25.07.2013 22:36

Սերժ Սարգսյան-ՀՀ 1:0. ՀՀ-Սերժ Սարգսյան. 50:0

Սերժ Սարգսյան-ՀՀ 1:0. ՀՀ-Սերժ Սարգսյան. 50:0

Տարոն Մարգարյանը այսօր հայտարարեց տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ իր որոշումը կասեցնելու մասին: Սա նշանակում է, որ սակագինը ժամանակավորապես կմնա 100 դրամ, մինչեւ որ իր կողմից նշվող հանձնաժողովը վերջնական որոշման չգա:

Հիմա հասկանանք, թե ինչ է կատարվում Տարոն Մարգարյանի սույն ուղերձից հետո:

Քաղաքացիների մի մասը էյֆորիայի մեջ է՝ «մենք հաղթել ենք» ոճով: Մյուս մասը՝ հակառակը, պնդում է, որ դեռ վաղ է խոսել հաղթանակի մասին, քանի որ որոշումը ժամանակավոր է, բացի դա, պայքարելու դեռ շատ տեղեր կան: Կան նաեւ տեսակետներ, եւ դրանք շատ են, որ Սերժ Սարգսյանը հաջողությամբ բեմադրեց «Մաշտոցի պուրակ-2»-ը եւ հասավ իր ուզածին:

Քարոզչական առումով, պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի եւ իշխանությունների նպատակը ակցիաների մեկնարկից անմիջապես հետո եղել է դրանք հնարավորինս իրենցով անելը, կամ գոնե՝ այդպիսի տպավորություն թողնելը: Հենց այդ նպատակով էլ, «Չենք վճարելու 150 դրամ» ակցիային միացան նույնիսկ այնպիսի բացահայտ իշխանական կերպարներ, որոնք երբեք առանց իշխանական «դաբռո»-ի մի բաժակ ջուր չէին խմի: Իշխանական բացահայտ եւ ոչ բացահայտ կերպարները ներդրվեցին՝ քարոզչական առումով վերահսկման տպավորություն ստեղծելու, իսկ գործանականում՝ ակցիաների ուղղվածությունը եւ թիրախները հնարավորինս վերահսկելու եւ փոխելու համար:

Մինչ այդ տեղի ունեցավ մի շատ «սովորական բան»: Սերժ Սարգսյանի իմացությամբ եւ ըստ էության հրահանգով տեղի ունեցավ հետընտրական Հայաստանին բնորոշ մի բան՝ թանկացում: Դառնանքն տրանսպորտի հարցին: Պարզ էր, որ եթե որեւէ մեկը չասեր՝ «էս ի՞նչ եք անում», կինոն այդքանով ավարտվելու էր ու 150 դրամը դառնալու էր նորմա: Բայց քանի որ սկսվեցին ակցիաներ, ընդ որում, որոնք օրեցօր ավելի բազմամարդ էին դառնում, դրան էլ գումարվեցին մարդկանց անվճար տուն հասցնելու նախաձեռնությունները, (ընդ որում, այստեղ հատկապես պետք է կարեւորել այն քաղաքացիներին, որոնց անունները քչերին ինչ-որ բան կասեն), իշխանությունները հասկացան, որ եկել է արձագանքելու պահը: Եւ գործի դրվեց այն մեխանիզմը, ինչի մասին արդեն գրել ենք: Իշխանություները՝ երբեմն ոչ միայն բացահայտ գովեստի խոսքերով, այլեւ՝ քծնանքով առ ակտիվիստները, փորձեցին տպավորություն ստեղծել, որ այդ ակցիաները իրենք են «կուրացիա» անում: Բայց այն, որ ակցիաներին մասնակցում էին բազմաթիվ «կուրացվողներ»,  դեռ չէր նշանակում, որ «կուրացվում էին» բոլորը: Ու հենց այդ պատճառով էլ, արդեն որերորդ անգամ Տարոն Մարգարյանին փուռը տալով՝ Սերժ Սարգսյանը որոշեց կատարել իր հերթական PR ակցիան, այն էլ՝ ժամանակավոր, քանի որ պարզ է, որ որոշ ժամանակ անց գները կարող են նորից բարձրանալ:

Հիմա, հիմնական հարցը՝ իսկ ո՞վ շահեց այս ողջ պատմությունից: Առաջին հայացքից կարող ենք կարծել, թե շահեց Սերժ Սարգսյանը, քանի որ հնարավորինս ակտիվորեն քարոզեց այն գաղափարը, որ ինքը «օտ ի դո» վերահսկում է բոլորին: Բայց չշտապենք: Իրականում, նման փորձ անելով, (ոչ թե վերահսկելով, այլ՝ վերահսկելու փորձ անելով եւ նման տպավորություններ տարածելով), Սարգսյանը ինքն իր համար բավականին բարդ իրավիճակ ստեղծեց:

Բանն այն է, որ եթե անգամ սեփական PR-ի համար Սերժ Սարգսյանը փորձեց ստեղծել այն տպավորությունը, որ ինքը «գնացել է զիջման», ապա դա՝ այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ վախենում էին «քաղաքական» ցանկացած բառից, էլ չենք ասում՝ պահանջից ու պայքարից, որոշակի փոփոխությունների բերեց: Նրանք արդեն Սերժ Սարգսյանին սկսել են չընկալել այլեւս որպես դասական, վախենալու բռնապետ, որի դեմ անհնար է ու չպետք է պայքարել: Սերժ Սարգսյանը, ըստ երեւույթին, ինքն էլ չհասկանալով, իր համար մի մեծ թակարդ լարեց: Բավականին վտանգավոր թակարդ: «Պահանջել եք-զիջեցի» հնարքով՝ Սարգսյանը այն բոլոր երիտասարդների մոտ, ովքեր անկեղծորեն, իսկ ապա նաեւ «ազարտի մեջ» կոչ էին անում չվճարել 150 դրամ, կոտրեց «պայքարի մեջ մտնելու» առաջին անգամվա վախը: Նա այդ մարդկանց մոտ հավատ ներշնչեց առ այն, որ հնարավոր է դուրս գալ փողոց, պահանջել ինչ-որ բան, ու հասնել պահանջի կատարմանը: Իհարկե, սկզբից պահանջը լոկալ է, երբեմն, անհասցե, բայց երբ երիտասարդը մեկ անգամ հավատում է, որ ինքն իր պայքարով հասել է հաղթանակի, ստիպել է իշխանություններին գնալ զիջման, նրա «ազարտը» ավելի է մեծանում: Հաջորդ անգամ նրա պահանջը ավելի հասցեական կլինի, ավելի կոնկրետ, ավելի լուրջ հարցրերին առնչվող: Եւ պատահական չէ, որ այսօր, երբ երիտասարդները ուրախացած հավաքվել էին Երեւանի կենտրոնում, նրանցից շատերը արդեն «Սերժիկ թալանչի» ու «պայքար, պայքար մինչեւ վերջ էին գոռում»: Դժվարն, ինչպես ասում են՝ առաջին անգամն է լինում, հետո արդեն՝ Սերժ Սարգսյանի համար դժվար է լինելու մյուս ակցիաների դեմն առնել:

Հաջորդ կարեւոր հանգամանքը: Այս ակցիաների ժամանակ տարատեսակ շահարկումներ եղան քաղաքացիական-քաղաքական-կուսակցական թեմաներով: Սակայն, չպետք է մոռանալ, որ երիտասարդները երիտասարդներ, բայց կարեւոր էր նաեւ այն, որ ակցիաներին էին միանում նաեւ ԱԺ պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ, որոնց պայքարի փորձը հատկապես մի քանի լարված իրավիճակներում զգալիորեն օգնեց երիտասարդներին: Ու կարեւրն այն է, որ այդ մարդիկ այնտեղ էին ոչ թե այդ երիտասարդների ջանքերի պտուղները իրենցով անելու համար, այլ որպես փորձված ու թրծված պայքարողներ:  Այսինքն, քաղաքացիական-քաղաքական-կուսակցական հասկացությունները այս օրերին բավականին հաջող փոխգործակցեցին:

Եւ մի վերջին կարեւոր հանգամանք: Այն, որ 2008-ին մեկնարկած Համաժողովրդական շարժումը մարդկանց մոտ՝ իշխանությունների հանդեպ տարբեր ֆոբիաներ էր կոտրել, հայտնի փաստ է: Սեփական իրավունքների համար պայքարելը, փողոց դուրս գալը, ակցիա անելը, ոստիկանից չվախենալը, ԱԱԾ աշխատակցից, թաղի խուժանից չվախենալը, թաղապետարանի աշխատակցից չվախենալը ժամանակին չտեսնված խիզախություն էր համարվում: Բայց հետո այդ ամենը ժամանակի ընթացքում դարձավ սովորական: Այսինքն, Շարժման հարյուրավոր, հազարավոր մասնակիցներ իրենց սեփական օրինակով ցույց տվեցին, որ քաղաքացին չպետք է վախենա ապօրինի իշխանությունից, ոստիկանից ու մյուս իշխանական կառույցների ներկայացուցիչներից: Պիկետ, ակցիա, հանրահավաք, երթ, նստացույց, այդ ամենը վաղուց վախենալու «բաների» ցանկում էին Հայաստանում: Հիմա արդեն, հնգամյա պայքարի պտուղները տեսանելի ու շոշափելի են:

Այսպիսով, արձանագրում ենք, որ Սերժ Սարգսյանը՝ թեկուզ եւ «պայքարն իրենով անելու» քարոզչությամբ, բայց տեղի տվեց: Բայց մյուս կողմից, Սարգսյանը նույնիսկ վախեցողներին իրենից անկախ «դուխ տվեց»: Այսինքն, կարճաժամկետ առումով հաղթեց Սերժ Սարգսյանը՝ 1:0 հաշվով, բայց երկարաժամկետ առումով, Սարգսյանը պարտվեց՝ 50:0 հաշվով:

Պարգեւ Ապրեսյան