12.07.2013 19:00

Դատողության արտագաղթը

Հայաստանում սնկի, մոլախոտի, շերեփուկի, մանրէի պես աճում է ֆաշիստամերձ, ազգայինն աննորմալության հետ հավասարեցրած, խավարամտությունը հայրենասիրության հետ շփոթող, լոզունգներ արտաբերող ու լոզունգի մեջ սաստկական իմաստով բառերի առկայության քանակը փաստարկի զորությանը հավասարեցրած կարծող «խելոքների» քանակը։ Ես չեմ փորձի անդրադառնալ նման բնույթի քաղաքական «խոսքերին», նախ՝ որովհետև դրանց անդրադարձողներ կլինեն, իսկ երկրորդ՝ որպեսզի չհամարվեմ քաղաքականապես նախապաշարված և, ուրեմն, անաչառությունից հեռու մարդ։

Երբ տեսնում ես, թե «Հայագիտություն» անվան խաբեության տակ ֆեյսբուքյան խմբում ինչ զարհուրելի գրառումներ են կատարվում, ինչպես են հանվանե-հականե, մարդկանց անուններն ու լուսանկարները դրած՝ կոչ անում նրանց վառել-վերացնել՝ ինչ է թե հանդգնել են Թուրքիայի ժողովրդական շարժմանն իրենց սատարումը հայտնել, երբ այլ գրառումների տակ տեսնում ես, թե ինչպես են խոսում գենետիկ կոդի, ֆորմուլայի, չգիտեմինչի առկայությամբ ժողովուրդներին դասակարգելու մասին (և բերում են այդ գեների ֆորմուլան, երևի՝ Մենդելեևի աղյուսակի անտիպ էջերից), երբ տեսնում ես, թե ինչն են համարում «հայեցի», «մեր ազգային նկարագրին հարիր» կամ «անհարիր», հասկանում ես, որ այլևս լռելը վերածվել է ոչ թե աննորմալների հետ գլուխ չդնելու, այլ պարզապես, կամա թե ակամա՝ ջայլամի քաղաքականության։  Որովհետև խնդիրը կա՝ դու դրան անդրադառնաս, թե ոչ։ Որովհետև, երբ գրվում ու խոսվում են նման բաներ, բացի այն, որ շատ-շատերն, այդ խոսքին հակադարձումներ չտեսնելով, համոզվում են իրենց իրավացիության ու անհերքելիության մեջ, կան նաև համեմատաբար չեզոք կամ անտեղյակ մարդիկ, որոնք կարդում ու լսում են այս ամենը, որովհետև ուրիշ բան կարդալ-լսելու պարզապես այլ ընտրություն չունեն (մարդ վախենում է այլընտրանք բառը գործածել), և նրանք ևս դառնում են brain-washed.

Եթե դու գտնում ես, որ ազգությունները լինում են վատը կամ լավը, եթե դա պայմանավորված է նրանց գեներով, ուրեմն դու արդարացնում ես այդ մտածողությունից բխող քայլերը։ Ուրեմն արդարացնում ես նաև ցեղասպանությունները։ Արդարացնելով ցեղասպանությունները՝ արդարացնում ես նաև քո՛ Ցեղասպանությունը։ Եվ դա համարում ես հույժ հայրենասիրական ու «հայեցի» արարք։ Եվ քանի որ այդքան «հայրենասեր» ես, ուրեմն կոչ ես անում վառելու նրանց, ովքեր ողջունում են հարևան պետությանդ մեջ ծավալվող առաջադիմական շարժումը։ Որովհետև եթե հանկարծ հարևանդ ավելի առաջադիմի, վտանգվում է գենետիկայի մասին քո ամբողջ հիվանդությունը՝ հիվանդի հետ միասին։ Ուրեմն՝ նախընտրում ես, որ հայն իր կողքին շարունակի ունենալ ցեղասպանություն իրականացնելու ունակ հարևան, այլ ոչ թե առողջ ու ժողովրդավար պետություն, միայն թե քո ոսկրացած ուղեղի կարծրատիպը չխաթարվի, միայն թե դու և միա՛յն դու քեզ լավ զգաս, որովհետև կարողանում ես գոռալ և լոզունգներ արտաբերել։ Քանի որ ինքնահաստատման այլ միջոց կամ պատճառ չունես։

Եվ սա դեռ՝ մի կողմ թողնելով սեփական հայրենակիցներին վառել-վերացնելու կոչ անողների «հայրենասիրության» համոզչականության հարցը։

Այդ հիվանդ կամ կիսահիվանդ խմբերն ունեն հազարավոր և երբեմն տասնյակ հազարավոր անդամներ։ Սրանք թվեր են, որոնց հետ հաշվի չնստելը շատ նման է օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը։ Սա մի իրադրություն է, որ շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար, քան նույնիսկ արտագաղթը։ Որովհետև սա մտքի, արդարության ու արդարամտության, դատելու ունակության արտագաղթ է։ Ահա այս արտագաղթն է, որ Հայաստանն այսօր դարձրել է շրջված իրականությունների երկիր։