03.08.2013 16:31

«Թարգմանության դժվարություններ»՝ պարսկերենից

«Թարգմանության դժվարություններ»՝ պարսկերենից

Թարգմանության սխալը միջազգային սկանդալի պատճառ է դարձել. իրանական ԶԼՄ-ները ազատ մեկնաբանություն են տվել երկրի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի՝ Ալ-Քուդսի օրը տեղի ունեցած հանրահավաքում ասված խոսքերին: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, թե պետության ապագա ղեկավարը Իսրայելի պետությունն անվանել է «թարախի պալար, որը պետք է պատռել»:

Իրականում Ռուհանին այլ կերպ է արտահայտվել.

«Արդեն երկար ժամանակ է՝ մեր տարածաշրջանում արյունահոսում է վերքը մուսուլմանական աշխարհի մարմնի վրա, սրբազան պաղեստինյան երկրի օկուպացիայի և սիրեցյալ Ալ-Քուդսի (Երուսաղեմի) ստվերում»: «Արյունահոսող վերք» ասելով՝ Ռուհանին նկատի ունի Պաղեստինը, որի հետ համերաշխության օրն էլ հենց նշվել է ուրբաթ օրը:

Սխալ թարգմանությունը հասցրել է կտրուկ արձագանքի արժանանալ Իսրայելում, քանի որ այդ արտահայտությունները խիստ հակադրվում էին «չափավորության և հարաբերությունների կարգավորման» այն կուրսին, որի մասին Ռուհանին հայտարարել էր ընտրվելուց հետո: Ենթադրվում է, որ իրանական ԶԼՄ-ները «մեքենաբար» խմբագրել են Ռուհանիի խոսքերը նրա նախորդի՝ Մահմուդ Ահմադինեժադի ոգով: Վերջինս նույնպես ներկա է եղել հանրահավաքին ու հայտարարել է. «Արևմուտքն ու սիոնիստները քամի են ցանել, սակայն փոթորիկ կհնձեն, ինչն արմատախիլ կանի Իսրայելը», փոխանցում է euronews-ը: