22.07.2013 17:52

Ծովերի աստվածը նոր հպատակ ունի

Ծովերի աստվածը նոր հպատակ ունի

Այս ամիս Արեգակնային համակարգի Նեպտուն մոլորակի «ընտանիքի» մասին մեր պատկերացումները հարստացան. Հաբլի ուղեծրային աստղադիտակը հայտնաբերեց Արեգակի շուրջ պտտվող ամենահեռու հսկայի՝ Նեպտունի ևս մեկ արբանյակ՝ հասցնելով դրանց ընդհանուր թիվը 14-ի։ Այն մինչև այժմ հայտնի արբանյակներից ամենափոքրն է, ունի ընդամենը 19 կիլոմետր տրամագիծ և մոլորակի շուրջ մեկ պտույտը կատարում է 23 ժամում։

Նորահայտ արբանյակն այնքան փոքր է և այնքան աննշմար (այն աչքի համար տեսանելի ամենաթույլ աստղից 100 միլիոն անգամ ավելի աղոտ է երևում), որ վրիպել է անգամ Վոյաջեր-2-ի տեսադաշտից, երբ այն 1989 թ. անցել է Նեպտունի մերձակայքով և առաջին անգամ մոտիկից լուսանկարել այս մոլորակը։ Սարքն այն ժամանակ հայտնաբերել է կապույտ մոլորակի մինչ այդ անհայտ 6 արբանյակ։

Նեպտունի ամենամեծ արբանյակը Տրիտոնն է. այն ունի մոտ 2700 կմ տրամագիծ և միակ արբանյակն է, որ իր մոլորակի շուրջ պտտվում է վերջինիս օրապտույտի ուղղությանը հակառակ։ Նման տարօրինակ վարքը գիտնականներին ենթադրել է տալիս, որ Տրիտոնն ի սկզբանե եղել է գաճաճ մոլորակ և միայն հետագայում է ընկել Նեպտունի ձգողական դաշտի ծուղակը՝ դառնալով վերջինիս հավիտենական ուղեկիցը։ Բռնվելու ընթացքում այն հավանաբար տակնուվրա է արել մոլորակի սկզբնական արբանյակային համակարգը, իսկ այն, ինչ մենք տեսնում ենք հիմա, ձևավորվել է արդեն Տրիտոնի ուղեծրի վերջնական հաստատումից հետո։

Նորահայտ արբանյակը՝ S/2004 N 1-ը, գտնվել է հուլիսի 1-ին՝ Հաբլի դիտակի հին լուսանկարների վերամշակման արդյունքում։ Հայտնագործության մասին հայտարարվել է հուլիսի 15-ին։

Հաբլի դիտակը ուղեծիր է դուրս բերվել 1990 թվականին և այդ պահից ի վեր աներևակայելիորեն ընդլայնել է տիեզերքի տեսահորիզոնը՝ օժտելով գիտնականներին ոչ միայն մինչ այդ անհայտ հսկայական քանակությամբ նյութով, այլև բացառիկ գեղեցիկ միլիոնավոր լուսանկարներով։ Դիտակով կատարված խոշորագույն հայտնագործություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Գիտնականները հուսով են, որ այս նշանավոր դիտակն ուղեծրում հնարավոր կլինի պահել առնվազն մինչև 2018 թվականը, երբ տիեզերք դուրս կելնի նրա հետնորդը՝ Ջեյմս Ւեբի անունը կրող ուղեծրային դիտակը։

Լուսանկարների շարքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Վազգեն Ղազարյան