10.10.2012 16:07

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը կրկին հրաժարվել է իր պաշտպանից

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներից մեկը կրկին հրաժարվել է իր պաշտպանից

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի հարազատները հրաժարվել են նրա պաշտպան Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից: Այս մասին iLur.am-ին հայտնեց ինքը Վաղարշակ Գևորգյանը: Վերջինիս խոսքով՝ ամբաստանյալի հարազատների հետ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ նպատակահարմար է իրեն փոխարինել այլ դատապաշտպանով, քանի որ ինքը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին և չի կարող անպատրաստ ներկայանալ դատական նիստին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 3-ին, Արման Բաղդասարյանը հրաժարվեց Հովհաննես Հարությունյանի պաշտպանությունից, ու  գործում որպես նոր դատապաշտպան ներգրավվեց Վաղարշակ Գևորգյանը, որը դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց՝ 3 հատորանոց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավորը ողջամիտ ժամկետ համարեց մեկ շաբաթը ու հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 10-ին: Գեւորգյանը հայտարարեց, որ չի հասցնի ուսումնասիրել գործը եւ հաջորդ նիստին անպատրաստ կգա:

«Նյութերն ամբողջությամբ փոխանցեցի իրենց, ես տեղյակ եմ, որ ինչ-որ փաստաբան են վերցրել, այդ փաստաբանը պիտի հասցներ դատական նիստին պատրաստ վիճակում ներկայանալ: Ես Բաղդասարյանի հարազատներին ասացի՝ եթե այս ձևով հարմար է՝ ես մասնակցեմ, եթե ոչ՝ չեմ կարող մասնակցել, քանի որ դատական նիստին անպատրաստ չեմ կարող ներկայանալ»,- ասաց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ Արման Բաղդասարյանի հարազատները մտահոգություն են հայտնել, որ դատական նիստի հերթական հետաձգումը անհարկի մեկնաբանությունների տեղիք կարող է տալ:

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծի հետեւանքով մահացու վնասվածքներ էր ստացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով միջադեպից 12 օր անց, գիտակցության չգալով, մահացավ: