16.07.2013 17:50

Պինդ կաց, մարդ Աստծո. Մենք կաղոթենք քեզ և զոհերի համար

Պինդ կաց, մարդ Աստծո. Մենք կաղոթենք քեզ և զոհերի համար

Այն, ինչին երեկվանից ակնատես ենք լինում հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կապված, չի կարող անտարբեր թողնել գթասրտություն նշույլ ունեցող և ոչ մի մարդու: Իրավիճակն առավել ողբերգական է իր բազմաշերտությամբ: Որ կողմից էլ որ նայում ես, սիրտդ ճմլվում է: Որովհետև աչքիդ առաջ տեսնում ես մարդկային ողբերգության մի հուսահատ մարմնավորում:

Կատարվածը ողբերգություն էր: Մարդը, իր կամքից անկախ «պատճառ է դարձել» 18 հոգու մահվան: Մի քանի տասնյակն էլ՝ մարմնական վնասվածքներ են ստացել: Անհնար է, իհարկե, սփոփել զոհերի հարազատների վիշտը: Նրանք, անշուշտ, որպես տուժածներ, այս պարագայում «իրավունք ունեն» կատարվածի համար մեղադրել յուրաքանչյուրին: Նման հուզական վիճակում գտնվող մարդկանց պարագայում, դա նորմալ և սպասելի է: Աստված չանի այդ մարդկանց մեղադրող որևէ մեկը լիներ այդ մարդկանց փոխարեն, ի՞նչ էր անելու: Արդյո՞ք կարողանալու էր կատարված այդ ողբերգական իրավիճակում լինել զուսպ,  տրամաբանված ու հավասարակշիռ: Հազիվ թե: Զոհերի հարազտների վիշտը հասկանալի է, կորուստը՝ անդառնալի: Ու նրանց հանգամանքը, ամեն դեպքում, չպետք է մոռանալ: Աստված նրանց համբերություն տա, զոհերի հոգուն էլ՝ խաղաղություն:

Բայց ամենաողբերգականն այն է, որ այս ամենի «մեղավորը» իրականում ինքն էլ այս ամբողջ ողբերգության «զոհերից է»: Վարորդը, որը եղել է այն մեքենայի ղեկին, որն էլ հարվածել է մարդատար ավտոբուսին, ստեղծված իրավիկճակում, ընդամենը «զոհ է»: Եւ հենց դրանից էլ իրավիճակն ավելի ողբերգական է դառնում: Պա՞րզ է, չէ՞, որ նա մեքենայի ղեկը ձեռքը չի արել մարդկանց սպանելու մտադրությամբ: Պա՞րզ է, չէ՞, որ նա մեքենայի ղեկը ձեռքը լավ օրից չի առել: Պա՞րզ է, չէ՞, որ հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ողբերգության երկու կողմերն էլ հայտնվել են «տուժածի» կարգավիճակում, և որ ուղղակի «մեղավորներ» փնտրելը՝ երկու կողմերի մեջ, առնվազն հակամարդկային է: Երկու կողմերն էլ տուժել են, իսկ ուղղակի մեղավոր՝ ըստ էության, երկու կողմերում էլ չկա:

Բայց խնդիրն էլ ավելի ողբերգական է դառնում հարակից սարսափելի իրողությունները հաշվի առնելով, որոնք, թեև ուղղակի մեղավորություն չունեն, բայց անուղղակի՝ հաստատ մեղավորություն ունեն:

Փաստաբանները պնդում են, որ մեքենան, որը վարել է Հարությունյանը, անսարք է եղել: Ավելին, ռուսական ալիքներով ցուցադրված ռեպորտաժներով, մեկ անգամ չէ խոսք գնացել այն մասին, որ մեքենան, որպես այդպիսին, եղել է երկու տարբեր մեքենաներից «ձևավորված» մի բան, որը, ի դեպ, վաղուց պետք է շարքից դուրս եկած լիներ: Բայց բնական է, որ ինչ-որ մարդկանց շահեր պահանջել են, որ նման մեքենաները շարքից դուրս չգան, ինչ-որ մարդկանց շահերը պահանջել է, որ դա չտեսնելու տան, որովհետև էժան աշխատուժի ու ոչ ծախսատար այս տրանսպորտային միջոցների հաշվին ինչ-որ մարդանց շահույթն ավելի ու ավելի էր մեծանում:

Բնական է նաև, որ ոչ մեկը՝ երբեք լավ կյանքից չէր գնա նման աշխատանքի: Բոլոր նրանք, ովքեր դրսում համաձայնվում են նման աշխատանք կատարել, դա անում են, որովհետև իրենց հայրենիքում ընտանիք պահելու խնդիր են ունենում: Ու պատրաստ են գնալ դուրս, կատարել բառիս բուն իմաստով տաժանակիր աշխատանք, միայն թե՝ կարողանան երկու կոպեկ աշխատել: Եւ դա անում են, իմանալով, որ իրենք այնտեղ հաճախ՝ օրինական դաշտից դուրս են գտնվում, որ հաճախ իրենց ունեցածը միայն պարտականություն է, բայց ոչ՝ իրավունք: Բայց համաձայնվում են: Հուսահատությունից, ճարահատյալ, և ի վերջո՝ նոր կյանք սկսելու հույսով:

Հրաչյա Հարությունյանը նրանցից ընդամենը մեկն է: Բայց նա՝ այս ողբերգության պատճառով, դարձավ թերևս այդ մարդկանց հավաքական կերպարի խորհրդանիշը:

Որդու գերեզմանաքարի համար գումար վաստակելու նպատակով օտար ափեր մեկնած այս մարդը այսօր մարմնավորում է բոլոր նրանց, ովքեր հուսահատությունից ժամանակավոր, կամ ընդմիշտ լքել են հայրենիքը, և կյանքը այնտեղ՝ դրսում, նրանց օգնելու փոխարեն՝ այլ՝ ավելի դաժան փորձությունների առաջ է կանգնեցրել:

Կատարվածի անուղղակի մեղավորների շարքում են նաև և հատկապես նրանք, ովքեր այսօր Հայաստանում ստեղծել են այնպիսի պայմաններ, որտեղից մարդիկ ուղղակի փախչում են, որովհետև հույս չկա: Երբ փող չկա, ապրուստի պայմաններ չկան, երբ նույնիսկ գազ ու լույս չկա, բայց հույս կա, մարդիկ չեն փախչում: Փախչում են միայն հուսահատությունից: Հետևաբար, կրկնակի մեղավոր են նրանք, ովքեր կտրեցին հույսը:

Հ.Գ. Մենք, իհարկե, այստեղ՝ Երևանում, մեր համակարգիչների դիմաց, շատ կցավանք կատարվածի համար, մեզ կթվա, թե մենք հասկանում ենք, թե ինչ էր դատարանում զգում արտասվող Հրաչյա Հարությունյանը, ազատամարտիկը, որդեկորույս հայրը, ով մի մեծ ողբերգություն սրտի տակ պահած՝ գնացել և դարձել է մեկ այլ ողբերգության անմեղ մեղավորը: Բայց որքան էլ մեզ թվա, թե մենք հասկանում և կիսում ենք Մարդու ցավը, մենք միշտ կլինենք այդ ողբերգությանը կողքից, բայց ոչ՝ ներսից նայողը: Մենք Մարդու ցավը կկիսենք, բայց չենք հասկանա մինչև վերջ, և չենք էլ կարողանա: Միակ բանը, ինչ այսօր կարող ենք անել՝ աղոթել նրա համար, և պայքարել, որ իշխանությունները, թեկուզ և չուզենալով, թեկուզ և՝ իրենց կամքին հակառակ, քայլեր ձեռնարկեն՝ Հարությունյանին օգնելու համար: Սա նվազագագույնն է: Հաջորդ քայլը պետք է լինի առավելագույնը՝ երկիրը մաքրել նրանցից, ովքեր կտրել են հույսը, Հայաստանը պետք է վերագտնի իր հույսը, և նորից իր գիրկը կանչի իրենից հեռացած զավակներին: Պինդ կաց, մարդ Աստծո. մենք կաղոթենք քեզ և այդ ողբերգությանը զոհ գնացածների համար:

Քրիստինե Խանումյան