03.08.2013 17:04

Գերման Ավագյան` պատմության վավերագրողը

Գերման Ավագյան` պատմության վավերագրողը
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի Ֆեյսբուքյան էջից

Yerkir.am-ը հարցազրույց է արել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ

Գերման Ավագյան` վավերագրական լուսանկարիչ, որի լուսանկարների խորության հետեւում կանգնած է հեղինակի անցած ճանապարհը: Ավագյանը կարծում է, որ լուսանկարի իմաստը պատմություն ներկայացնելն է: Ըստ նրա, լուսանկարի միջոցով կարծես այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցնենք, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք: Ավագյանը վերջերս հրավիրվել է Ֆրանսիա` մասնակցելու սեպտեմբերին այնտեղ կայանալիք միջազգային ամենամյա ֆոտոփառատոնին: Նա փառատոնին է մասնակցելու իր` «Մահից հետո ծնվածները» շարքով: Ուշագրավ է այն հանգամանքը, որ սա փառատոնի պատմության մեջ առաջին դեպքն է, որ վավերագրական լուսանկարների ցուցադրություն է լինելու:

Մահից հետո ծնվածները» շարքը կյանքի կոչելու մտահղացումն ինչպե՞ս ծագեց

 -Պատերազմ էր եւ այն ժամանակ լավ լուսանկարչական ապարատ չունեի, բայց չէի կարող չգնալ: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ դոկումենտալ լուսանկարչությամբ եմ զբաղվելու: Շարքում նկարել եմ այն երեխաներին, որոնք ծնվել են իրենց հոր զոհվելուց հետո: Անցնում են տարիներ, բայց ցավը չի անցնում. ես սպասել եմ մինչեւ այդ երեխաները մեծանան: Երեխաների եւ զոհված հայրերի նմանությունը շատ սարսափելի է. նկարները նայելիս զգում են, որ իրոք, երեխան հոր շարունակությունն է: Բայց շարքն անելուց հետո հասկացա, որ միայն հայր-երեխա կապով ամեն ինչ չի վերջանում, կա նաեւ երկրորդ կողմը` մայրը: Այդ տարիներին, օրինակ, 18 տարեկան աղջիկը ամուսնանում էր, իսկ երկու ամիս հետո զոհվում է նրա ամուսինը, ով չի էլ իմացել, որ կինը հղի է: Այդ մանկահասակ աղջիկներին համոզում էին նորից ամուսնանալ, բայց նրանք չէին ուզում. նրանք չեն ամուսնացել, իրենց երեխաներին են մեծացրել: Իմ շարքը, կարծում եմ, լավագույն արձանն է զոհվածների հիշատակին: Գիտեք` զարմացած եմ, որ Ֆրանսիայում որոշել են Ղարաբաղի ցավը ներկայացնել, ինձ համար դա մեծ քայլ է: Եթե համապատասխան ֆինանսավորում գտնեմ, անպայման կմասնակցեմ փառատոնին: Կուզենայի նաեւ, որ մի արվեստաբան-լրագրող ինձ հետ Ֆրանսիա ուղարկեին, որ լուսաբաներ փառատոնը:

-Տարիներ են անցել, ինչ ԼՂՀ-ում խաղաղություն է հաստատվել, սակայն սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը. երբեմն ասում են, որ «Ղարաբաղյան համախտանիշի» հետ գործ ունենք: Կարելի է՞ ասել, որ պատերազմը շարունակվում է:

-Մինչեւ Ղարաբաղը չմաքրվի ականներից, այո, պատերազմը շարունակվում է: Ես «Շարունակվող պատերազմը» շարք էլ ունեմ, որը պատմում է այն երեխաների մասին, որոնք հաշմանդամ են դառնում պատերազմի հետեւանքով. պատերազմը խլել է նրանց մանկությունը:

-Տարիներ առաջ մի շարք էիք պատրաստում` սպիտակարյունություն ունեցող երեխաների մասին. ինչո՞ւ այն կիսատ մնաց եւ չցուցադրվեց:

-Այդ շարքը 2007-ին սկսեցի: Անգամ Ամանորին ընկերներող փող հավաքեցինք, որ նվերներ գնենք այդ երեխաների համար եւ Արթուր Բախտամյանին խնդրեցի, որ բաժանի դրանք երեխաներին: 5 օր հետո իմացա, որ 3 երեխա է մահացել: Հասկացա, որ չեմ կարող այդ երեխաներին օգնել. վերջերս Մարկն էլ մահացավ նույն հիվանդությունից: Մեզ մոտ ինչ-որ բան սխալ է, եւ դա պետք է փոխվի, համակարգը պետք է փոխվի: Չգիտեմ` ինչի՞ն եմ սպասում, բայց սպասում եմ եւ դեռ պատրաստ չեմ այդ շարքը համալրելու:

Հ. Գ. Ի դեպ, հեղինակի հետ շփվելիս` հետաքրքիր մի բացահայտում արեցի` Ավագյանի լուսանկարները, որոնցում հիմնականում, մեղմ ասած, տխուր պատմություններ են ներկայացված, տրամադրության անկման փոխարեն` հույսի ծիլեր են արթնացնում` ինչպես եւ հեղինակը: Նրա հետ զրուցելուց հետո /կրկին ոչ այնքան ուրախ ու թեթեւ թեմաների շուրջ/` ցանկանում ես փոխել ինչ-որ բան, անգամ այն, ինչ ի վիճակի չես փոխելու:

Մանրամասները` տեսանյութում:

 

Զրուցեց` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ