12.07.2013 13:59

Նաիրա Զոհրաբյան. Գալու է պատասխան տալու ժամանակը

Նաիրա Զոհրաբյան. Գալու է պատասխան տալու ժամանակը

հարցազրույց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

- Տիկին Չոհրաբյան, չնայած դուք համառորեն հերքում եք, թե ԲՀԿ-ին պասիվանալու հրահանգ է տրված, սակայն ակնհայտը թաքցնել հնարավոր չէ։ ԲՀԿ-ն, որ նախկինում որեւէ առիթ բաց չէր թողնում վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատելու համար, հիմա այնպիսի լուրջ սկանդալի դեպքում անգամ, ինչպիսին օֆշորային սկանդալն է, լռություն է պահպանում։ Ինչո՞ւ։ 

- Իսկ ի՞նչ կա անհասկանալի այդ պատմության մեջ, կամ ո՞ւմ համար ինչը պարզ չէ, որ մի բան էլ մենք ավելացնենք։ Գիտեք, ժամանակին խորհրդային մի անեկդոտ կար՝ դատարկ, առանց որեւէ տեքստի թռուցիկի մասին, երբ պատասխանում էին, որ առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Կա՞ մեր երկրում գոնե մեկ մարդ, ով չի հասկանում, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ տեղի ունենում։ Ո՞ւմ ենք ուզում հիմարի տեղ դնել։ Ամեն ինչ ավելի քան ակնհայտ է։

- Դուք հավատո՞ւմ եք, որ գլխավոր դատախազությունը, օֆշորային սկանդալի հետ կապված՝ ճշմարտությունը կպարզի եւ կներկայացնի հանրությանը։

- Հարցին պատասխանեմ հարցով՝ իսկ դուք, կամ ինչ-որ մեկը դրան հավատո՞ւմ է։ Բայց մեկ բանի ես իրապես հավատում եմ՝ գալու է պատասխան տալու ժամանակը, եւ որեւէ մեկը այդ պատասխանատվությունից չի խուսափելու։ Թող որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե պատասխանատվությունն իրեն շրջանցելու է, եւ ինքը բարեհաջող արեւայրուք է ընդունելու Իսպանիայի կամ մեկ այլ էկզոտիկ ծովափին։ Ջինը շշից դուրս է թողնված, եւ որեւէ մեկին  մինչ այժմ չի հաջողվել կառավարել շշից բաց թողնված ջինը։

- Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ եւս ձեր խմբակցությունը  կրկին լուռ էր։ Ըստ մամուլի՝ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ՝ աշնանը կոալիցիա մտնելու շուրջ, եւ ԲՀԿ-ի լռությունը դրա գինն է։

- ԲՀԿ-ն երբեք քաղաքական առեւտրով չի զբաղվել ու չի զբաղվում, եւ եթե մեր օրակարգում կոալիցիա մտնելու հարց լիներ, ապա դա կարվեր խորհրդարանական ընտրություններից հետո։ Ես նորից եմ կրկնում՝ այն, ինչ առաջարկվել է ԲՀԿ-ին, չեմ կարծում, թե որեւէ մեկ այլ քաղաքական ուժ կհրաժարվեր։ Սակայն մեզ համար կային եւ կան սկզբունքային խնդիրներ, եւ ես այսօր եւս չեմ տեսնում որեւէ պատճառ, որ մենք վերանայենք մեր մոտեցումը։ Չկա նման բան։

Ինչ վերաբերում է ՎՊ հաշվետությանը, ապա ավելի քան համոզված եմ, որ մեր դիրքորոշումը՝  չխառնվել արհեստական քաղաքական օրակարգեր ձեւավորելու այս անհաջող փորձերին՝  արդարացված էր։ Իսկ ո՞վ չգիտի, թե ինչ է տեղի ունենում պետական բյուջեի հետ, ո՞ւմ համար է գաղտնիք, որ ատկատը վաղուց արդեն դարձել է լրջագույն քաղաքական կոմպոնենտ, ո՞մ համար էր նորություն այն, ինչը հնչեց խորհրդարանի ամբիոնից։ Մեկ բան հստակ է՝ փորձ է արվում կեղծ օրակարգեր ձեւավորել՝ հանրության ուշադրությունը երկրի առջեւ ծառացած իրապես լրջագույն խնդիրներից շեղելու համար, իսկ ԲՀԿ-ն երբեք չի ներքաշվելու  մի պրոցեսի մեջ, ուր բացարձակապես այլ ներքին հոսանքներ եւ շահեր կան։

- Կարծես թե նոր խմորումներ են սկսում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Աբովյանից Երեւան իրականացվող անվճար ավտոբուսափոխադրումների շուրջ։ Նախօրեին կապի եւ տրանսպորտի նախարարը հստակ ակնարկեց, որ ավտոբուսները սարքին չեն, եւ առաջարկեց այդ գումարը տալ մեկ այլ փոխադրողի, որը կիրականացնի անճվար բարեգործական երթուղին։

- Ես չգիտեմ՝ ով ինչ է ակնարկել, կամ  ով ինչ իրական բիզնես հետաքրքրություններ ունի այս հարցում, մեկ բան հստակ է՝ բարեգործական երթուղին աշխատելու է, քանի դեռ ժողովուրդը դրա կարիքն ունի, ավտոբուսները սարքին են, եւ եթե լինի անհրաժեշտությունը ավտոպարկը համալրելու, ապա հիմնադրամը  դա ինքը կանի։ Ավելորդ խորհուրդների կարիք մենք չունենք, հատկապես, որ այդ «խորհուրդների» իրական մոտիվացիան բոլորին հայտնի է։

- Տիկին Զոհրաբյան, ցանկացած քաղաքական աշուն կանխապես հայտարարվում է թեժ։ Սակայն այս աշունը, հաշվի առնելով գազի գնի թանկացումը, որին հետեւել է աննախադեպ գնաճը, իրապես թեժ է լինելու։ Դուք սոցիալական պայթյուն հնարավոր համարո՞ւմ եք։

- Ես կարծում եմ, որ մեր երկրի իրական քաղաքական օրակարգը պիտի լինի այն, թե ինչպես, ինչ հնարավոր ուղիներ գտնել՝ սոցիալական լարվածությունը թուլացնելու եւ ժողովրդի՝ իրապես ծանրագույն խնդիրները լուծելու համար։ Մեր երկրի քաղաքական օրակարգի թիրախային հարցերը արտագաղթն ու աղքատությունը պիտի լինեն, գործազրկությունն ու աննախադեպ այս գնաճը, որը վստահաբար խորանալու է։ Եւ մեր կուսակցությունը ահա սա՛ է համարում իրական եւ անհետաձգելի օրակարգ, որը լուծելու շուրջ պիտի կոնսոլիդացնել բոլոր հնարավոր ուժերն ու ռեսուրսները եւ փորձել ադեկվատ լուծումներ գտնել։ Այլապես, ինչպես հայտարարեց իշխանությունների հետ խիստ սերտ հարաբերություններ ունեցող սոցիոլոգներից մեկը՝ մեր երկրում այլեւս ոչ թե արտագաղթ է, այլ՝ դեպոպուլյացիա։ Այնպես որ, սոցիալական գերլարվածությունը, իհարկե, բացառել չեմ կարող։ Ավելին, դա միանգամայն կանխատեսելի է։

- Նախօրեին Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի հետ։ Տեղեկություն կա, որ նա ընդդիմությանը կոնսոլիդացվելու կոչ է արել։ Եղե՞լ է նման բան։

- Հանդիպումը եղել է փակ, ուստի ես կոռեկտ չեմ համարում այդ  քննարկումից որեւէ մանրամասն հրապարակելը։ 

Արման Գալոյան