01.08.2013 19:49

ՀՀԿ-ական պատգամավոր. Արտագաղթը, իսկապես, մեր հիմնական խնդիրներից մեկն է

ՀՀԿ-ական պատգամավոր. Արտագաղթը, իսկապես, մեր հիմնական խնդիրներից մեկն է

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը

-Պարոն Մինասյան, ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, համաձայն որոնց, ՀՀ-ից հեռացած ու վերադարձած քաղաքացիների թվի տարբերությունը հասել է 123 հազարի: Որպես իշխող ՀՀԿ ներկայացուցիչ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Արտագաղթը, իսկապես, մեր հիմնական խնդիրներից մեկն է: Բայց այդ ուղղությամբ կատարվում են աշխատանքներ: Այդ աշխատանքները լինելու են շարունակական, եւ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք, նպատակ ունեն նվազեցնել արտագաղթը:

-Դուք ասում եք, որ շարունակական աշխատանքներ եք տանում, սակայն արտագաղթողների թիվը տարեցտարի ավելանում է` նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ թիվը 99 հազար էր, հիմա հասել է 123 հազարի:

-Այո, իսկապես այդպես է: Բայց միաժամանակ ասեմ, որ մեր կողմից իրականացվող աշխատանքները նպատակ ունեն նվազեցնել արտագաղթը, մասնավորապես`հարկային ու մաքսային ոլորտի բարեփոխումները, նույն կառավարման համակարգում բարեփոխումները, ժողովրդավարության բնագավառում բարեփոխումները, խոսքի ազատության ոլորտում բարեփոխումները: Եվ այդ ամենը համապարփակ ձեւով պետք է կարողանան ստեղծել իրավիճակ, որպեսզի մեր համաքաղաքացիներն իրենց առօրյա խնդիրները հեշտությամբ լուծեն մայր հայրենիքում:

-Իսկ ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվում այդքան ծրագրեր անելուց հետո նվազեցնել արտագաղթի ծավալները, ավելին` դրանք ավելանում են: Գուցե՞ ճիշտ քայլեր չեն իրականացվում, կամ՝ իրականացվում են թերի:

-Ոչ, պարզապես այն քայլերը, որ իրականացվում են, բավարար չեն, որպեսզի կասեցնեն արտահոսքը: Մենք պետք է իրողությունները գնահատելով, էլ ավելի մեծացնենք ջանքերը, որպեսզի կարողանանք լուծել խնդիրները:

-Մյուս կողմից խոսվում է տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին. ինչպե՞ս կարող է մի կողմից Հայաստանում տնտեսությունն աճի, մյուս կողմից էլ՝ արտագաղթը տարեցտարի ավելանա:

- Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ տնտեսական աճը պետք է կապված լինի արտագաղթի հետ: Այնպես չէ, որ երկրները, որտեղ տնտեսական աճի մակարդակը ցածր է, այնտեղից ավելի շատ են մեկնում: Եթե համեմատենք Հայաստանը շատ այլ երկրների հետ, ապա մեր տնտեսական աճի ծավալները չափազանց բարձր են, բայց կենսամակարդակը ավելի ցածր է, քան այն երկրներում, որտեղ տնտեսական աճը ցածր է: Վերջին տասը տարիներին Ֆրանսիայի տնտեսական աճը Հայաստանի հետ համեմատած, ցածր է: Մեզանում այդ աճը մշտապես ավելի բարձր է եղել: Բայց Ֆրանսիայում կենսամակարդակը մշտապես ավելի բարձր է եղել, քան Հայաստանում: Դա եղել է դարերի ընթացքում ձեռքբերված նվաճումների հետեւանքով:

- Այսինքն` արտագաղթն ու տնտեսական աճը միմյանց հետ չե՞ք կապում:

- Իհարկե, ոչ: Տնտեսական աճը արտագաղթը զսպելու հիմնական միջոցն է: Բայց դա չի նշանակում, որ եթե տնտեսական աճը բարձր է մեկ այլ երկրից, ապա դու այդ երկրի տնտեսական զարգացվածության մակարդակն ունես:

- Ընդդիմությունը պնդում է, որ այս իրավիճակից դուրս գալու հիմնական ելքը իշխանափոխությունն է:

- Ընդդիմությունը հենց դրա համար էլ կոչվում է ընդդիմություն: Կարգավիճակը պարտադրում է մտքերը:

 

Արման Գալոյան