11.10.2012 16:42

Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցվել

 Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցվել

Բրյուսելում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և ՀՀ-ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի (ԽՀԱԱԳ) գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի զարգացումները, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ աջակցության ծրագրերին առնչվող հարցեր:

Կողմերն արձանագրել են, որ անցյալ տարի սեպտեմբերին Երևանում կայացած 12-րդ նիստից հետո զգալի և էական առաջընթաց է գրանցվել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում: Հատկապես ամրագրվել է ՀՀ-ԵՄ ԽՀԱԱԳ գոտու ստեղծման շուրջ բանակցային արդյունավետ գործընթացը և գրանցված առաջընթացը: Նիստի ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ:

1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։

Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում: