16.07.2013 13:50

Երկրում նրան չեն ասել՝ մնա, չեն ասել`կներես

Հայ դժբախտ վարորդի պատմությունը բումերանգի օրենքով մեզ բաժին հասած հերթական իրողությունն է: Քանի՞ էսպիսի անպաշտպան մարդ կա մեր երկրի սահմաններից անդին, ու քանի՞ էսպիսի անպաշտպան մարդ՝ ներսում, մեր մեջ:  Ազատամարտիկ-վարորդը  կռվել է հայրենիքի համար, պատերազմից հետո,  ամենայն հավանականությամբ, համալրել հայրենի հողի վրա ապրող խեղճուկրակ պայմաններում ապրող ազատամարտիկների շարքերը: Ու ինչպես երեւում է`  պատերազմի դառը համը բերանում, բայց պատվի ու հաղթանակի զգացումը սրտում՝ ասել է՝ ոչինչ, երկիր ենք կառուցում, ու իր որդուն հպարտորեն բանակ է ուղարկել, որդին էլ՝ պատերազմի մասին հոր պատմությունները մտքում՝ հպարտորեն գնացել է հայրենի մարտունակ բանակ ու... զորացրվելուց մեկ ամիս անց՝ հիվանդանոցում մահացել...

Ազատամարտիկ հայրը, վիշտը սրտում, թողել-հեռացել է՝ որդու տապանաքարի համար փող հայթայթելու...

Երկրում նրան չեն ասել՝ մնա, կօգնենք, երկրում նրան երբեք չեն ասել՝ մի գնա, մի նեղացիր, ամեն ինչ կանենք, երկրում նրան երբեք չեն ասել՝ կներես... Ու մարդը, երեւի լուռ, չասված խոսքերով ու չթափված արցունքներով ճամփա է ընկել՝ խեղճուկրակ հայացքով դեգերելու աշխարհի մեծ փողոցներում, որտեղ մարդկային օտար ամբոխն ու օտար աղմուկը խժռում են խեղճուկրակներին, որովհետև նրանք մենակ են ու անպաշտպան, որովհետև նրանք իրենց սեփական երկրից քշվածներ են՝ օտար ափերում մի կտոր հաց հայթայթելու բթացած ցանկությամբ:

Քանի՞ այսպիսի հայացքով հայ մարդ է այսօր դեգերում աշխարհի մեծ ու փոքր փողոցներում՝ լքվածության ու որբության զգացումը սրտում: Երկրի բազուկավոր տղամարդիկ գաղթականներ են դարձել՝ ճակատագրի դառը հեգնանքի դեմ անզոր ու շվարած կանգնած: Երկրի իրական ճամփաները անջուր ու ցամաքած՝ ճաք են տալիս, օֆիսներում արհեստական օդ շնչող փողկապավոր տղամարդիկ պատերազմում մեր հաղթանակի կենացն են խմում ռեստորանային իրենց քեֆ-ուրախություններում ու ճաք տված հողերի վրայով անցնում իրենց բենթլիներով ու բրաբուսներով: Վաղը, իհարկե, նրանք կասեն՝ վարորդը մեղավոր է, որ ողբերգություն է տեղի ունեցել, ու որ նա, անկախ ամեն ինչից, պետք է պատժվի: Արհեստական օդ շնչողներից քանի՞սը կխիզախի, եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե ինքն իրեն ասել, թե ո´րն է այս սարսափելի ողբերգության իրական պատճառը: Վաղը նորից կգան իրենց օֆիսներ, ու ամեն մեկը կշարունակի ծառայել իր բաժին տերաստված Բենամուկին, որպեսզի մի բաժին կերը հանկարծ չպակասի, որպեսզի էս ճահճի մեջ իրենց արհեստական օդից չկտրվեն, որպեսզի տերաստված Բենամուկը հանկարծ վատ չզգա, ու չերերա նրա աթոռը:

Վարորդ ազատամարտիկը հեռացել էր երկրից՝ տղայի շիրմաքարի համար փող վաստակելու: Վարորդ ազատամարտիկը կմնար, եթե կարողանար որդու գերեզմանաքարի համար փող հայթայթել հայրենի հողի վրա: Այդ փողը կլիներ, եթե երկրի հարստությունը մի քանիսի ձեռքում ու օֆշորային գոտիներում չհայտնվեր, եթե... ու էլի եթե...

Այս մարդու ողբերգությունը մի ամբողջ ազգի ողբերգությունից փոքրիկ մի նմուշ է,  որի պատկերն արտացոլված է երկրի ցամաքած ու անջուր ճամփաներում: 

Մերի Մուսինյան