22.07.2013 21:04

Ռաֆսանջանի. Իրանը չի կարող միաժամանակ զայրանալ աշխարհի վրա և մտածել առաջընթացի մասին

Ռաֆսանջանի. Իրանը չի կարող միաժամանակ զայրանալ աշխարհի վրա և մտածել առաջընթացի մասին

Իրանը չի կարող միաժամանակ զայրանալ ողջ աշխարհի վրա և մտածել առաջընթացի ու զարգացման մասին, ասել է Իրանի նախկին նախագահ այաթոլլա Հաշեմի Ռաֆսանջանին, փոխանցում է ILNA լրատվական գործակալությունը: Ռաֆսանջանին այս հայտարարությունն արել է իրանական համալսարանների դասախոսների հետ հանդիպման ընթացքում: «Մենք պարտավոր ենք աջակցել կառավարությանը, դիմակայել արմատականացմանը և մեր հույսերի խորտակմանը»,- ընդգծել է Ռաֆսանջանին: Նա շարունակել է քննադատել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության քաղաքականությունը, ինչը երկրում տիրող բացասական իրավիճակի հիմնական մեղավորն է:

Ռաֆսանջանին նաև հիշեցրել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երկու կարգախոսները՝ «Համագործակցություն արտասահմանյան երկրների հետ» և «Չափավորություն ներքին քաղաքականության մեջ»:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրողների 50-ից ավելի տոկոս ձայներ հավաքելով՝ նախագահ դարձավ Հասան Ռուհանին: Ռաֆսանջանին ևս հանձնել էր փաստաթղթերը՝ ընտրություններին մասնակցելու համար, սակայն նրա թեկնածությունը մերժվեց Պահապանների խորհրդի կողմից՝ մեծ տարիքի պատճառաբանությամբ, փոխանցում է Trend-ը: