժանի շատ բաներ են եղել, բայց եթե «նախկինները» դրա համար պատասխանատվություն են կրում, ապա միայն վերը քննարկված ուժերին զսպել չկարողանալու, այլ ոչ թե նրանց գործած մեղքերի ու հանցանքների համար։  Հաճախ, իհարկե, այդ անկարողությունն օբյեկտիվ գործոններով էր պայմանավորված։ 

Ինչ վերաբերում է այդ տարիների իշխանությունների պրոֆեսիոնալ քննադատներին, ապա ուշադրություն պետք է հրավիրեմ մի շատ կարևոր հանգամանքի վրա։  Նրանց թիրախները երբեք սամվել-բաբայանները չեն, որոնց իսկապես կարելի է շատ բաներում մեղադրել։  Նրանց թիրախը Վազգեն Սարգսյանը չի, ով անշուշտ մեծագույն ծառայություններ մատուցեց անկախ Հայաստանին, բայց ով նաև մեծագույն անձնական պատասխանատվություն է կրում նույն Հայաստանի ապագան խորտակող՝ վերը նկարագրած գործընթացները ոչ միայն չզսպելու, այլև հովանավորելու համար։ Քննադատների թիրախները սովորաբար մարդիկ են, ովքեր փորձում էին այդ գործընթացների դեմն առնել։ Այդ քննադատների թիրախը նաև 1990-ականների քաղաքական զարգացումների մասին սթափ ու ռացիոնալ բանավեճն է։ Այդ իսկ պատճառով նրանք ռազմական կաստայի ու վերապրոֆիլավորված  նոմենկլատուրայի ներկայացուցիչների «պասով» արդեն 15 տարի առասպելներ են հյուսում «լափած մազութի», հոսանքը «հողանցում» անելու, Խորհրդային Միությունից ժառանգած ծաղկուն տնտեսությունը 1991-98 թթ. ոչնչացնելու ու թալանելու, Ղարաբաղը ծախելու, պարտվողական քաղաքականության ու այլ անհեթեթությունների մասին։ Այդ առասպելները պարզապես պղծել են մեր ընդհանուր հաղթանակներն ու մեր ժողովրդի կրած զրկանքները։  Բայց դա առասպելների հեղինակներին ու նրանց հովանավորներին առանձնապես չի մտահոգում, քանի որ դրանք տվել են անհրաժեշտ արդյունքը. այն է` մշուշով պատել 1990-ականներին գործված իրական մեղքերն ու դրանց մեղավորներին։ 

Սփյուռք

Իռացիոնալիզմի կոալիցիայի հաջորդ կարևոր բաղադրիչը հայկական սփյուռքն է կամ, եթե մի քիչ ավելի մեղմ արտահայտվելու լինենք՝ հայկական սփյուռքի հիմնական ինստիտուտներն ու կազմակերպությունները։ Հայաստանում կարծես սկսել են մոռանալ սրա մասին, բայց այդ ինստիտուտներն ու կազմակերպությունները գրեթե անթաքույց թշնամանքով դիմավորեցին Ղարաբաղյան շարժումը[6], իսկ հետո այդ կազմակերպություն­ներից ամենակարևորը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, բացահայտորեն դեմ դուրս եկավ Հայաստանի անկախացման գործընթացին։  Հայաստանի անկախացումից հետո նույն Դաշնակցությունը, ինչպես նաև Սփյուռքի վերնախավի այլ կարևոր հատվածներ, գործիչներ ու մտավորականներ, պարզապես պատերազմ հայտարարեցին Հայաստանի իշխանություններին։  Այդ ուժերից ոմանք չխորշեցին Հայաստանի օրենքներն ու սահմանադրությունը կոպտորեն ոտնահարելուց, Հայաստանի ընտրովի իշխանությունների օրինակարգությունը չճանաչելուց և նույն իշխանությունների դեմ աննախադեպ սև քարոզչություն ծավալելուց Հայաստանում և Սփյուռքում։  Դաշնակցությունն այս ամենի դրոշակակիրն էր, իհարկե, բայց միայն դաշնակցականները չէին, որ զբաղված էին Հայաստանի իշխանությունների նկատմամբ Սփյուռքում թշնամանք ու հակակրանք ձևավորելու եռանդուն գործունեությամբ։  Ես այդ տարիներին դժբախտություն եմ ունեցել Սփյուռքում բազմաթիվ հանդիպումների մասնակցելու որպես ունկնդիր, որտեղ, ասենք, Հայ իրավաբանների միություն (Armenain Bar Association) կոչվող կազմակերպության ներկայացուցիչները մարդկանց սահմռկեցուցիչ պատմություններ էին պատմում Հայաստանում իբր տեղի ունեցող տասնյակ քաղաքական սպանությունների մասին և պնդումներ անում դրանց ամենավերին ատյաններից պատվիրված լինելու մասին՝ իհարկե, առանց գոնե փոքր-ինչ փաստ հիշեցնող ինչ-որ բան հիշատակելու։  Նույն կազմակերպության անդամները մի այլ հանդիպման ժամանակ ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչ արտառոց բան կլինի, եթե սփյուռքահայությունը Հայաստանում ընտրություններին մասնակցելու իրավունք ստանա։  Հանդիպումների եմ եղել, որտեղ սփյուռքահայ որոշ «կարկառուն պատմաբաններ» Տեր-Պետրոսյանի «թրքասեր» քաղաքականությունը, ոչ ավել - ոչ պակաս, նրա` թուրքական հետախուզության գործակալ լինելով էին բացատրում։ Սփյուռքի որոշ նշանավոր շատախոսներ, ովքեր արդեն հինգ տարի ձանձրացրել են ներքին աղբը դուրս չհանելու ու թշնամու ջրաղացին ջուր չլցնելու մասին հորդորներով, ամերիկյան դատարանում դատ բացեցին Ժիրայր Լիպարիտյանի դեմ` որպես մարդու իրավունքները ոտնահարող իշխանության ներկայացուցչի, էլ չեմ խոսում 1990-ական թվականներին Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության մասին։  Վստահեցնում եմ, որ նման օրինակներով կարելի է տասնյակ էջեր լցնել, բայց այսքանով բավարարվենք։ 

Ի՞նչն էր այս ամենի պատճառը։  Ինչո՞ւ Սփյուռքում Ղարաբաղյան շարժումն ու Հայաստանի անկախացումը չարժանացան այն արձագանքին, ինչ մենք՝ հայաստանցիներս, ակնկալում էինք։ Ինչո՞ւ Սփյուռքում այդ աստիճանի անզուսպ թշնամանք կար ժողովրդավարական ճանապարհով ընտրված Հայաստանի իշխանությունների դեմ։  Ինչո՞ւ նույն Սփյուռքը, որ այդքան ատում էր Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին, պատրաստ էր ոչ միայն հանդուրժելու, այլև անհրաժեշտության դեպքում ատամներով պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, չնայած Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին վերագրվող մեղքերը հեշտությամբ ու տասնապատիկ ավելի մեծ ծավալներով վերագրելի էին վերջիններիս, եթե նույնիսկ առաջիններին վերագրվող մեղքերը չվիճարկենք։ 

Այս ամենը զարմանալի է թվում, բայց իրականում զարմանալի ոչինչ էլ չկա, եթե Սփյուռքի ու Հայաստանի հարաբերությունների մասին, գեղարվեստաթատերական կատեգորիաներով մտածելու փոխարեն, քաղաքական կատեգորիաներով մտածենք։ Այդ պարագայում Սփյուռքի վերաբերմունքը միանգամայն կանխատեսելի է դառնում, քանի որ Ղարաբաղյան շարժումն ու Հայաստանի անկախացման գործընթացն օբյեկտիվորեն ծանր հարված էին Հայ Դատին[7], իսկ Հայ Դատը տասնամյակներ շարունակ Սփյուռքի իղձերի ու դոգմաների, Սփյուռքի կազմակերպությունների գործունեության մեթոդների ու նպատակների, նույնիսկ Սփյուռքում հայի ինքնության հիմքն էր եղել, և այսօր էլ մնում է այդպիսին։  Ղարաբաղյան շարժման ու Հայաստանի անկախության փաստի ճնշման տակ Հայ Դատի՝ բոլորիս լավ հայտնի բազմաթիվ դրույթներ ու դոգմաներ արմատական վերանայման էին ենթակա, քանի որ դրանք ակնհայտորեն անհամատեղելի էին թե՛ Ղարաբաղյան շարժման, թե՛ անկախ Հայաստանի պետական շահերի հետ։ Նման արմատական վերանայումը, սակայն, մեծ ջանքեր ու գին էր ենթադրում՝ գին թե՛ նյութական, թե՛ էմոցիոնալ իմաստով։  Հատկապես Հայ Դատն իրենց մասնագիտությունն ու եկամտի աղբյուրը դարձրած անհատներն ու ինստիտուտները դիմադրելու էին դրան, իսկ դա իսկապես միակ փեշակն էր Սփյուռքի կազմակերպությունների գերակշիռ մեծամասնության համար։  Փոփոխությունների անհրաժեշտության առջև կանգնած ինստիտուտներն ընդհանրապես աշխատում են իրականությունն իրենց նորմերին, դոգմաներին, նպատակներին ու մեթոդներին հարմարեցնել, ոչ թե հակառակը։  Իսկ երբ դա չի հաջողվում, նրանք հաճախ պատերազմ են հայտարարում այն ամենին, ինչը նրանց ստիպում է փոխվել։ Այսինքն՝ մոտավորապես նույն տրամաբանությունը, որը բացատրում է Հայաստանի «մտավորականության» դիմադրությունը ՀՀՇ-ին ու ՀՀՇ-ի գաղափարներին, բացատրում է նաև Սփյուռքի նոմենկլատուրայի հակազդեցությունը Ղարաբաղյան շարժմանը, Հայաստանի անկախությանը, Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին։

«Մտավորականության» պես՝  Սփյուռքն էլ հանդարտվեց 1998 թվականի ապօրինի իշխանափոխությունից հետո։ Պատճառներն էլ շատ նման էին։  Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը վերջապես դարձել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մաս։  Հստակ չէր, թե դա իրականում ինչ էր ենթադրում, բայց դա այնքան էլ կարևոր չէր, քանի դեռ Հայաստանի իշխանությունները հավատարիմ կմնային հայդատական հռետորաբանությանը։  Ընդհանրապես նախորդ իշխանության` պատճառների ու հետևանքների վերլուծության վրա հիմնված ռացիոնալիստական հռետորաբանությունը վերջապես փոխարինվել էր «ազգային» պաթոսով, «վճռական մենակի» մասին հերքման ու վերլուծության ոչ ենթակա շաղակրատանքով և Սփյուռքի ու Հայաստանի միասնության մասին կենացներով։  Նոր իշխանություններն ահռելի ռեսուրսներ էին սկսել վատնել Սփյուռք-Հայաստան ամենամյա կոնֆերանսների վրա, որոնք ո՛չ Սփյուռքին էին օգուտ տալու, ո՛չ էլ, առավել ևս, Հայաստանին, բայց Սփյուռքի ջոջերին հնարավորություն էին տալու Հայաստանի կառավարության անդամների հետ լուսանկարվելու։  Նրանք 40% չքավոր բնակչություն ունեցող Հայաստանում ռեսուրսներ էին սկսել վատնել համահայկական խաղեր, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոներ կազմակերպելու վրա, բայց Սփյուռքում դա դատապարտելու փոխարեն՝ ողջունեցին, որովհետև հարավոր էր դարձել քոչարի պարելով ու վոլեյբոլ խաղալով հայրենիքին կարևոր ծառայություններ մատուցած լինելու զգացողությունն ունենալ։  Սփյուռքում նաև քննադատության ու դատապարտող հայտարարությունների փոխարեն՝ համախմբման ու միասնության կոչեր սկսեցին հնչել ամեն կեղծված ընտրությունից ու ժողովրդի դեմ ուժ կիրառելու դեպքից հետո, որովհետև, ինչպես անցյալ տարի Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած մի կոնֆերանսի ժամանակ բանախոսներից մեկը հայտարարեց, Հայաստանի հետտերպետրոսյանական շրջանի ղեկավարները «ազգային քաղակականության» ջատագովներ էին՝ անկախ ամեն ինչից։

Մի կարևոր տարբերություն Սփյուռքում ու Հայաստանում ծավալված այս գործընթացների միջև, այնուամենայնիվ, կա։ Սփյուռքում չկար և չէր կարող լինել կազմակերպված շարժում սեփական նոմենկլատուրայի դեմ, իսկ դա իր հերթին երեք հիմնական պատճառ ուներ։  Նախ, Սփյուռքում քաղաքականությունը հնարավոր էր կառուցել էմոցիաների ու սիմվոլների վրա, կարելի էր թուրքերին նախապայմաններ առաջադրել, պահանջել Արևմտյան Հայաստանի վերադարձը, օրուգիշեր աշխատել թուրքերի շահերին վնասելու ուղղությամբ, հայերի շահը սահմանել որպես այն, ինչ վնասում է թուրքերին, իսկ հայի ինքնությունը՝ որպես ընդամենը ցեղասպանության զոհ։  Դա բացարձակապես որևէ լուրջ հետևանք Սփյուռքում բնակվող հայերի անվտանգության ու բարօրության համար չէր կարող ունենալ։ Ավելին, որքան էմոցիոնալ, այնքան ավելի օգտակար գործիք էր նման քաղաքական վարքագիծը հայապահպանման գործում։  Հետևաբար՝ բազմաթիվ կարծրացած դոգմաներ ու վարդապետություններ վերաքննելու շարժառիթները, որ ունեին շարքային հայաստանցիներն ու ոչ-նոմենկլատուրային հայաստանցի մտավորականները, պարզապես բացակայում էին կամ շատ թույլ էին Սփյուռքում։

Երկրորդ, Հայաստանում նոմենկլատուրան ու նրան սպասարկող մտավորականությունը հեղինակազրկվեցին խորհրդային համակարգի ամողջական հեղինակազրկմանն ու փլուզմանը զուգահեռ։  Սփյուռքի նոմենկլատուրան նման հավելյալ բեռ չուներ, հետևաբար՝ չէր կարող այդ կարգի քննադատության ու ավելի ընդհանրական քաղաքական հակակրանքի թիրախը լինել, ինչպես հայրենի նոմենկլատուրան էր դարձել իր «մտավորականության» հետ միասին։  Երրորդ, Սփյուռքում տեղի չէր ունեցել այն նույն մոդեռնիզացիայի գործընթացը, ինչ Հայաստանում, հետևաբար՝ Սփյուռքում համարյա բացակայում էր այն ոչ-նոմենկլատուրային մտավորականությունը, որը ձևավորվել էր Հայաստանում, և որը նոմենկլատուրայի դեմ պայքարի առաջնորդությունը կարողացավ ստանձնել։  Այսինքն՝ այս ձևակերպումը երևի այնքան էլ ճշգրիտ չէ։  Մոդեռնիզացիան Սփյուռքի վրա նույնպես ազդել էր, բայց դրա հետևանքները Սփյուռքում լրիվ տարբեր էին Հայաստանում տեղի ունեցած մոդեռնիզացիայի հետևանքներից։  Եթե մոդեռնիզացիան բնական ու օրգանիկ կերպով միահյուսվել էր Հայաստանի մշակույթին ու քաղաքականությանը` առանց հայկական ինքնությանն սպառնալու, մոդեռնիզացիան Սփյուռքում հենց նման սպառնալիք է եղել և միշտ կմնա, որովհետև այն մասնագիտական ու անձնական գայթակղություններ է ստեղծել համայնքից դուրս, որի հետ համայնքը երբեք չի կարող մրցել։  Այդ պատճառով համայնքից հեռացել ու հեռանում են մտավորական լուրջ արժանիքներ ունեցող մարդիկ՝ համայնքում թողնելով միայն փոքր թվով նվիրյալների, որոնք ստիպված են անհույս պայքար մղելու համայնքի կյանքն իրենց բուռը հավաքած գորշությունների զանգվածի դեմ։  Իսկ քանի որ այդ զանգվածի շանսերը համայնքից դուրս այնքան էլ մեծ չեն, նրանք Հայ Դատն ու ցեղասպանությունը պարզ բիզնեսի են վերածել և պատրաստ են ամեն ինչ, այդ թվում՝ Հայաստանի շահերը ոտնատակ տալու՝ հանուն այդ բիզնեսի շահերի։  Իսկ դա հնարավոր չէ անել առանց Սփյուռքում ու Հայաստանում այդ բիզնեսին սպառնացող անհատների և ուժերի դեմ դաշնակցելու, ինչպես նաև «ազգային» անհեթեթության ու իռացիոնալիզմի քաջալերման գործին մասնակցելու։ 

շարունակելի

ՀԱԿ Վերլուծական կենտրոնի նախորդ նյութերը՝

Հայաստանյան քաղաքականության բորխեսյան դիալեկտիկան

Սերժ-Րաֆֆի բանակցությունների առաջին ռաունդ

ՀԱԿ Վերլուծական կենտրոնի էջը կայքում՝

http://ilur.am/news/category/analytics/hak.html



[1] Ռենտան սահմանվում է որպես նորմալ մրցակցության աղճատման հետևանքով ստացված լրացուցիչ շահույթ, ինչը հնարավոր չէր լինի ստանալ նորմալ մրցակցային շուկայում։

[2] Արբիտրաժը տարբեր շուկաներում գների տարբերությունը շահագործելու պրակտիկան է։ 

[3] Այս ամենի մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար տե՛ս Steven Solnick, Stealing the State: Control and Collapse in Soviet Institutions (Cambridge, MA: Harvard University Press, 1999); Joseph Stiglitz, Globalization and Its Discontents (New York, NY: W. W. Norton, 2003), ch. 5; Anders Åslund, Russia’s Capitalist Revolution (Washington,DC: Peterson Institute for International Economics, 2007), ch. 2.

[4] Այս պնդման ավելի մանրամասն (և գերազանց) վերլուծության համար տ՛ես Joel Hellman, “Winners Take All: The Politics of Partial Reform in Post-Communist Countries,” World Politics, Vol. 50, no. 2 (January, 1998), pp. 203-234.

[5] Ռազմական կաստայի մեջ քաղաքականապես մտնում էր նաև Ղարաբաղը կամ առնվազն Ղարաբաղի քաղաքական վերնախավը։

[6] Սփյուռքի երեք ավանդական կուսակցությունները պատմության մեջ առաջին անգամ ինչ -որ հարցում համաձայնության եկան, երբ 1988 թ. աշնանը միասնական կոչով դիմեցին Հայաստանի ժողովրդին` հորդորելով դադարեցնել «անօրինական գործողությունները», գործադուլներն ու դասադուլները, ինչպես նաև խուսափել քայլերից, որոնք «կարատավորեն հայ ժողովրդի բարի համբավը խորհրդային բարձր ատյանների և խորհրդային մյուս հանրապետությունների առջև»։ Տե՛ս Gerard J. Libaridian, ed., Armenia at the Crossroads, p. 129.

[7] Մոտավորապես նույն ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Հայաստանում սկսեց քաջալերվել ու ծաղկել նոմենկլատուրային ազգայնականությունը, գաղափարական ու քաղաքական տրանսֆորմացիա ապրեց Դաշնակցությունը։ Մասնավորապես,  «ազատ, անկախ ու միացյալ Հայաստան» կարգախոսում հետին պլան մղվեցին «ազատն ու անկախը», և առաջին պլան՝ «միացյալը», ինչի հետևանքով Խորհրդային Միությանը, որպես հիմնական թիրախի, փոխարինեց Թուրքիան։ Իրականում՝ Խորհրդային Միությունն աստիճանաբար դաշնակից դարձավ, չնայած դա աշխատում էին շատ չգովազդել։  Սա մասամբ պայմանավորված էր առաջին հանրապետության սերդնի մայրամուտով, մասամբ էլ՝ Արևմուտքում «բազմամշակութայնության» (multiculturalism) ու զոհի քաղաքականության հաղթարշավով, ինչը տեղի էր ունենում ԱՄՆ-ում փոքրամասնությունների ու քաղաքացիական իրավունքների շարժման և աշխարհում ապագաղութացման գործընթացներին զուգահեռ։ Ցեղասպանությունը՝ սփյուռքահայի ինքնության կենտրոնական փաստ, իսկ դրա ճանաչումը՝ Սփյուռքի քաղաքական ակտիվության առանցք դարձնելը շատ ավելի լավ էր հարմարեցված այս միջավայրին։  Այս շրջադարձը մասամբ պայմանավորված էր նաև այն բանով, որ Հայաստանի անկախության համար պայքարն սկսել էր ուտոպիական թվալ։  Վերջապես, այս շրջադարձի ուղղությամբ կարևոր գործ էր արել խորհրդային հետախուզությունը։  1980-ականներին Հայ Դատի էությունը բնութագրող լավագույն փաստաթղթի համար տե՛ս Hrair Maroukhian, “We Must Cherish the Vision of Free, Independent, and United Armenia,” in Gerard J. Libaridian, ed., Armenia at the Crossroads, pp. 143-145.