24.07.2013 14:42

Գծի մեջ և գծից դուրս

Գծի մեջ և գծից դուրս

Ներքաղաքային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի գործողություններում ներգրավված են տարբեր շրջանակներ, ինչը դրական պետք է գնահատել։

Եթե անգամ կասկածներ կան այս կամ այն բողոքավորի մասով, ապա դավադրությունների տեսության գիրկը պետք չէ ընկնել։

Եթե անգամ մարդը, բողոքի գործողությանը մասնակցելով, սեփական PR–ն է անում կամ այլ շարժառիթ ունի, ապա խնդիր չկա։

Միևնույն է, մինիմում ծրագրում (տրանսպորտի գնի իջեցում) բոլորի մոտեցումները համընկնում են, և հետևաբար պետք չէ անձի «ռոժից» ելնելով՝ տարաձայնություններ փնտրել։

Տարաձայնություն կա այլ հարցում։

Ոմանք կողմ են հարցը չքաղաքականացնելուն կամ այսպես ասած բարի մոտեցում ցուցաբերելուն և պայքարի թիրախ են ընտրել Տարոն Մարգարյանին ու չար օլիգարխ–գծատերերին։ Մյուսները շատ լավ հասկանում են, որ այս տիպի բոլոր հարցերը քաղաքական բնույթ ունեն, և հետևաբար պայքարն էլ քաղաքական պետք է լինի, այսինքն՝ բարիների բնորոշմամբ՝ չար։

Իրականում, բարին հենց քաղաքական պայքարն է, քանզի արդյունք հնարավոր է ստանալ միայն այդ դեպքում։ Չարը ապաքաղաքական պայքարն է, քանզի այդպիսով հանրությունը ոչինչ չի շահում, իսկ կոսմետիկ փոփոխություններն էլ հօգուտ վարչախմբի են լինում։

Այս պահին, սակայն, պետք չէ տարանջատում մտցնել տարբեր մոտեցումներ ունեցողների միջև։ Ժամանակի ընթացքում, միևնույն է, բոլորն էլ գալու են ընդհանուր հայտարարի՝ ընդունելով, որ միայն քաղաքական մեթոդներով է հնարավոր հասնել արդյունքի։

Ցուլին՝ կոտոշներից

Իսկ ի՞նչ է նշանակում հարցի քաղաքականացում։ Դա նախևառաջ ընդունումն է այն փաստի, որ քաղաքական որոշումների դեմ (տվյալ դեպքում՝ տրանսպորտի թանկացման) պետք է պայքարել քաղաքական գործիքակազմով, և անգրագիտություն է, եթե ոչ «դհոլություն», հայտարարելը, թե սա զուտ քաղաքացիական պայքար է՝ այդպիսով փորձելով հակադրություն մտցնել քաղաքական ու քաղաքացիական պայքարների միջև։

«Քաղաքացիական» պայքարն աստվածածցնում են և այն հակադրում քաղաքականի հետ Սերժ Սարգսյանին սպասարկող լրատվամիջոցները, քանզի գիտեն, որ իրենց շեֆին «բարի» պայքարների արդյունքում վտանգ չի սպառնում։ Ասել է թե՝ «անկախ» մամուլն իրականում պայքարում է և՛ քաղաքացիական հասարակության, և՛ քաղաքական ուժերի դեմ, որպեսզի նպաստի երկրի թիվ մեկ գծատիրոջ՝ Ս. Սարգսյանի գերիշխանությունը և՛ տնտեսական, և՛ քաղաքական կյանքում։

Մեզանում գերկենտրոնացված իշխանական համակարգ է ստեղծվել։ Որոշումները կայացվում են Բաղրամյան 26–ում։ Իսկ դա նշանակում է, որ եթե տրանսպորտի թանկացման դեմ պայքարում անձնավորված թիրախ ընտրելու խնդիր կա, ապա այդ թիրախը պետք է լինեն ոչ թե տարոնմարգարյանատիպ խամաճիկները, այլ Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը։

Իրերը պետք է կոչել իրենց անվանումներով։ Ինչպես «դասականն» էր ասում՝ գլխից է պետք բռնել, մեծերին։ Այ, սրանից են վախենում Բաղրամյան 26–ում և հնարավոր բոլոր միջոցներով քարոզում են պայքարի չքաղաքականացում, քանզի քաղաքականացման տակ հասկացվում է իշխանափոխություն։ Մնացած բոլոր դեպքերում սրանք պատրաստ են անգամ իրենց թանկարժեք մեքենաները տրամադրել՝ քաղաքացիներին անվճար տեղափոխելու համար։

Բոլորս գծի մեջ

Տրանսպորտի թանկացման դեմ պետք է պայքարել մինչև վերջ և զարգացնել հաջողությունը։ Այսինքն՝ եթե նույնիսկ իշխանությունը հետ պտտեցնի և իջեցնի ուղևորափոխադրման գինը, ապա պետք է նոր խնդիրներ դնել ու վերջնարդյունքում «Մի՛ վճարեք 150 դրամ» կարգախոսից սահուն անցում կատարել իշխանափոխությանն ուղղված կոչերին ու գործողություններին։ Այ, այդ փուլում արդեն հարկ կլինի նպաստել ոչիշխանական քաղաքական ուժերի համախմբման ու ինտեգրման համար պարարտ հող ստեղծելուն։ Այսինքն՝ երթուղային գծերի հարցը հարկավոր է տեղափոխել քաղաքական գծի մեջ։

Նա, ով չի ընդունի այս մոտեցումը և դեմ կլինի քաղաքականացմանը, ավտոմատ կերպով գծից դուրս կմնա։

Անկախ ամեն ինչից՝ պետք է հասկանալ մեկ բան. տրանսպորտի ու մյուս ապրանքների և ծառայությունների թանկացման խնդիրը քաղաքական է, ինչպես որ քաղաքական են հանրային նշանակության մյուս խնդիրները։

Գների աճ զարգացած և ժողովրդավարական պետություններում էլ է լինում, սակայն որևէ նորմալ երկրում իշխանությունն ընտրություններից առաջ չի ստում, թե նման բան չի լինելու, իսկ դրանից հետո անմիջապես անցնում թանկացումների։

Մեզանում գների աճը, որքան էլ այն օբյեկտիվ հիմքեր ունենա, հանրության կողմից լեգիտիմ չի ընկալվում, քանզի իշխանությունները լեգիտիմ չեն, և առկա է սոցիալական բևեռացվածության հսկայական անդունդ։

Լեգիտիմության ճգնաժամը մաքուր քաղաքական է, և հետևաբար բոլորիս գիծը պետք է լինի քաղաքական և պայքարին պետք է տալ բացառապես քաղաքական բնույթ՝ ձգտելով կամուրջ ստեղծել ոչիշխանական կուսակցությունների ու քաղաքացիական ակտիվիստների միջև։

Դուր են գալիս մեզ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն կամ «Ժառանգությունը», թե ոչ՝ միայն այս ուժերի ներսում կարելի է քաղաքական պայքարի և իշխանափոխության ռեսուրս գտնել։ Ճիշտ է, կուսակցություններն «ականապատված» են, բայց ՀԱԿ–ի օրինակով կարելի է ձերբազատվել դրածոներից ու միասնաբար հեռացնել Սերժ Սարգսյանի գլխավորած օլիգարխիային։

Դուր են գալիս մեզ քաղաքացիականները, թե ոչ՝ միայն այդ խմբերի ներսում կա պայքարող քաղաքացու ռեսուրս։

Հետևաբար՝ պետք է նպաստել իրական ու համակարգային փոփոխությունների ձգտող քաղաքական ու քաղաքացիական շրջանակների ինտեգրմանը։ Այլ ռեսուրս Հայաստանը չունի։ Եվ ուրեմն՝ բոլորս գծի մեջ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Եթե մինչև սեպտեմբեր տրանսպորտի գինը չդառնա 100 դրամ, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի ուսանողությունը ներգրավվի այս պայքարի մեջ, քանզի թանկացման հիմնական տուժող շերտը հենց իրենք են լինելու։ Ուսանողության ներգրավումն էլ իր հերթին կբերի բողոքի զանգվածայնությանը, ինչը էական օգնություն կլինի քաղաքական պայքարին։

Չպետք է բացառել, որ լուրջ ճնշումների դեպքում հնարավոր կլինի հասնել Սերժ Սարգսյանի հեռացմանն ինչպես իմպիչմենտի, այնպես էլ այլ տարբերակների միջոցով։

 7or.am