07.08.2013 20:22

«Կանեփ-Կակաչ» միջոցառումն ընդդեմ հայ ազգային մտածողությանը խորթ երևույթների

«Կանեփ-Կակաչ» միջոցառումն ընդդեմ հայ ազգային մտածողությանը խորթ երևույթների

Սույն թվականի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 1-ը Ոստիկանության կողմից հանրապետության ողջ տարածքում անցկացվել է «Կանեփ-Կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հեռախոսագրի համաձայն ոստիկանության Երևան քաղաքում, մարզային վարչություններում ստեղծվել են շտաբներ, որոնց ղեկավարներ են նշանակվել վարչությունների պետերը, իսկ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության աշխատակիցները նշանակվել են ստեղծված օպերատիվ խմբերի պատասխանատուներ, որոնք ոստիկանության պետի հրամանով գործուղվել են տարածքներ` տեղերում միջոցառումները կազմակերպելու եւ համատեղ իրականացնելու նպատակով:

Միջոցառման անցկացման արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է վայրի աճած 84 տոննա 511.6 կգ կանեփի և 64 կգ կակաչի կանաչ զանգվածներ:

Հայտնաբերվածը տեղում  ենթարկվել է խմբակային փորձաքննության:

Փորձաքննության ամբողջական ավարտի արդյունքում պարզվել է, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առավել քան արդիական է հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը, քանի որ հենց ավանդական բարոյական արժեքների վրա հիմնված ընտանիքն է հանդիսանում մեր ազգապահպանության հենասյունը:

Ընդ որում, է վայրի աճած 84 տոննա 511.6 կգ կանեփի փորձաքննության արդյունքում ոստիկանները պարզել են, որ ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ: Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից` առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության  և այլ հարցերում: Այս երևույթն առավել վտանգավոր է դառնում այն բոլոր դեպքերում, երբ ոչ միայն խրախուսվում է, այլև` քարոզվում:

Իսկ 64 կգ կակաչի կանաչ զանգվածների փորձաքննության արդյունքում ոստիկանները եկել են այն եզրակացության, որ քարոզչական տարբեր մեթոդների կիրառումը նպաստում է նրան, որ երևույթն ընկալվում է որպես գովազդ և սկսում է դիտարկվել ինչպես օրինաչափ և բնական յուրաքանչյուր երևույթ: Այնինչ, բացասական երևույթների նմանօրինակ եղանակներով հրապարակայնացումն ու քարոզչությունը չեն կարող խրախուսվել մի պետության կողմից, որը դարերն ի վեր գոյատևել է ավանդական արժեքների, կայուն ընտանիքի պահպանման շնորհիվ:

Ուստի «Կանեփ-Կակաչ» համալիր միջոցառումների շարունակականության համար, ոստիկանությունը որոշել է «մեր պետության առջև ծառացած այս արատավոր երևույթը և դրա հետագա տարածումը կանխելու նպատակով` նախապատրաստել  

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի ընդունման արդյունքում վարչական պատասխանատվություն կնախատեսվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար, կսահմանվեն նաև տվյալ իրավախախտման կատարման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը:

ՀՀ Ոստիկանություն՝ «Կանեփ-Կակաչ-2013» միջոցառման հաշվետվություն

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

Նյութի առիթը