22.07.2013 22:18

Կարլոս Տևես. «Նոր Մարադոնայի» վերելքներն ու անկումները մինչ «Յուվենտուս» տեղափոխությունը

Կարլոս Տևես. «Նոր Մարադոնայի» վերելքներն ու անկումները մինչ «Յուվենտուս» տեղափոխությունը

Մի քանի օր առաջ Տևեսը գոլով նշեց իր նորամուտը «Յուվենտուսի» կազմում, որտեղ ժառանգելով Դել Պիերոյի 10 համարը` նոր մրցաշրջանում կոչված է վերջապես ավարտել Կոնտեի թիմի տանջանքները առջևի գծում:  Թուրինցիների համար արգենտինացին արժեցավ ընդամենը 9 մլն €, որը բավականին ցածր գումար է նման կարգի խաղացողի համար: Լյորենտեի հետ Տևեսը պետք է օգնի «բյանկոներիներին» երրորդ անգամ անընդմեջ նվաճել «Սկուդետտոն» և միգուցե փորձել ՉԼ-ում վերադարձնել թիմի նախկին հավակնությունները:  

«Յուվենտուսի» և բոլոր այլ եվրոպական գրանդների մեկնարկող մրցաշրջանում խնդիրների, հավակնությունների և հնարավորություններին կանդրադառնանք առանձին-առանձին, իսկ հիմա վերհիշենք Տևեսի ակումբային կարիերան և տեսնենք, թե ինչ հաջողությունների է հասել 12 տարիների ընթացքում:

«ԲոկաԽունիորս» «Նյուելզ Օլդ Բոյսի» սանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսեց Բոկայի կազմում: Ռիկելմեյի՝ Բոկայի երկրպագուների երևի թե բոլոր ժամանակների ամենամեծ կուռքը համարվող խաղացողի Բարսա տեղափոխվելուց հետո, Տևեսը որոշ ժամանակ համարվում էր արգենտինացի «ՆորՄարադոնա» Դ՛Ալեսանդրոյի և Սավիոլայի հետ մեկտեղ: Բոկայի առաջին թիմում անցկացրեց 3 մրցաշրջան, որի ընթացում նվաճեց արգենտինական «Ապերտուրայի» և Հարավային ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարի «Լիբերտադորեսի» գավաթները: 2003-ին «Լիբերտադորեսի» գավաթի կիսաեզրափակիչ՝ Ռիվերի դեմ «Կլասիկոյում» դարպասը գրավելուց հետո, գոլը տոնեց հավի շարժումներով: Դրանից հետո կյանքի հանդեպ այնքան վտանգ էր զգում, որքան Սիուդադելայի ամենավտանգավոր թաղամասերից մեկում, որտեղ և ստացել էր դեմքի հայտնի սպիները:

«Կորինտիանս» Մասչերանոյի հետ տեղափոխվելով բրազիլական ակումբ՝ դարձավ բոլոր ժամանակների ամենաթանկ հարավամերիկացին: Այդպիսով դարձավ այն անձնավորությունը, որի միջոցով շատերը ծանոթացան իրանցի սպորտային մագնատ Կիա Ջուրաբչյանի հետ: Դառնալով թիմի առաջատարը՝ «Կորինտիանոսին» օգնեց նվաճել «Բրազիլեյրոն», իսկ մրցաշրջանի ավարտին դարձավ առաջին ոչ բրազիլացի խաղացողը, ով հաղթեց տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Երկրորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ արդեն իսկ պարզ էր, որ ժամանակն է տեղափոխվել Եվրոպա:

«Վեսթ Հեմ Յունայթեդ» Գտնվելով Ջուրաբչյանի ղեկավարած սպորտային միջազգային կազմակերպության տրամադրության տակ՝ կայացրեց կարիերայի առաջին սխալ ընտրությունը և Մասչերանոյի հետ տեղափոխվեց միջակ «Վեսթ Հեմ»: Լավ մրցաշրջան չանցկացրեց, «Պրեմիեր Լիգայի» 26 խաղում դառնալով ընդամենը 7 գոլի հեղինակ, բայց օգնեց թիմին դուրս չմնալ առաջնությունից՝ մրցաշրջանի վերջին տուրում գրավելով «Մանչեստեր Յունայթեդի» դարպասը:

«Մանչեստեր Յունայթեդ» Երկարատև և բարդ բանակցություններից հետո, որոնք մեծապես կախված էին ՖԻՖԱ-ի կանոնակարգից, Տևեսը վերջապես տեղափոխվեց գրանդ ակումբ: «Յունայթեդում» միանգամից Ռունիի և Ռոնալդուի հետ կազմեց այդ մրցաշջանի լավագույն հարձակման գիծը: Սեր Ալեքս Ֆերգյուսոնը հաղթեց «Պրեմիեր Լիգայում» և ՉԼ-ում: Մանչեստերում անցկացրած երկրորդ մրցաշրջանի հենց մեկնարկից սկսեցին խոսակցությունները, որ Տևեսը տեղափոխվելու է «Մանչեստեր Սիթի»: «Յունայթեդը» կրկին լավ մրցաշրջան անցկացրեց, բայց Տևեսի խաղը խամրում էր Ռոնալդուի և Ռունիի կողքին, իսկ ՉԼ եզրափակչում պահեստայինների նստարանին մնալը նշանակեց, որ Ֆերգին «Ապաչեյի» կարիքը այլևս չունի:

«Մանչեստեր Սիթի» Տեղափոխվելով «Կարմիր սատանաների» համաքաղաքացիների կազմ՝ միանգամից դարձավ «Սիթիի» երկրպագուները կուռքը, իսկ «Յունայթեդի» երկրպագուների համար Հուդա: Մանչինիի առջև խնդիրն էր դրված որքան հնարավոր է շուտ նվաճել «Պրեմիեր Լիգան», բայց Տևեսին և իր խաղընկերներին առաջին երկու մրցաշրջանում դա անել այդպես էլ չհաջողվեց: «Սիթիիում» անցկացրած երրորդ մրցաշրջանում թիմը ձախողեց ՉԼ-ն, բայց գլխավոր իրադարձությունը «Բավարիայի» դեմ խաղում տեղի ունեցածն էր: Երկրորդ խաղակեսում, երբ «Սիթին» 2-0 հաշվով զիջում էր Մյունխենցիրներին, խաղացողը մերժեց մարզչին, ով նրան ցանկանում էր դուրս բերել խաղադաշտ: Խաղից հետո Մանչինին հայտարարեց, որ Տևեսը այլևս երբեք չի կրի թիմի մարզաշապիկը, իսկ Տևեսը փորձում էր բացատրել, որ չի հասկացել մարզչին: «Սիթին» մրցաշրջանի վերջին տուրի վերջին րոպեյին Սերխիո Ագերոյի խփած գոլի շնորհիվ նվաճեց «Պրեմիեր Լիգան», որի համար Տևեսը որևէ նշանակալից բան չարեց: Անգլիայում անցկացրած վերջին մրցաշրջանը անցկացրեց ոչ այդքան վատ, բայց կորցրեց տեղը ազգային հավաքականի կազմում և մրցաշրջանի ավարտից առաջ արդեն պարզ էր, որ ամռանը նոր թիմ է ունենալու: