12.07.2013 18:40

Հովհաննես Թեքգյոզյան. Եթե քո գործը գրելն է, ու՞մ մասին ես գրում՝ անոտուձեռ ու անբան-ման արարածի՞...

Հովհաննես Թեքգյոզյան. Եթե քո գործը գրելն է, ու՞մ մասին ես գրում՝ անոտուձեռ ու անբան-ման արարածի՞...

iLur.am-ի հարցազրույցը գրող Հովհաննես Թեքգյոզյանի հետ

-Հովհաննե՛ս, մի տարի առաջ լույս տեսավ քո «Փախչող քաղաք» կինովիպակը, որի շնորհանդեսին ներկայացար ծաղրածուի կերպարով՝ ասելով, որ գրողը յալանչի է մեր հասարակության մեջ, և գրողի ու հասարակության միջև անդունդ է գոյացել: Ինչո՞վ ես պայմանավորում այդ անդունդի գոյությունը:

-Ինձ՝  որպես վավերագրողի, միշտ շատ է գրգռել «լույս տեսնել» արտահայտությունը: Չգիտես ինչու՝ զուգորդական շերտով այդ արտահայտությունը ինձանում, գրեթե միշտ, եթե ոչ նույնացվել, ապա հաստատ հոմանիշային նույն սանդղակի վրա է դրվել «քոքը կտրել»-ու հետ: Որպես գրի մարդ՝ գրել սկսելուց առաջ միշտ կտրել եմ հաջողություն ունենալու, Պուբելյան մրցանակ ստանալու, փաթլամիշ դառնալու, փարչա-փարչա արվելու քոքը: Երևի հենց էս զգացողությունից ելնելով էլ շնորհանդեսի ժամանակ ասացի էդ անդունդի մասին: Գիտե՞ս՝ էս վերջերս շատ եմ լսում, որ իմ վերջին գիրքը գոնե ժողովրդականություն վայելելու իմաստով մեռած է: Էդ հա՛մ ինձ ջղայնացնում, հա՛մ հաճույք է պատճառում: Մտածում եմ՝ լավ  չի՞ լինի, եթե հաջորդ գիրքս ինքնասպան լինի...

-Ուզում ես ասել, որ գիրքը քի՞չ են ընթերցել, թե՞ ընթերցելով հանդերձ՝ լայն արձագանքների չի արժանացել: Եթե գրելուց առաջ քեզ կտրել ես հաջողության հասնելու մտքից, ապա ինչու՞ ես ուզում, որ հաջորդ գիրքդ, եթե չեմ սխալվում՝ «Մաշկացավ»-ը, ինքնասպան լինի մի իրականության մեջ, որ ինքն էլ մաշկացավ ունի:

- Եսիմ... Երևի մտավարժանքի նման բան է: Ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից պիտի նեղանամ կամ հետը կռիվ տամ: Վերջիվերջո՝ ստեղծագործական բջիջներ ու որդեր ունեցող մարդ եմ: Կամ էլ վրեժ եմ լուծում իմ ոջիլ ստեղծագործությունից, որը երեք տարի արյունս ծծեց: Էս հարցը երևի շատ միամիտ ու ճակատային է: Կամ էլ ես եմ շատ հոգնած, շոգը հերս անիծում ու ինձ կատաղի է դարձնում: Ամեն դեպքում՝ հաջողության խնդիրն առաջին գծում չի:  Հա, կարող էի, բայց չեմ ուզում ասել, որ մեր մաշկացավով հիվանդ երկրում «Մաշկացավ»-ի ընթերցող չկա: Էլի հակասեցի ինձ. մտադրվել էի էդ գրքի մասին առհասարակ չխոսել ու PR չանել, բայց ոնց որ էդ էլ մոտս չի ստացվում:

-Երևի գիրքը դեմ է, որ ինքնասպան լինի, դրա համար էլ քեզ անընդհատ խոսեցնում է: Դու ասել ես, որ գիրը տարբեր երևույթների բացահայտման, ճանաչման միջոց է քեզ համար, ինչպես նաև՝ այն միակ տարածքը, որտեղ պետք է և ուզում ես ասել ճշմարտությունը՝ առանց ստելու, այնինչ ստեղծագործող մարդկանցից շատերի համար արվեստը իրականությունից հեռանալու, կտրվելու միջոց է: Ո՞րն է ավելի շատ օգնում մարդուն ապրել, ինչպիսի՞ արվեստի և հատկապես գրականության կարիք ունի մեր իրականության մեջ ապրող մարդը, մանավանդ, որ չես կարծում, թե ընթերցողներ չկան:

- Հա, բացահայտման ու ճանաչման, բայց ստեղծագործության, էսպես ասած՝ պոստ պրադաքշընը լրիվ ուրիշ բան է: Էս վերջերս ես վերջնականապես համոզվեցի, որ իմ գործերը բեռ են, որոնք ես կամա-ակամա փորձում եմ փաթաթել մարդկանց վզին: Դրա համար կայքերում տեղադրված իմ ստեղծագործությունները խայտառակ քիչ քանակով վյուեր են ապահով: Չէ, ես հո չեմ ապրում էդ վյուերի կամ փառքի համար, ուղղակի իմ ամբողջ ներսով ժխտում եմ էդ քաք PR-ը, դրա համար էլ հաճախ, որպես գրող, սոցալական կամ,  այլ կերպ ասած` օգտակար գործակցի իմաստով՝ քաք վիճակում եմ հայտնվում: Էսքանից հետո կարի՞ք կա սեթևեթելու, թե իմ արածը պետք է որևէ մեկին: Բայց էս ամենով հանդերձ՝ շարունակելու եմ իմ  բացահայտումները և՛ վեպի, և՛ պատմվածքի, և՛ դրամատուրգիայի, և՛ կինոդրամատուրգիայի, և՛ էսսեագրության ասպարեզում: Երևի կարդալու հնարավորություն տվող գրականություն է պետք մարդուն:

-Բացի այն, որ դու վավերագրում ես իրականությունը՝ անդրադառնալով մեր հասարակության ամենալուրջ խնդիրներին, նաև մասնակցում ես  բողոքի ակցիաների, այնինչ հենց նույն գրական միջավայրում կա կարծիք, որ գրողը պիտի միայն  գրի՝ չխառնվելով ուրիշ հարցերի: Արդյո՞ք մոտեցումների այս տարբերությամբ է պայմանավորված չիրականացված հեղափոխության պատճառով մտավորականության մեջ առաջացած ջրբաժանը, որի մասին դու խոսում ես «Հոգևոր վթար» էսսեում:

-Չեմ հասկանում՝ էս հարցազրույցը «Հոգևոր վթար»-ի բենեֆի՞սն է: Թեև հոգևոր վթարի իմաստն էլ, թերևս, կարելի է այս հարցի պատասխանը համարել: Ասեմ ավելին՝ ես հոգևորվթարավախ եմ: Ի՞նչ իմաստ ունի կյանքից բացի ստեղծագործության մեջ ստելը, եթե դրանից հետո ինքնասպանություն ես գործելու...

-Հո՛վ, ես մի փոքր այլ բան նկատի ունեի. գրողը կարո՞ղ է անտարբեր լինել այն իրականության նկատմամբ, որում ապրում է: Օրինակ, վերջերս թանկացան գազի, էլեկտրաէներգիայի գները: Մի՞թե գրողին՝ որպես այդ իրականության մեջ ապրող մարդու, դա չի հետաքրքրում, թե՞ նա կարող է ասել. «Իմ գործը միայն գրելն է. մնացածը ինձ չի հետաքրքրում»:

-Դա շատ սուբյեկտիվ հարց է՝ նայած բնավորության և բնության: Կան գրողներ, ընդ որում՝ տասնիններորդ դարի մտածելակերպով, որոնք էլի շատ սիրելի են ինձ: Հարցը այլ դիտանկյունից պիտի քննարկել. աճուրդայի՞ն է, թե՞ ոչ: Անգամ Հիտլերի կողքին շատ առաջադեմ դեմքերի կարող էին հաճախ տեսնել: Գրողը կարող է տարվել ցանկացած, նույնիսկ՝ պետահայրական կամ հանրապույպույական գաղափարներով: Այլ հարց է, թե ինչքանով է նա մանրածախ և բազմածախ: Բա մա՞րդը... Եթե քո գործը գրելն է, ու՞մ մասին ես գրում՝ անոտուձեռ ու անբան-ման արարածի՞...

Փախչող քաղաք» վիպակում երևում են մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով էլ, կարծես, քաղաքը փախչում է: Այդ նույն խնդիրների պատճառով այսօր անհամեմատ աճել է արտագաղթողների թիվը, և խոսելով գնալու մասին՝ հաճախ մարդիկ գործածում են հենց «փախչել» բառը, ոչ թե, օրինակ, «գնալ» կամ «հեռանալ» բառերը: Քո կարծիքով՝ ինչո՞վ է սա պայմանավորված. արդյո՞ք մարդիկ փախչում են, և եթե այո՝ ինչի՞ց: Հնարավո՞ր է, որ հենց իրենցից. չէ՞ որ խնդիրները ոչ միայն իրենցից դուրս են, այլև հենց իրենց ներսում:

- Մարդը կարող է սոված լինել, բայց հույս ունենալ: Վերջերս մի հարցազրույց էի տվել, որտեղ խոսում էի թատրոնի կրոնափոխության մասին, երբ արվեստագետը, իր ստեղծածի հանդեպ ունեցած հավատը թողած՝ ընկում է կրոնաիշխանական պեչենու բաղերը՝ հակակշռի փոխարեն դառնալով դրանց կցորդը: Նույնը կատարվում է քաղաքացու հետ: Հա, Թումանյանի ասած՝ ամեն հայրենիք ուտում է իր զավակին, բայց հաճախ զավակն է ուտում հայրենիքին` նրա վաճառված մսի համար չնչին կոպեկներ ստանալով: Իսկ այս դեպքում փախչելը ավելի բարոյական է, քան հայրենիքի վրա տարեկան հազար դրամ աշխատելը: 

Հարցազրույցը վարեց Ռիմա Գրիգորյանը