09.07.2013 13:31

Չեմ մոռացել

Երեկ գրապահարանս էի դասավորում, աչքիս ընկավ «Հայկական ժամանակում» հրապարակածս հոդվածների «արխիվը»: Նորից աչքի անցկացրի  գրածներս` 2007 թվի հունվարից մինչեւ 2009թ դեկտեմբեր, ու անցած տարիները եկան անցան աչքերիս առաջով:  Ինչքան ոգեւորություն կար, թվում էր` աշխարհը շուռ տալուն կհերիքեր: Ընդ որում՝ ոգեւորությունն իմ մեջ դեռ Շարժումից առաջ էր արթնացել:  «Հայկական նախագիծ» տեքստս, որով էլ սկսվեց իմ մուտքը հանրային-քաղաքական կյանք, սկսվում էր հետեւյալ նախադասությամբ` «Անդունդ կա էն Հայաստանի միջեւ, որ կարող ա լինել, ու էն Հայաստանի միջեւ, որ կա»:  Ես հավատում էի, որ էդ անդունդը հնարավոր ա վերացնել: Ես հավատում էի, հիմա էլ եմ հավատում, որ մեր մտածողությունն ու մշակույթը (լայն իմաստով մշակույթը` աշխարհը տեսնելու եւ էդ աշխարհում ապրելու մեր կերպը) փոխելով՝ հնարավոր ա հիմնովին փոխել Հայաստանը:

Երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007-ի աշնանը վերադարձավ քաղաքականություն, իմ ոգեւորությունը կրկնապատկվեց-քառապատկվեց:  Ինձ թվաց՝ եկել ա քաղաքական` արագ փոփոխությունների ժամանակը: Բայց ի վերջո դրանք տեղի չունեցան: Երեւի նաեւ ես էի մեղավոր, պետք չէր էդքան ոգեւորվել, էդքան մեծ հույսեր ունենալ ու հրապարակային արտահայտել, որ հիասթափությունն էդքան ցավագին չլիներ: Բայց անցածն անցած ա: Ինչ-որ իմաստով, ամեն ինչ վերադարձել ա ի շրջանս յուր, ես նորից նախ եւ առաջ մտածողության ու մշակույթի փոփոխության հետ եմ կապում իմ հույսերը` էն բնագավառի, որտեղ ես կարող եմ անել ամենաշատը:

Բայց անցած տարիներն իզուր չեն անցել իհարկե, եւ սուտ կլինի, եթե ասեմ, թե հիմա ես քաղաքական ակնկալիքներ չունեմ: Ուղղակի հիմա ես արդեն չեմ ակնկալում, թե դրանք շատ արագ են լինելու: Անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը քաղաքական փորձ ունեցող նոր դեմքերի ի հայտ գալն էր մեր հանրային կյանքում: Նման բան եղել էր մեկ էլ 1988 թ. շարժման ալիքի վրա` ծնվել էին քաղաքական դեմքեր, ու շատ երկար ժամանակ, ընդհուպ մինչեւ երեկ, մեր համարյա ամբողջ քաղաքական դաշտը, իրա բոլոր թեւերով, հենց էդ դեմքերից էր բաղկացած: Հիմա արդեն գալիս են, եկել են նորերը:

Ես քաղաքական գործիչ չեմ, ավելի շուտ՝ հանրային դեմք եմ, ու որպես հանրային դեմք՝ ես էլ եմ 2008-ի շարժման ծնունդ: Իմ հոդվածներում՝ գրված 2007-2009-ին, ու նաեւ ավելի ուշ, ես մարդկանց խոստումներ եմ տվել, որոնք դեռ չեն իրականացել: Ասում եմ` դեռ չեն իրականացել, որովհետեւ կյանքը չի ավարտվել, դեռ շարունակվում ա: Ու ես հիշում եմ իմ խոստումները: Չեմ մոռացել: