11.10.2012 16:05

Բացվել է Երևանի առաջին հեծանվուղին (ֆոտոռեպորտաժ)

Բացվել է Երևանի առաջին հեծանվուղին (ֆոտոռեպորտաժ)

Երևանի քաղաքապետարանի և «Կանաչաստան» ՀԿ-ի համատեղ ջանքերի արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ Երևանի առաջին  հեծանվուղու բացման արարողությունն ու շահագործումը: 

«Հեծանվուղին անցնում է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով՝ ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին, այն ձգվում է մոտ 2,5 կմ: Ամբողջ երկայնքով տեղադրվել են համապատասխան նշաններ, ուղին գծանշվել է, կահավորվել են հեծանվային կայանատեղեր», - iLur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը»:

Նրա փոխանցմամբ՝ հեծանվուղու շահագործումը փորձնական է և եթե այն իրեն արդարացնի, ապա հետագայում կդրվի այն ընդլայնելու հարցը:

 «Երևանում դժվար է հեծանիվ վարել, քանի որ դա բավականին վտանգավոր է: Եթե փորձառու չեք և պետք է վարեք 15կմ/ժ արագությունից պակաս արագությամբ, ապա խորհուրդ կտամ չվարել հեծանիվը երթևեկելի մասով»,- ասաց բացմանը մասնակցող հեծանվորդ Աղասին՝ նշելով, որ նման հեծանվուղու գոյությունը զարկ կտա հեծանվասպորտի զարգացմանը Երևանում:

Հատկանշական է, որ ողջ աշխարհում հեծանվուղիները հատկացվում են փողոցի հաշվին, այնինչ Երևանում այն հատկացվել է մայթերին՝ հետիոտնին սահմանված հատվածում: