26.07.2013 19:38

Խերարդո Տատա Մարտինո. «Բյելսիստա» նոր փուլի համար

Խերարդո Տատա Մարտինո. «Բյելսիստա» նոր փուլի համար

Ո՛չ Լուիս Էնրիկեն անհարգալից կլիներ «Սելտայի» նկատմամբ, ո՛չ Վիլաշ Բոաշը՝ Բարսային հավանում է, բայց ուրիշ ֆուտբոլ է խաղում և ո՛չ էլ Բյելսան՝ Ռոսելը շատ զգուշավոր է նման խելագարի հրավիրելու համար, այլ Տատա Մարտինոն է այն անձը, ում Բարսան այսօր պաշտոնապես ներկայացրեց որպես թիմի նոր գլխավոր մարզիչ:

Տատայի մասին Եվրոպայում չգիտեին: Նրա մասին այն ֆուտբոլասերները, որոնք չեն հետաքրքրվում հարավամերիկյան ֆուտբոլով, կարող էին լսած լինել, օրինակ՝ մայիսին: Մարտինոն հավակնում էր «Ռեալ Սոսիեդադի», «Մալագայի» կամ, ըստ որոշ աղբյուրների՝ «Ռեալ Մադրիդի» (դիտարկվում էր որպես Անչելոտիի այլնտրանք) ղեկը ստանձնելուն:

Առաջին հետաքրքիր փաստը, որն ուշադրություն է գրավում Վիքիպեդիայի նրա վերաբերյալ էջում.  Տատան ծննդով Ռոսարիոյից է, նույն քաղաքից, որտեղից են Չե Գևարան, Լուիս Սեզար Մենոտտին, Մարսելո Բյելսան և Լեո Մեսսին: Բոլորն էլ որոշ առումով «հեղափոխականներ» են, և բոլորը, բացի Չե Գևարայից, մինչ Մարտինոյի՝ Բարսայի ղեկը ստանձնելը հասցրել են գովեստի խոսքեր շռայլել նրա մասին: Մենոտտին մտածում է, որ լավագույնները Ռոսարիոյից ինքը, Մեսսին և Մարտինոն են: Բյելսան, ով ամենամեծ ազդեցությունն է ունեցել Մարտինոյի վրա, համարում է, որ շատ բան է սովորել նրանից՝ որպես մարդ և առաջատար: Իսկ Մեսսին, անցյալ տարի անդրադառնալով իր՝ մանկապատանեկան առաջին թիմում՝ «Նյուելզ Օլդ Բոյսում» Մարտինոյի կատարած աշխատանքին, գովաբանել էր նրան՝ համարելով Տատային մեծ մարզիչ: Լեոյի հենց այս խոսքերը ցիտելով՝ մայրաքաղային «մադրիդիստական» «ԱՍ-ը» միանգամից, երբ տեղեկատվություն տարածվեց Տատայի տարբերակի մասին, պնդեց, որ հենց Մեսսին է պահանջել իր համաքաղաքացուն՝ փորձելով ավելի շատ զարգացնել Մեսսիի՝ թիմի ներսում որպես բռնապետի մասին խոսակցությունները:

Տատա Մարտինո ֆուտբոլիստը և Բյելսայի փիլիսոփայության ազդեցությունը

18 տարեկանում հայտնվելով «Նյուելզի» կազմում՝ հետագա 15 տարիների ընթացքում այդ թիմի կազմում անցկացրել է 505 հանդիպում՝ դառնալով անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր, բայց ամենակարևորը՝ մինչ այժմ համարվում է երկրպագուների համար առաջին կուռքը՝ որպես ֆուտբոլիստ: Տատայի կարիերայի լավագույն տարիները համընկան «Բյելսիզմի» ժամանակաշրջանի հետ, երբ Բյելսայի ղեկավարած «Նյուելզը» հաղթեց արգենտինական «Ապերտուրայում» և Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում միայն 11 մետրանոցներով զիջեց «Սան Պաուլոյին», ովքեր հետագայում նվաճեցին Միջմայրցամաքային գավաթը՝ հաղթելով «Բարսելոնային»: Անգլիացի վերլուծաբան Ջոնաթան Ուիլսոնը Տատայի ֆուտբոլային մտածողության ամրապնդման հարցում կարևորում է 1991 և 1992 մրցաշրջանները:

Հաղթելով «Ապերտուրայում»՝ «Նյուելզը» մասնակցում էր Լիբերտադորեսի գավաթին, և խմբային մրցաշարում կրեց Բյելսայի մարզչական կարիերայի ամենացավալի պարտությունը՝ 6-0 հաշվով պարտվելով «Սան Լորենցոյին»: Թե ինչ տեղի ունեցավ խաղից հետո, պատմում է Բյելսան: «Ես փակվեցի իմ սենյակում, անջատեցի լույսերը, փակեցի վարագույրները և հասկացա, որ մեր մտածողության ճշմարիտ իմաստը երբեմն այնքան իմիջիայլոց ենք օգտագործում: Ես լաց էի լինում  և ցանկանում էի մահանալ: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում իմ շուրջ: Ես տառապում էի թե՛ որպես պրոֆեսիոնալ և թե՛ որպես երկրպագու»:

Կնոջ հետ հեռախոսազրույցից հետո Բյելսան որոշեց: Նա չի հրաժարվելու իր փիլիսոփայությունից, շարունակելու է այն ավելի ինտենսիվ փոխանցել իր խաղացողներին: Հուզական հոգեվիճակում գտնվելով՝ Բյելսան խաղացողներին ասաց այն, ինչ մտածում է, նրա խոսքում որը շրջադարձային դարձավ թիմի համար, շատ կարևոր էր թիմի անհատականությունների ներդրումը՝ հանուն ընդհանուր հաջողության: «Նյուելզը» այդ մրցաշրջանում Լիբերտադորեսի գավաթում ևս երեք անգամ հանդիպեց «Սան Լորենցոյին»: Նախ՝ պատասխան խաղում Բյելսայի թիմը հյուրընկալվելիս հաղթեց 0-1 հաշվով, իսկ արդեն 1/4-րդում՝ ընդհանուր 5-1 հաշվով:

Թիմում Բյելսայի հենակետերը համարվում էին Մաուրիսիո Պոկետինոն և Տատա Մարտինոն, ովքեր երկուսն էլ այժմ մարզիչ են աշխատում:

«Նյուելզի» երկրպագուները համարում են, որ Մարտինոն, որպես խաղացող, դաշտում էացնում էր Բյելսայի խաղային հիմնական փիլիսոփայությունը՝ զոհաբերվել հանուն թիմի, դիմել պրեսինգի և տիրել գնդակին: Նույնապես համարվում է, որ, օրինակ, Գվարդիոլան դաշտում էացնում էր Կրույֆի մտքերը, իսկ հետագայում Չավին՝ Գվարդիոլայինը:

Մարտինոյի ֆուտբոլային կարիերան Ռոսարիոյից մեկ մրցաշրջանով տեղափոխվեց Կանարյան կղզիներ: «Տեներիֆեի» կազմում Տատան իր նորամուտը նշեց «Կամպ Նոու» մարզադաշտում: Մինչ խաղացողի կարիերան ավարտելը Մարտինոն հասցրեց մեկ անգամ ևս կապվել «Բարսելոնա» անվան հետ՝ 5 հանդիպում անցկացնելով Գույակիլի Բարսայում: 1996-ին ավարտելով կարիերան՝ արդեն 2 տարի հետո անցավ մարզչական աշխատանքի:

15 տարիների ընթացքում գլխավոր հաջողություններին Մարտինոն հասել է՝ աշխատելով Պարագվայում: Նախ՝ նա «Սերո Պորտենյոյի» և «Լիբերտադի» հետ 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն, որից հետո ստանձնեց Պարագվայի ազգային հավաքականի մարզչի դերը: Պարագվայցիները, իրենց ունակություններից ելնելով, փակ և հակագրոհային ֆուտբոլ խաղացին ԱԱ 2010-ում, որտեղ միայն 1/4-րդ եզրափակչում զիջեցին ապագա չեմպիոն իսպանացիներին: Հաջորդ տարի՝ 2011-ին, Մարտինոն պարագվայցիներին առանց որևէ հաղթանակի հասցրեց մինչև Կոպա Ամերիկայի եզրափակիչ, որտեղ նրանք 3-0 հաշվով պարտվեցին ուրուգվայցիներին:

Տակտիկապես՝ ճկունությունը

Որքան էլ Մարտինոն համարվում է «Բյելսիստա», նա միևնույն է շատ ավելի պրագմատիկ է, քան Բյելսան: Հարավամերիկյան «քաոսային» ֆուտբոլում Մենոտտին համարում է, որ Մարտինոն կարողացավ համակարգվածություն ներարկել «Նյուելզի» խաղում, ինչը քիչ հանդիպող երևույթ է ներկայիս արգենտինական ֆուտբոլում: Ի տարբերություն «El Loco» Բյելսայի, Մարտինոն ինքն է հարմարվում թիմին, այլ ոչ՝ թիմը իրեն: Համարում է, որ ֆուտբոլիստները ավելի մեծ դեր ունեն, քան մարզիչը, և Մարսելոյի չափ չի սեղմում ֆուտբոլիստի անհատականությունը: Այսպիսով, օրինակ՝ Նեյմարը կամ Սեսկ Ֆաբրեգասը կարող են իրենց ավելի հանգիստ զգալ Մարտինոյի մոտ: Բյելսայից տարբերվում է նաև ավելի ուղիղ ֆուտբոլով՝ նախընտրելով այն դաշտի լայնությամբ կատարվող փոխանցումներին: Դասավորվածություններից, իհարկե, նախընտրում է խաղալ «4-3-3-ով», (այլապես բացառվում էր նրա հայտնվելը Բարսայի մարզչի պաշտոնում), որտեղ գլխավոր դերերից մեկը հատկացվում է քանդող-հենակետային կիսապաշտպանին, «Նյուելզում» դա Դիեգո Մատեոն էր, Բարսայում այն ավելի շուտ կարող է Մասչերանոն լինել, այլ ոչ թե ավելի նուրբ Բուսկետսը: Իհարկե, պետք չէ բացառել 2 ընդգծված հենակետայինով խաղը, կամ Չավիի ավելի շատ ներգրավվածությունը պրեսինգին կամ պաշտպանական գործողություններին: Մարտինոյի առավելություններից մեկն այն է, որ նրա թիմերը կարողանում են ճիշտ պաշտպանվել, նույն Պարագվային հաճախ համարում էին «հակաֆուտբոլ» խաղացող թիմ, բայց սա չպետք է թյուր կարծիք ստեղծի Տատայի մասին: Մարտինոն, առաջին հերթին, սիրում է տիրել և հարձակվել:

Այժմ կատալոնիական թիմում նա ունի Պույոլի, Ինյեստայի և Մեսսիի աջակցությունը: Շատ կարևոր է, որ Բարսայի երկրպագուները վերջապես ավարտված համարեն Գվարդիոլայի ժամանակաշրջանը, որը շարունակվում էր նաև Վիլանովայի օրոք: «Կուլեները» պետք է հստակ ընկալեն, որ հնարավոր է նաև՝ Պեպի կարգի մեկը այլևս երբեք թիմում չհայտնվի, և թույլ տան Տատային աշխատել: 2000-ականների սկզբից Բարսան հաջողությամբ ղեկավարել են Ռայկարդը, Գվարդիոլան և Վիլանովան՝ Կատալոնիայում աշխատանքից առաջ որևէ լուրջ հաջողություն չունենալով: Տատան, ով իր իսկ խոսքերով՝ չգիտի, թե ինչու են իրեն Տատա անվանում, շատ ավելի պատրաստված և փորձառու է, քան նույն Տիտո Վիլանովան, և դժվար թե նա ձախողի իր կյանքի ամենաբարդ մարտահրավերը, որը սկսելուց առաջ Ռոսարիոյից հայտարարեց. «Մենք ինքներս կհարմարվենք Բարսային»: