25.07.2013 17:50

«Ատլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի հաղթող

«Ատլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի հաղթող

Ռոնալդինյոն նորից ժպտում է, թեև նա չէր դադարում ժպտալ, երբ եզրափակչի առաջին խաղում «Օլիմպիայի» երկրպագուներն անդադար քարեր էին նետում իր վրա: Աշխարհի նախկին չեմպիոնն ու երկակի աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումն ստացած խաղացողը խաղից հետո հայտարարեց. «Իմ կարիերայում ես չէի հաղթել միայն Լիբերտադորեսի գավաթում, և հենց այդ պատճառով էի ես վերադարձել Բրազիլա: Այնպես որ՝ եկեք հիմա լսենք նրանց, ովքեր խոսում էին իմ կարիերայի ավարտի մասին»:

Հաղթելով Լիբերտադորեսի գավաթում՝ բրազիլացին դարձավ 7-րդ ֆուտբոլիստը, ով նվաճել է և՛ ՉԼ-ն, և՛ Լիբերտադորեսի գավաթը: Եվ դարձավ առաջին խաղացողը, ով նվաճել է և՛ Աշխարհի առաջնությունը, և՛ ՉԼ-ն, և՛ Լիբերտադորեսի գավաթը ու նաև նվաճել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Հիմա նրա կարիերայի մնացած ժամանակահատվածի գլխավոր խնդիրը հաջորդ տարի տանը տեղի ունենալիք «Մունդիալը» բաց չթողելն է:

Ինչևէ, վերադառնանք եզրափակչին, որտեղ թիմերը հասել էին՝ հաղթահարելով՝ «Օլիմպիան» «Սանտա Ֆեին», իսկ «Ատլետիկո Մինեյրոն»՝ Բարսայի նորանշանակ գլխավոր մարզիչ Տատա Մարտինոյի «Նյուելզ Օլդ Բոյսին»: Եզրափակիչ երկրորդ խաղում բրազիլական թիմը նույն խնդիրն ուներ, ինչ «Նյուելզի» դեմ՝ շրջել առաջին խաղում գրանցված 2-0 հաշիվը:

Չնայած «Ատլետիկոյի» աստղային կազմին՝ Ռոնալդինյոյից բացի՝ այս թիմում են խաղում «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ժիլբերտո Սիլվան, ԲԿՄԱ-ի և «Մանչեստեր Սիթիի» հարձակվող Ժոն և երիտասարդ տաղանդ Բերնարը, երկրպագուների գլխավոր հույսը թիմի մարզիչ Կուկան էր: 50-ամյա մասնագետը համարվում է առանձնակի փիլիսոփայություն կրող մասնագետ, որի գլխավոր միտքը դաշտում առանց գնդակի աշխատանքն է: Բայց երեկ Բելո Հորիզոնտեում պետք էր 2 գոլ խփել, ինչն առանց գնդակի անել հնարավոր չէ:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ «Ատլետիկոյի» առավելությամբ, ովքեր, միևնույն է, դժվարանում էին վտանգավոր պահեր ստեղծել «Օլիմպիայի» դարպասի մոտ, և միայն Ռոնալդինյոյի հեռահար և գլխով հարվածներից հետո էր, որ «Օլիմպիան» իրական վտանգ զգաց: Իսկ առաջին խաղակեսի ամենավտանգավոր պահն ունեցան հյուրերը, 16-րդ րոպեին Ֆրեդի Բարեիրոն, մեն-մենակ մնալով դարպասապահ Վիկտորի հետ, հարվածեց հենց նրա վրա: Թվում էր, որ նույնիսկ Կուկան ունակ չէ որևէ բան փոխել երկրորդ խաղակեսում, սակայն հենց մեկնարկում Ժոն բացեց խաղի հաշիվը, որը փոխեց հանդիպման ամբողջ տրամադրությունը: Տանտերերը մի քանի անգամ կարող էին ապահովել իրենց համար մինիմալ ցանկալի արդյունք, բայց սխալվում էին հենց դարպասների առջև: Իսկ 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հյուրերի հարձակվող Ֆերեյրան անհավատալի կերպով սայթաքեց, երբ արդեն շրջանցել էր դարպասապահին և միայնակ էր բաց դարպասների առջև: Այդ պահը կարծես ազդակ հանդիսացավ «Ատլետիկոյի» համար, և նրանք վերջում նորից պաշարեցին «Օլիմպիայի» տուգանային հատվածը: Եզրային նետումից հետո նախ մրցավարը, բրազիլացիների կարծիքով՝ արդեն երրորդ անգամ 11 մետրանոց չնշանակեց իրենց օգտին, այնուհետև՝ օդային փոխանցումից հետո, պաշտպան Լեոնարդո Սիլվան բոլորից բարձր ցատկեց և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Երկու թիմերն էլ արդեն ամբողջովին սպառել էին իրենց ուժերը, և միայն ստանդարտ իրավիճակներից էր վտանգ սպասվում: Վերջ ի վերջո, գործը հասավ 11 մետրանոցներին, որտեղ բրազիլացիներն իրենց երկրպագուների աջակցությամբ կարողացան առաջին անգամ նվաճել Լիբերտադորեսի գավաթը: