02.08.2013 18:52

ԼՂՀ ԱԳ նախարարի սենսացիոն հայտարարությունը

ԼՂՀ ԱԳ նախարարի սենսացիոն հայտարարությունը
Լուսանկարը՝ Mediamax.am-ից

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Ազգ» թերթին տված հարցազրույցում, կարելի է ասել՝ սենսացիոն հայտարարություն է արել: «Ինչպես գիտեք, բանակցային գործընթացի սկզբնական փուլում, երբ շատ կարեւոր որոշումներ էին ընդունվում, խոսք էր գնում պատերազմը դադարեցնելու եւ խնդիրը դեպի քաղաքական դաշտ տանելու մասին, Ղարաբաղը բանակցությունների անմիջական մասնակից է եղել եւ շատ առումներովՙ շնորհիվ Ղարաբաղի ակտիվ մասնակցության, հաջողվեց հասնել որոշակի ձեռքբերումների: Ցավոք, այսօր Ղարաբաղն այդքան էլ ակտիվ ներգրավված չէ բանակցային գործընթացում»,- ասել է Միրզոյանը:

Իհարկե, բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալը վերջինս պայմանավորել է ոչ թե Հայաստանի ներկայիս իշխանությունների վարքով, այլ Ադրբեջանի հետ կապված, բայց այդ մասին՝ մեկ այլ անգամ: Իսկ հայտարարությունը սենսացիոն է: Ընդ որում՝ սենսացիոն է ոչ թե այն պատճառով, որ Միրզոյանն այնպիսի բացահայտում է արել, որի մասին ոչ ոք տեղյակ չէր, կամ՝ քչերն էին տեղյակ, այլ  ներկայիս ներքաղաքական իրավիճակն ու իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տարվող քարոզչության կոնտեքստում: Ինչպես հայտնի է, թե՛ ներկայիս իշխանությունները եւ թե՛ հատկապես նրանց համար աշխատող ակտիվիստ, բլոգերներ, վերլուծաբաններ ու փորձագետներ-մտավորականները, ինչպես նաեւ իշխանական ու իշխանամերձ ուժերին հարողները, ցանկացած տեսակի քննարկման, բանավեճի, խոսակցության ժամանակ սիրում են առանձնակի դաժանությամբ խեղել պատմությունը եւ բանակցային գործընթացին երբեմն անգամ ծանոթ չլինելով հանդերձ՝ այնպիսի լեգենդներ ներկայացնել, որ իրադարձություններին ծանոթ մարդկանց կարող է ապշահար անել:

Ընդ որում՝ ասվածը չափազանցություն չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի եւ բանակցային գործընթացի մասին երբեմն կարող են դատողություններ անել այնպիսի մարդիկ, ովքեր քարտեզի վրա չեն կարող անգամ տարբերել Զանգելանն ու Քարվաճառը: Սա՝ իմիջիայլոց:

Հիմա՝ լեգենդների մասով: Այս կոնտինգենտի ամենասիրելի թեմաներից մեկը, ի դեպ, այն է, թե ինչպես էր ժամանակին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իբր «ծախում Ղարաբաղը», իսկ երբ ընդդիմադիրները խոսում են այն մասին, որ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից ներկայիս իշխանությունների ապաշնորհության պատճառով, սրանք «բիրիքով» արձագանքում են, թե Ղարաբաղը այդ ե՞րբ է եղել բանակցային գործընթացի մասնակից, որ, Ղարաբաղը երբեք էլ բանակցային կողմ չի եղել: Ու այս պարագայում նրանց համար բերվող ցանկացած փաստ, ցանկացած ապացույց (անգամ հրադադարի մասին Բիշքեկյան հայտնի համաձայնագիրը, որտեղ որպես առանձին կողմ՝ ներկայացված է նաեւ պաշտոնական Ստեփանակերտը), ուղղակի գոյություն չունեն: Չեն ընդունում ակնհայտ բաներն ու վերջ:

Եւ հենց այս համատեքստում էլ ԼՂՀ ԱԳ նախարարի հայտարարությունը սկանդալային է: Սկանդալային, ոչ թե որովհետեւ Միրզոյանը գաղտնիք է բացահայտել, այլ որովհետեւ համարձակվել է ասել ճշմարտությունը, թեկուզեւ հետո լղոզել է բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու պատճառները:

Այնպես որ, բոլոր նրանց, ովքեր երբեւէ բանավեճի կբռնվեն հերթական իշխանական քարոզիչի հետ, այլեւս շատ լավ հաղթաթուղթ ունեն ձեռքի տակ: Հենց որեւէ մեկն ասի, թե ձեր կողմից բերված փաստերը իրական չեն, հենց ասեն, թե չեն հավատում, որ «մածունն իսկապես սպիտակ է եղել», այդ մարդկանց համար ուղղակի կմեջբերեք ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը իշխանական թերթին եւ կասեք՝ սա էլ հո մենք չենք ասում, սա էլ հո ԼՂՀ ԱԳ ներկայիս նախարարն է ասում:

 

Պարգեւ Ապրեսյան