31.07.2013 15:30

Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է. Տեսանյութ

Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է. Տեսանյութ
Լուսանկարը՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան» ֆեյսբուքյան էջից

Արդեն քանի օր է՝ համացանցում ակտիվորեն տարածվում է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի ասուլիսից մի հատված, որտեղ նա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս հայտարարում է, թե «նա առաջին անգամ Ղարաբաղ է եկել 1996-ին»: Ակնարկն այն է, թե Նախագահը մինչեւ զինադադարի մասին պայմանագրի ստորագրումը Ղարաբաղում չի եղել: Իսկ պատասխանն էլ հետևել է այն հարցին, թե ինչո՞ւ  Ղարաբաղի և Հայաստանի բոլոր նախագահների լուսանկարները կան նրա աշխատասենյակում՝ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից: Ու նորից համացանցում նույն հիստերիան է՝ թե իբր նախագահ Տեր-Պետրոսյանը որեւէ կապ չի ունեցել պատերազմի եւ այդ պատերազմում մեր ունեցած հաղթանակների հետ: Սրան էլ գումարած Ա1+-ի կողմից Ղարաբաղում անցկացված հարցման տեսանյութի հրապարակումը, որտեղ մարդիկ բացասական գնահատականներ են հնչեցնում առաջին  նախագահի հասցեին: Մի կողմ թողնելով այն, որ Մովսես Հակոբյանը ստում է՝ ասելով, թե նախագահ Տեր-Պետրոսյանն առաջին անգամ 1996-ին է եղել Ղարաբաղում, փաստենք, որ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, եւ ամեն ինչ իր տեղը դնելու համար մեզ երկար ժամանակ կպահանջվի, բայց ամեն ինչի մասին՝  հերթով:

Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է

Այս բառերով մի անգամ նախագահ Տեր-Պետրոսյանը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ ինքը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման մասին, եւ ապա հավելեց. «Եթե ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, բացառված է: Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի՝ մինչեւ այդ հարցը վերջնականապես չլուծվի»: Իսկապես որ՝ իրավիճակի ամենաճիշտ եւ սթափ գնահատականը: Վստահ եմ, որ Առաջին նախագահն էլ հոգնած կլինի այս տեսակի խոսակցություններից, որովհետեւ ներկա քարոզչական պայմաններում սթափ միտք արտահայտելը նման է հողմաղացների դեմ պայքարելուն: Նախագահի կողմնակիցները պարբերաբար ստիպված են լինում քարոզչական ճակատամարտեր մղել այս կամ այն անձանց դեմ, որպեսզի ապացուցեն մի բան, որը նույնիսկ ապացուցման կարիք էլ չունի, որն ակնհայտ է: Բայց այն իրավիճակում, որ ունենք այսօր, ակնհայտ բաները դեռ երկար անապացուցելի են համարվելու, որովհետեւ ստեղծվել է ակնհայտը ժխտելու եւ չտեսնելու համար մի «հրաշալի» իրավիճակ, եւ մինչ այդ իրավիճակը չփոխվի, մարդիկ ի վիճակի չեն լինելու ակնհայտը տեսնել ու խոստովանել: Իսկապես որ, պարտությունը որբ է: Եթե ղարաբաղյան պատերազմում մենք պարտություն կրեինք, ես ավելի քան վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը այդ պարտությունը վերագրելու էր բացառապես մեկ հոգու, եւ կասկած չկա, որ այդ մեկ հոգին հենց առաջին նախագահն էր լինելու: Եթե Շուշին չազատագրվեր, ապա բոլոր նրանք, ովքեր այսօր հենց իրենց ու միայն իրենց են վերագրում Շուշիի ազատագրման մտահղացումը, ասելու էին, որ ձախողված մտահղացման հեղինակը նախագահ Տեր-Պետրոսյանն է եղել, եւ ջանք չէին խնայելու իրենց անունը կատարվածից հնարավորինս հեռու պահելու համար: Բայց քանի որ հաղթեցինք, ու մի քանի հարյուր տարի տեւած «տարածքային նվազումից» հետո առաջին անգամ ունեցանք տարածքային ձեռքբերում, հաղթանակը հազար ու մի հայր ձեռք բերեց: Եւ պատահական չէ, որ Ղարաբաղում հատկապես ազատամարտի մասնակիցների շրջանում հայտնի կատակ է շրջանառվում. Շուշիի ազատագրման համար մեդալ ստացել է մի քանի անգամ ավելի մարդ, քան մասնակցել է այդ իրադարձություններին:

Թիրախային քարոզչություն

Առաջին նախագահի կառավարման տարիների «ամենամեծ բացթողումն» այս առումով այն  է եղել, որ նախագահ Տեր-Պետրոսյանը չի ջանացել եւ չի «քարոզել տվել» այն գաղափարը, որ հաղթանակին միայն իր շնորհիվ ենք հասել: Այն ժամանակ հնարավորություն տրվեց բոլորին հաղթանակի հայրը դառնալ, բոլորը տերն էին հաղթանակի, բոլորը զգացմունքների ու էյֆորիաների տերն էին: Բոլորը ցանկանում էին ապրել հաղթանակի բերկրանքը, բայց դուրս չգալ զգացմունքային դաշտից, բոլորն ուզում էին կիսել հաղթանակի ուրախությունը, բայց ոչ՝ պատասխանատվությունը: Որովհետեւ ուրախությունը կիսում էին սրտով, էմոցիաներով, կենաց-ելույթներով, իսկ պատասխանատվությունը քայլեր էր պահանջում, գաղափարներ ու գործեր էր պահանջում: Պատասխանատվությունը կոնկրետ անելիք էր պահանջում, սթափություն ու կշռադատվածություն էր պահանջում: Հենց այդ պատճառով էլ շատ քչերը քաջություն ունեցան մտնել այդ պատասխանատվության տակ, մյուսները նախընտրեցին մնալ կենացների դաշտում:

Ազդեցիկ հակաքարոզչությունը

Առաջին նախագահի հրաժարականից հետո սկսվեց նրա դեմ հակաքարոզչության ամենաակտիվ շրջանը: Ավանգարդում հատկապես նրանք էին, ովքեր նախագահ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք երկրորդական պաշտոններ էին զբաղեցնում: Կենացների կողմնակիցները փոխարինեցին պատասխանատվության կողմնակիցներին, ու սկսվեց կենացային քարոզչությունը՝ ընդդեմ պատասխանատվության: Նրանք, ովքեր ԼՂ հիմնախնդրի լուծումը պատկերացնում էին 4-րդ դասարանի շարադրության եւ կենացային բարեմաղթանքների շրջանակներում՝ սկսեցին պատասխանատվություն կրողներին ներկայացնել որպես դավաճաններ եւ Ղարաբաղը ծախողներ: Ու խնդիրն ամենեւին էլ հակամարտության լուծման բովանդակային մասը չէր: Խնդիրը անձնավորված էր: Ու հենց այդ պատճառով էլ թիրախում, առաջին հերթին, Առաջին նախագահն էր: Քարոզչությունը հատկապես ակտիվ ու ագրեսիվ տարվեց Ղարաբաղում: Որովհետեւ պարզ էր՝ հատկապես Ղարաբաղում Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է կողմնակիցներ չունենա: Խոսքն այն մարդկանց մասին չէր, ովքեր գիտակցաբար տրվում էին այդ քարոզչական սադրանքներին, եւ իրենք էլ մաս էին կազմում այդ քարոզչությանը: Թիրախում այն մարդիկ էին, ովքեր տեղեկատվական բլոկադայի պայմաններում պետք է ունենային ինֆորմացիայի միայն մեկ աղբյուր, եւ այդ աղբյուրը պետք է նրանց մոտ միֆական-հրեշային պատկերացումներ ձեւավորեր՝ ընդդեմ պատասխանատվության կրողների: Գեբելսյան քարոզչությունը, որի ավանգարդում Հ1 հեռուստաալիքն էր, աշխատեց: Դե պարզ էր՝ պարբերաբար կրկնվող սուտը ճշմարտություն էր դառնում թիրախում ընդգրկվածների համար: Հենց այդ է պատճառը, որ բոլոր նրանց պատկերացումները, ովքեր Ղարաբաղում խոսում են Առաջին նախագահի մասին՝ չեն անցնում միֆերի սահմաններից անդին, եւ չեն տեղավորվում որեւէ տրամաբանության շրջանակներում: Նրանք ասում են բաներ, որոնցից իրենք իսկ սարսափում են, որովհետեւ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ասում, նրանց բացասական վերաբերմունքը հիմնականում որեւէ տրամաբանական փաստարկ չի բերում, նրանց վերաբերումքը զգայականի դաշտից է, որ որպես մնացորդ՝ պահպանվել է հայկական հեռուստաալիքների քարոզչությունից: Ինչին էլ, ի դեպ, վերջիններս ձգտում էին հասնել:

Լուծումը

Լուծումը պարզ է, բայց եւ ժամանակատար: Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն: ԶԼՄ-ները պետք է ազատականացվեն: Դրանից հետո միֆերի տարածումը պետք է փոխարինվի սովորական, ճշմարիտ, իրական լրատվությամբ: Ավելի քան տասը տարի քարոզչության թիրախում հայտնված ղարաբաղցիներին պետք է ժամանակ տալ մարսելու իրենց համար լիովին նոր, այլ լրատվության, այլ տեղեկությունների տարածումը: Պետք է սկսվի պատերազմի մասին տեղեկատվության ապամիֆականացումը: Ընդ որում՝ դա պետք է արվի հնարավորինս ագրեսիվ ու արագ: Տեղեկատվական թմբիրի մեջ հայտնված մարդկանց պետք է հանել զգայական-անտրամաբանական դաշտից, միտքը պետք է փոխարինի էմոցիային, գաղափարն ու տեսլականը՝ ցանկությանն ու բարեմաղթանքին, առաջարկը՝ բաժակաճառին: Դժվար է լինելու, իհարկե, որովհետեւ գեբելսյան քարոզչությունը մխտռել է հաղթանակն ու ամեն ինչ տակնուվրա արել Դանեմարքում: Դժվար է լինելու, բայց ոչ՝ անլուծելի: Ուղղակի ժամանակ է պետք: Իսկ մինչ այդ՝ եկեք չմոռանանք, որ գեբելսյան քարոզչամեքենան իր անելիքն կատարել ու նույնիսկ գերակատարել է, եւ մարդկանց հայհոյելու փոխարեն՝ պատրասվենք տեղեկատվական թմբիրից հանելուն:

Հ.Գ. Այս ամբողջ կոնտեքստում ուշագրավ է նաեւ Մովսես Հակոբյանի կերպարը: Նրան առանձին անդրադառնալու առիթ դեռ կունենանք: Մինչ այդ հիշեցնենք, որ վերջինս մի քանի անգամ անդրադառնալով (Ռոբերտ Քոչարյանի եւ ապա՝ Սերժ Սարգսյանի ժամանակ) ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հայտարարել էր, թե ինքը ընդամենը զինվորական է, եւ եթե քաղաքական իշխանությունը հրաման տա զորքը հետ բերել, ինքը կկատարի այդ հրամանը: Եթե Մովսես Հակոբյանը զինվորական է, ուրեմն ճիշտ կանի՝ իրեն հե՛նց զինվորականի նման պահի, որովհետեւ փորձն արդեն ցույց է տվել, որ քաղաքական գնահատականներ հնչեցնելը ամեն մարդու «հագով չէ»: Առավելեւս՝ որ ինքն էլ խոստովանել է, որ եթե այն ժամանակ Քոչարյանը, հիմա՝ Սարգսյանը, իրեն զորքը հետ քաշելու հրաման տան, ինքը դա կանի:

Քրիստինե Խանումյան