07.08.2013 12:17

«Փարքինգ Սիթի Սերվիսը» պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին (փաստաթղթեր)

«Փարքինգ Սիթի Սերվիսը» պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին (փաստաթղթեր)

Ինչպես արդեն հայտնի է` Երևանի քաղաքապետարանի ավագանու 2012 թ. դեկտեմբերի 25-ին կայացրած «Երեւանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» որոշումը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել հասարակության շրջանում: Մամուլում արդեն նշվել է, որ սույն որոշումը «Ապօրինությունների ռեկորդային քանակ» է պարունակում: Թե ՀՀ քանի օրենքի է միաժամանակ հակասում սույն որոշումը, կարող եք կարդալ այստեղ:

Հայտնի է նաև, որ սույն որոշման արդյունքում Երևանի բոլոր վարչական շրջաններում ավտոկայանատեղիները տնօրինելու է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, և որ սույն ընկերության բյուջե է մուտքագրվելու ավտոկայանատեղիների վճարներից ստացված գումարների 70%-ը: Ակնհայտ է նաև, որ սույն ընկերությունը մինիմալ ներդրումներ  է կատարել, բայց արդեն իսկ սկսել է եկամուտներ ստանալ և մեր իսկ վճարած գումարներով էլ պատրաստվում է կատարել հետագա ներդրումները:

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նշել է. «Եթե ձեր տրանսպորտային միջոցը վնասել են, կամ ինչ-որ պատահար է տեղի ունեցել, Կենտրոն համայնքում մենք տեղադրում ենք տեսախցիկներ՝ մոտ երկու հազար հատ: Կարող է վնասված ավտոյի վարորդը դիմել ոստիկանություն և տեսնել, թե ով է վնասել մեքենան»:

Մենք փորձեցինք պարզել, թե այս պահի դրությամբ քանի՞ տեսախցիկ է տեղադրված: Ներկայանալով որպես ավտոկայանատեղիից օգտվելու ցանկություն ունեցող քաղաքացի՝ մենք ասացինք, որ մեքենան ուզում ենք կայանել այնպիսի վայրում, որտեղ տեսախցիկ կա: Ընկերության օպերատորը մեզ հայտնեց, որ չի կարող նշել գեթ մեկ վայր, որտեղ այս պահի դրությամբ տեսախցիկներ են  տեղադրված: Այսինքն՝ ընկերությունը դեռ չի կահավորել ավտոկայանատեղիները, բայց արդեն գումարներ է գանձում կայանման համար:

Այստեղ տրամաբանական հարց է ծագում. ո՞ւմ է Երևանի քաղաքապետարանը տվել սույն գերշահավետ և ռիսկայնություն չպարունակող մենաշնորհը տնօրինելու իրավունքը: Պատահական ձեռներեցի՞: Պարզենք:

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ սույն ընկերության միակ բաժնետերը Տիգրան Հարությունյանն է, որը հաշվառված է Երևան, Բայրոնի փ., 4 շ., 11 բն., հասցեում:

Ըստ ԿԸՀ կայքի ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ սույն հասցեում հաշվառված Հարությունյան Տիգրանի հայրանունն է Միխաիլ: Առաջին հայացքից՝ այս անունը ոչ մի բան չի ասում: Բայց միայն՝ առաջին հայացքից: Բանն այն է, որ Տիգրան Հարությունյանի հայրը՝ Միխաիլ Հարությունյանը, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է և նրա ամենամտերիմ անձանցից մեկը:

Միխաիլ Հարությունյանին է պատկանում «Միկմետալ» ընկերությունը, որը զբաղվում է ամրանների և գլոցուկի արտադրությամբ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև արտաքին գովազդով: Ըստ ՏՄՊՊՀ-ի տվյալների՝ «Միկմետալը» 2010 թ. համարվել է «Ամրան» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություն: «Միկմետալ» ընկերության իրացման ծավալները կազմել են 46 տոկոս:

«Ամրալար» ապրանքային շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեն՝ «Միկմետալ» ընկերությունը` 41,7 տոկոս, «Եվրոպա» ընկերությունը` 37,3 տոկոս և «Մետեքս» ընկերությունը` 6,9 տոկոս: Այս երեք ընկերություններից յուրաքանչյուրը նույնպես համարվել է գերիշխող դիրք ունեցող, և  երեքը միասին գրավում են տվյալ շուկայի 85.9 տոկոսը`ավելի քան երկու երրորդը: «Միկմետալի» տնօրենն է Միխաիլ Հարությունյանի մյուս որդին՝ Վահանը:

«Միկմետալը» 2013թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցուցակում գտնվում էր 33-րդ տեղում:

Միխաիլ Հարությունյանի քրոջ որդին էլ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է: Վերջինիս պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, ըստ նույն ՏՄՊՊՀ-ի տվյալների, գերիշխող դիրք ունի «Ազոտական պարարտանյութեր (ամոնիումային սելիտրա)» ապրանքային շուկայում՝ (2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում) իրացման 30 տոկոս ծավալներով: Նույն «Քեթրին գրուպը» գերիշխող դիրք ունի նաև բանանի շուկայում, բայց ՏՄՊՊՀ-ն չի ուսումնասիրում մրգի և բանաջարեղենի շուկան, և հետևապես՝ պաշտոնական տվյալները բացակայում են:

«Քեթրին գրուպը» 2013թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների ցուցակում գտնվում էր 87-րդ տեղում:

Միխաիլ Հարությունյանի եղբայրը  Գրիգոր Հարությունյանն է, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում: Եղել է ՊՆ փոխնախարար, ԱԱՆ փոխնախարար, մինչև վերջերս աշխատում էր ԱԱԾ-ում և զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը: Նրան է պատկանում «ԳրիԱր» շինարարական խոշոր ընկերությունը: Ընկերության բաժնետերերի մեջ նշված չէ Գրիգոր Հարությունյանի անունը, բայց առկա է նրա փեսայի՝ Յորդանյան Արթուրի անունը: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ «Գրիար» անվանումը կազմված է այս երկու անձանց անունների սկզբնամասերից:

Ամենայն հավանականությամբ՝ այս ընկերությունը գործում է ստվերում, քանի որ չկա ո՛չ գերիշխող դիրք գրավող ընկերությունների, ո՛չ էլ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում: Սակայն բոլորին հայտնի է, ասենք՝ «ԳրիԱրի շենք» կոչվող հսկայական նորակառույցը, որը գտնվում է Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում:

Հայտնի է նաև, որ Գլխավոր պողոտայի շինարարությունն իրականացնող կազմակերպություններից մեկը` «Գրիարն» էր:

Գրիգոր Հարությունյանի աղջկան՝ Հայկուհի Հարությունյանի է պատկանում «Գրիար-սպասարկում» ՍՊԸ –ն: Հայկուհի Հարությունյանը նաև Երևանի Կենտրոնի նոտարներից է:

Այսպիսով՝ ակնհայտ է, որ Միխաիլ Հարությունյանի ընտանիքին է տրամադրվել ևս մեկ մենաշնորհ, ինչը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ քաղաքապետարանի քիչ թե շատ «փողային» որոշումների ետևում կանգնած է անձամբ Սերժ Սարգսյանը, իսկ Տարոն Մարգարյանը, ինչպես արդեն թևավոր խոսք է դարձել, ընդամենը մի սովորական խամաճիկ է:

Հ.Գ. Ի դեպ, «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության գրասենյակը գտնվում է «Երազ» բիզնես կենտրոնում, որը պատկանում է «Միկմետալ» ընկերությանը, իսկ կայանատեղիների հսկողությունը իրականացվում է չինական արտադրության «BYD» մեքենաներով, որոնք Հայաստան է ներմուծում «Քեթրին գրուպ» ընկերությունը: