06.08.2013 19:58

Վազգեն Մանուկյանի երազը

Վազգեն Մանուկյանի երազը
Կոլաժը՝ Վահե Ներսիսյանի (c) medialab.am

ՉԻ-ի նմանությամբ

Ինքը կանգնած է իր աշխատասենյակի դռան մոտ եւ գորովանքով նայում է այնտեղ փակցված ցուցանակին, որի վրա գրված է ՝«Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ. Նախագահ»: Համառորեն չնկատելու է տալիս դրան նախորդող «Հանրային Խորհուրդ» գրությունը:

Տեսարանը փոխվում է, ինքը նույն գորովանքով նայում է պատից կախված Սերժ Սարգսյանի լուսանկարին եւ ապա սրբում է նկարի վրայի փոշին: Հանկարծ լուր է ստանում, թե ինչ-որ քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում տրանսպորտի թանկացման դեմ: Միանգամից մոռանում է քաղաքապետի անունը: Հասկանում է, որ արդեն աշխատասենյակից թռչելու ժամանակն է, պետք է աճապարել եւ գնալ Մաշտոցի պուրակ: Իրեն տեղեկացնում են, որ «նախագահն է քսիֆ» ուղարկել, պետք է գնա եւ փորձի վերահսկել երիտասարդներին:

Արագ նստում է ավտոմեքենան եւ սլանում Մաշտոցի պողոտա: Ճանապարհին զգում է, որ կորցնում է իրականության զգացումը. հանկարծ հասկանում է, որ դրսում նորից 1996 թվականն է, նախագահական ընտրությունները նոր են ավարտել, երկրի նախագահն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Զգում է, որ ամեն ինչ աչքերի առաջ փոխվում եւ սեւանում է: Մարմինը դող է ընկել: Հենց վարորդը կանգնեցնում է մեքենան Մաշտոցի պուրակի մոտ՝ «մեքենայից թռչելու ժամանակը» գոռալով դուրս է վազում, հետո հավելում. «15 րոպեից չգամ, արի իմ հետեւից»: Վարորդը շվարած նայում է  նրա հետեւից:

Մաշտոցի պուրակ: Ակտիվիստները հավաք են անցկացնում: Հիմնական մասը նստել է գետնին: Ոմանք հերթով ելույթ են ունենում: Ինքն էլ է նստում գտենին եւ սկսում է մտորել: Հասկանում է, որ վերջապես եկել է իր աստեղային ժամը: Մտքում մի քանի սցենարներ է մշակում: Նախ մտմտում է ելույթի տեքստը, հետո մտովի պատկերացնում է, թե ինչպես է երիտասարդությունը իր ելույթից ոգեւորված գալու իր հետեւից, հետո արդեն պատկերացնում է Բաղրամյան պողոտան, ԱԺ շենքը, եւ ԱԺ դարպասները:

Ակտիվիստները բարձրախոսով շարունակում են ելույթ ունենալ, ինքը նշան է տալիս, որ ելույթ ունենալու ցանկություն ունի: Խոսքը տալիս են իրեն: Մոտենում է բարձրախոսին եւ գործի դնելով իր հռետորական ողջ արվեստը՝ սկսում է խոսել. «Սիրելի ակտիվիստներ, դեռ 96 թվի նախագահական ընտրություններին ես մի հատ կոչ էի ուղղել ժողովրդին…»:

Ինքը շարունակում է խոսքը, սակայն աչքի տակով նկատում է, որ ակտիվիստներից ոմանք տարակուսած են նայում իրեն, որոշ տեղերից էլ քմծիծաղ է լսում: Հասկանում է, որ մի բան այնպես չի ասել, արագ խոսքն ավարտում է եւ նորից նստում գետնին: Փորձում է հասկանալ, թե ինչն այնպես չի արել:  

Զգում է, որ վերահսկել օպերացիան չի ստացվում: Սակայն դեռ հույսը չի կորցնում: Շրջվում եւ կողքինների ականջին փսփսում է. «Պուրակից թռչելու ժամանակն է, պետք է գնալ ԱԺ շենքը գրոհել, տրանսպորտի թանկացումը շատ մանր հարց է, հասկանո՞ւմ եք՝ նախագահական ընտրությունները կեղծվել են, նախագահը լեգիտիմ չէ»:

Կողքի նստած երիտասարդը զարմացած նայում է իրեն. «Բայց, պարոն Մանուկյան, դուք, եթե չեմ սխալվում,  Սերժ Սարգսյանի իշխանության մաս եք կազմում»: «Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ես նախագահի մասին եմ խոսում, նա չի ընտրվել նախագահ»:

-Պարոն Մանուկյան, դուք ընդդիմադի՞ր եք:

-Իհարկե, իհարկե, ես ընդդիմադիր եմ, ես նախագահի դեմ եմ:

-Բա ինչո՞ւ այդ մասին չեք ասել մինչեւ հիմա:

-Ինչպե՞ս թե չեմ ասել, ես 1996-ից առաջ էլ, հետո էլ ամեն օր ասում եմ այդ մասին:

-Պարոն Մանուկյան, դուք ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք նախագահ:

-Ինչպե՞ս թե,- զարմանում է ինքը, -իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին եմ խոսում:

Երիտասարդը է՛լ ավելի է զարմանում.

-Պարոն Մանուկյան, դուք էլի 1996-ում եք, հիմա 2013 թվականն է:

-Ինչպե՞ս թե՝ 2013 թվակա՞ն: Ուրեմն, ես նախագահի կողմից եմ, մեր երկրում ժողովրդավարություն է, Սերժ Սարգսյանի օրոք քաղբանտարկյալներ չեն եղել ու չկան, խոսքի ազատություն է, Հ1-ի Հայաստանն այլեւս իրականություն է, նախկինում դժվար էր քննադատել իշխանություններին, հիմա՝ ընդդիմությանը, կեցցե Սերժ Սարգսյանը, նա այնքան ժողովրդավար է, որ թույլ է տալիս ձեզ պայքարել…

Չի հասցնում, սակայն, խոսքն ավարտին հասցնել, երբ զգում է, որ ինչ-որ մեկը քաշում է իր շորերից ու բառիս բուն իմաստով դուրս է տանում նրան պուրակից: Շրջվում է՝ տեսնում է վարորդն է:

-Ի՞նչ ես անում,- գոռում է վարորդի վրա:

-Շեֆ ջան, չե՞ս ասել՝ 15 րոպեից չգամ, կգաս հետեւիցս: Ես էլ տեսա չես գալիս, եկա քեզ տանեմ:

Փորձում է դիմադրել, բայց ապարդյուն: Զարթնում է հոգեբանի սենյակում՝ սեանսի ժամանակ:

-Հիմա, պարոն Մանուկյան, փորձում ենք նորից. ասում եք՝ այժմ ո՞ր թիվն է:  

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին