08.08.2013 15:10

Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 3)

Արման Գրիգորյան. Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում (մաս 3)

 Հայ Ազգային Կոնգրեսի Վերլուծական կետրոն

 Արման Գրիգորյան

  (մաս երրորդ)

/առաջին եւ երկրորդ մասեր/

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Հետարդիականության փիլիսոփայություն. Մինչև այժմ իմ ուշադրության առարկան աջակողմյան՝ ազգային պահպանողական իռացիոնալիզմն է եղել իր սպասավորների հետ միասին։  Իռացիոնալիզմի քարոզն ու արմատավորումը, սակայն, միայն աջից չեն գալիս։ Դրանք գալիս են նաև ձախից, և դրանից այդ քարոզը պակաս վտանգավոր չի դառնում։  Ձախ կամ ազատական իռացիոնալիզմը նաև զուտ տեղական երևույթ չէ։ Այն համաշխարհային կամ, ավելի ճիշտ՝ արևմտյան մի չափազանց մտահոգիչ երևույթի տեղական դրսևորում է։ Ազատական իռացիոնալիզմի քարոզը, որն արտահայտվում է սուբյեկտիվիզմի պաշտամունքի  ու ազատության գաղափարի գռեհկացման տեսքով, պարզապես սպառնալիք է դարձել թե՛ արևմտյան քաղաքակրթության, թե՛ այդ քաղաքակրթության ազդեցության ծիրում գտնվող այլ մշակույթների համար։  Ազատական իռացիոնալիզմի քարոզիչների համար չկան այլևս օբյեկտիվ ճշմարտություններ ու գիտելիքներ։  Չկան դրանք վեր հանելու վստահելի մեթոդներ։  Փոխարենը՝ կան զգացմունքներ, ինտուիցիա և հարաբերական ճշմարտություններ։ Կան գենդերային, էթնիկական, ռասայական, մշակութային ճշմարտություններ ու գիտելիքներ, որոնք ենթակա չեն փաստերի ու տրամաբանության քննությանը։  Ավելին. փաստերն ու տրամաբանությունը նույնպես հարաբերական ու սուբյեկտիվ են՝ պայմանավորված սեռով, էթնիկական կամ ռասայական պատկանելությամբ և նման այլ գործոններով։ 

Այս գռեհկության ջատգովները պնդում են, որ մարդիկ ոչ միայն ազատ են իրենց ուզած անհեթեթությանը հավատալու՝ առանց որևէ պարտադրանքի ու ճնշման, ինչը դասական ազատական սկզբունք է և ինձ համար միանգամայն ընդունելի, այլև՝ որ այդ անհեթեթություններն ունեն նույն էպիստեմոլոգիական կարգավիճակը, ինչ իրական գիտելիքներն ու ճշմարտությունները։ Այսինքն՝ ի՜նչ եմ ասում. չկա՛ն իրական գիտելիքներ ու անհեթեթություններ։  Ինչպես արդեն ասացի, թվացյալ անհեթեթությունները պարզապես ուրիշի ճշմարտություններն են ու գիտելիքները, որոնք «դրսից» անհասկանալի են ու անմեկնելի։  Հետևաբար՝ որևէ տարբերություն չկա աստրոլոգիայի ու աստղագիտության միջև, չկան տարբերություններ բժիշկների ու շամանների միջև, դռնապաններն էլ կարող են միանգամայն օրինակարգ տարաձայնություններ ունենալ պրոֆեսիոնալ կենսաբանների հետ էվոլյուցիոն տեսության վերաբերյալ։  Իսկ ամենակարևորն այն է, որ այս քամին մատուցվում է որպես ազատության փիլիսոփայություն, որովհետև այն ենթադրում է բոլոր կաշկանդող կապանքների, այդ թվում՝ տրամաբանության ու փաստերի կապանքների ջախջախում, առավել ևս, որ փաստ ու տրամաբանություն կոչված երևույթներն, ըստ նրանց, նույնպես անհուսալիորեն կոնտեքստուալ են և պայմանավորված տվյալ անհատի կամ խմբի ինքնությամբ ու մշակույթով։  Նրանք նաև չեն ձանձրանում հիշեցնելուց, որ առնվազն գաղութատիրության ժամանակաշրջանի արշալույսից սկսած՝ հենց փաստերի, գիտության ու տրամաբանության լեզվով են արդարացվել ամենազարհուրելի հանցանքներն ու բռնությունները, կարծես թե դա ինչ-որ բան է ասում փաստերի, տրամաբանության ու գիտության մասին։

Հետարդիականություն հորջորջված այս նիհիլիստական բարբաջանքն այսօր հետևորդների ահռելի բանակ ունի Արևմուտքում և հատկապես՝ Արևմուտքի մտավորական ու մշակութային կյանքում։ Ամերիկյան ակադեմիայում ամբողջական բնագավառներ դարձել են այս իռացիոնալիստական աղանդի զոհը։  Ազգագրությունն, օրինակ, վերածվել է կատարելապես անհասկանալի ինչ-որ բանի։ Ծանր ճնշման տակ են հայտնվել սոցիոլոգիան, պատմությունն ու քաղաքագիտությունը։  Մոտավորապես նույն բանն է տեղի ունենում Արևմտյան Եվրոպայի, հատկապես՝ Ֆրանսիայի համալսարաններում։  Արվեստին ու հոգևոր մշակույթին առնչվող բնագավառներում, որտեղ փաստերն ու տրամաբանությունը երբեք կարևոր դատավորներ չեն եղել, բայց որտեղ գոնե որոշակի սկզբունքներ ու ստանդարտներ են գործել, իրադրությունն է՛լ ավելի ողբերգական է։  Մասնավորապես՝ գրականագիտության ֆակուլտետներում ավելի հաճախ կարելի է տեսնել դասընթացներ ժամանակակից պոպ «արվեստի», սեքսուալ կողմնորոշմանը վերաբերող գրականության և այլ նման հույժ կարևոր ու հետաքրքիր թեմաների, քան, ասենք, 19-րդ դարի վեպի մասին։  Այդ դասընթացներն էլ սովորաբար ոչ թե տվյալ թեմաների իրական քննարկումներ են, այլ հակատրամաբանական ու իմաստասպան մի տարօրինակ ժարգոնի վրա հիմնված աղմուկ, ինչը հայտնի ֆրանսիացի մտավորական խուլիգաններ Դերիդայի, Ֆուկոյի, Լականի, Իրրիգարեյի ու էլի մի քանիսի ջանքերի շնորհիվ այլընտրանքային մեթոդի կարգավիճակ է ձեռք բերել։  Ուշագրավ փաստ է նաև այն, որ ժամանակակից կերպարվեստի ամենաճանաչված դեմքերից մեկը Էնդի Ուորհոլն է, որի ստեղծագործությունների ամբողջ իմաստը դրանց անիմաստությունն է։  Ավելի ուշագրավ փաստ է այն, որ մեր օրերում կարող է ստեղծագործություն համարվել չորս ու կես րոպե անշարժ դաշնամուրի առջև նստելը։  Ենթադրում եմ, որ Ջոն Քեյջի այդ «ստեղծագործությունը» արվեստի նույն բնագավառին է պատկանում, ինչ Մալերի 5-րդ սիմֆոնիան։  

 

Հետարդիականությունն ակադեմիայից դուրս. Տրամաբանության կապանքներն ու էսթետիկայի ստանդարտները ջարդող այս նիհիլիստական մշակույթը չէր կարող իր զուգահեռները չունենալ քաղաքական ու հասարակական կյանքում։  Մարդիկ, օրինակ, կարող են զանգվածաբար միանալ Դարֆուրը փրկելու շարժմանը (սովորաբար՝ առանց այդ հակամարտության մասին որևէ բան իմանալու), պահանջել ռազմական միջամտություն և դա անել խաղաղության կարգախոսների ուղեկցությամբ։ Ուրիշները կարող են օր ու գիշեր գաղութատիրությունը դատապարտել, հայհոյել Վիետնամի պատերազմի հեղինակներին ու միաժամանակ պաշտպանել Աֆղանստանն ուժով վերափոխելու դատապարտված նախագիծը։  Երրորդները կարող են բողոքել ամերիկյան կորպորացիաների՝ ժողովրդավարության հետ անհամատեղելի դարձած ազդեցության չափերից, բայց իրենց ժամանակն ու ռեսուրսները վատնել ոչ թե այդ ազդեցությունը սահմանափակելու, այլ այդ կորպորացիաների ղեկավար պաշտոններում կանանց թիվն ավելացնելու համար մղվող պայքարի վրա։  Չորրորդները կարող են ծիծաղել կրոնական ֆունդամենտալիստների ունեցած ակնհայտորեն անհեթեթ համոզմունքների վրա և նույն եռանդով պաշտպանել «այլընտրանքային բժշկությունը», և այսպես շարունակ։ 

Ստանդարտներ ու կապանքներ ջարդելու՝ երբեմն անհրաժեշտ ու իսկապես ազատության սահմաններն ընդլայնող գաղափարը գռեհկացվել է այն աստիճան, որ Հարվարդի համալսարանի պես համալսարանը կարող է տարեկան ավարտական ճառի չափազանց մեծ պատիվը վերապահել շարքային մարդկանց հիմարացնելու համար ստեղծված ցերեկային հեռուստատեսային շոուի մի հաղորդավարուհու, ինչպես դա արել էր այս տարի։  Նույն բանի հետևանք է այն, որ ժողովրդավարական Ամերիկայի ընտրողների մի ահռելի զանգված պատրաստ էր իր ձայնը տալ Բուշ կրտսերի ու Սառա Պալինի պես ակնհայտորեն տկարամիտ գործիչների, որովհետև «հեշտ էր պատկերացնում Բուշի հետ գարեջուր խմելը», և որովհետև Սառան իրենցից շատերի պես սովորական մայրիկ էր[1]։ Եվ, վերջապես, ստանդարտներ ջարդելու գաղափարը գռեհկացնող մշակույթն է, որ կարող էր  գերաստղ դարձնել Քիմ Քարդաշյանին, ով, իմ կարծիքով, նավիգացիոն համակարգը փչացած նավ հիշեցնող մեր մելանխոլիկ ժամանակաշրջանի կարևորագույն խորհրդանիշն է։  Պարզվում է՝ աշխարհում ամենաճանաչված մարդկանցից մեկը դառնալու, տասնյակ միլիոնավոր դոլարների կարողություն ձեռք բերելու, իսկ որ ամենակարևորն է՝ ահռելի թվով երկրպագուներ ունենալու համար բացարձակապես ոչ մի արժանիք ունենալու կարիք չկա։  Եվ սա որոշ մարդիկ համարում են մշակույթի ժողովրդավարականացում ու հակաէլիտիզմի դրսևորում, դե, որովհետև արժանիք հասկացությունն իսկ, ըստ հետարդիական ձախերի, չափազանց «բուրժուական» ու պահպանողական կապանք է, ինչը ենթակա է ապամոնտաժման[2]։ 

 

Հետարդիական իռացիոնալիզմը ներխուժում է Հայաստան. Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։ Արդյո՞ք Հայաստանի մշակութային, հասարակական ու քաղաքական կյանքում տեսանելի են այս մշակույթի ազդեցությունները։  Իմ համոզմամբ՝ դրանք տեսանելի են նույնիսկ անզեն աչքով։  Արդեն գրական ու փիլիսոփայական ամսագրեր կան, որտեղ հեղինակներն սկսել են անհումոր հետարդիական բառախաղերն ու Ֆուկոյին ցիտելը միտք արտահայտելու հետ շփոթել։  Ագրեսիվ ու ինքնավստահ գռեհկությունը որպես ազատություն ու կարծրացած ստանդարտների ոչնչացում մատուցելը նույնպես դժվար չէ տեսնել ամեն քայլափոխի։  Ասենք, կարող են որևէ՝ վերջին անգամ 20 տարի առաջ սթափ եղած երգչից հարցազրույց վերցնել ու հարցնել, թե ինչում է նա տեսնում արտագաղթը կանգնեցնելու բանալին, կամ անդադար ցիտել որևէ պրոֆեսիոնալ սիրուն աղջկա դարակազմիկ մտքերը այս կամ այն թեմայի վերաբերյալ։  Իսկ եթե համարձակվես ասել, որ մարդկանց այդ տեսակին ընդհանրապես չի կարելի միկրոֆոնին մոտ թողնել, քեզ անպայման կմեղադրեն գրաքննության կողմնակից, սնոբ, էլիտիստ լինելու և այլ տհաճ բաների մեջ։  Կպնդեն նաև, որ ընթերցողների մոտ նման մարդկանց կարծիքները լսելու պահանջարկ կա, և որ իրենք պարտավոր են հարգել այդ պահանջարկը, ինչն, իհարկե, նույնն է, թե պնդես, որ մարդկանց մոտ ավտովթարների պահանջարկ կա, քանի որ նրանք ավտովթարի կողքով նույնպես երբեք անտարբեր չեն անցնում։

Ստանդարտներ ու տրամաբանություն ջարդող կեղծ ազատական աղմուկն իհարկե նաև մեր քաղաքական կյանք է ներխուժել։  Դրա դեցիբելներն աննախադեպ մեծության հասան անցած գարնանը Րաֆֆի Հովհաննիսյանի բեմադրած ֆարսի ժամանակ։  Մեկ ամիս շարունակ Ազատության հրապարակում հնչող ելույթները ողողված էին հին կաղապարներից հրաժարվելու, քաղաքական պայքարին նոր ու ավելի ազատ շունչ հաղորդելու՝ կոնկրետությունից ու իմաստից բացարձակապես զուրկ հայտարարություններով[3]։  Այդ օրերին Ազատության հրապարակում առանց մեծ ջանքերի տեսանելի էր վատ քողարկված ատելությունը ոչ միայն Տեր-Պետրոսյանի անձի ու նրա ղեկավարած շարժման, այլև, իսկ սա շատ ավելի կարևոր է՝ քաղաքական ռազմավարությունը քննության ենթակա փաստարկների վրա կառուցելու և այդ ռազմավարությունը համապարփակ տեքստերի միջոցով հանրությանը մատուցելու նրա ոճի նկատմամբ։ Հովհաննիսյանի ղեկավարած շարժման ամբողջ տրամադրությունը (տրամաբանություն բառը տեղին չէ այս դեպքում) հենված էր այն թեզի վրա, որ տրամաբանական փաստարկի մեթոդն արագ ու ցանկալի արդյունք չէր տվել, հետևաբար՝ դրա այլընտրանքը ոչ թե ուրիշ փաստարկներ էին, այլ փաստարկները կարգախոսներով, ներբողներով ու զանգվածային բարևի արշավներով փոխարինելը։  Իսկ բոլոր նրանք, ովքեր պահանջում էին բացատրել, թե ինչպես են ներբողներն ու կարգախոսները քաղաքական արդյունքներ գրանցելու, ավտոմատ կերպով հայտարարվում էին հնացած մեթոդի ու հնացած մտածողության հնացած կողմնակիցներ։  Երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե խոսակցությունը նորաձևության մասին է, ոչ թե քաղաքականության։  Հովհաննիսյանն ինքը տիպիկ հետարդիական ֆենոմեն է և, որպես այդիպիսին՝ մեր քաղաքական իրականության Քիմ Քարդաշյանը. ոչ ոք չի կարողանում բացատրել, թե հատկապես ո՛ր արժանիքների շնորհիվ է, որ այդ մարդն արդեն 20 տարուց ավելի որոշակի ներկայություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում, բայց արի ու տես, որ ունի և դեռ կարողանում է ավելի շատ ձայներ ստանալ, քան երկրին իսկապես շատ մեծ ծառայություններ մատուցած, քաղաքական, վարչական փորձով ու մտավոր կարողություններով պարզապես նրա հետ անհամեմատելի Հրանտ Բագրատյանը։

Գարնանը հատկապես տեսանելի դարձած վերը նկարագրված քաղաքական ոճը սահմանափակված չէ միայն Հովհաննիսյանի աջակիցների շրջանակով։  Այդ ոճն իրականում արտացոլումն էր Հայաստանում ձևավորվող նեոքաղաքացիական գաղափարախոսության, ինչն արագորեն դառնում է երկրում ազատական իռացիոնալիզմի հիմնական մատակարարը։  Այդ գաղափարախոսությունը ես իռացիոնալիստական եմ համարում, նախ՝ որովհետև դրա մի անկյունաքարը քաղաքացիականի հակադրումն է քաղաքականին։  Խնդիրն ինքը՝ հակադրումը չէ։  Կարելի է իսկապես մերժել քաղաքականը հօգուտ քաղաքացիականի՝ այն տրամաբանությամբ, որ քաղաքական պայքարի սովորական մեթոդները (բանակցություններ, ընտրություններ, հանրահավաքներ, բողոքի ակցիաներ, բռնապետական կոալիցիան քայքայելու ջանքեր և այլն) կորցրել են իմաստը, հետևաբար՝ հասարակությանն այլ բան չի մնացել, քան զանգվածային քաղաքացիական անհնազանդության շարժում սկսելը[4]։  Ես նույնիսկ կարող եմ համաձայնել այդ հակադրության այն տրամաբանության հետ, որ ֆորմալ կառույցներ, քաղաքական ղեկավարություն ու առաջնորդներ ունեցող շարժումները երբեմն ավելի կաշկանդված են իրենց գործողություններում, քանի որ նման ուժերի ղեկավարներն ու ղեկավար մարմինները հաճախ խուսափում են իրենց հետևորդներին վտանգների ենթարկելու բարոյական պատասխանատվությունից, իսկ նման վտանգներ ենթադրող գործողությունները հենց այն են, ինչի վրա սովորաբար կառուցված են լինում լուրջ քաղաքացիական շարժումները[5]։

Մեր նեոքաղաղաքացիական գաղափարախոսների վարքագծին ու խոսքին նայելիս, սակայն, շատ դժվար է տպավորություն ստանալ, որ նրանք սա՛ նկատի ունեն, երբ քաղաքացիականը հակադրում են քաղաքականին։  Նրանց համար այդ հակադրությունը բոլորովին այլ բան է նշանակում։  Մասնավորապես, նրանք դա հասկանում են որպես բռնապետական համակարգի դեմ պայքարից հրաժարում՝ հօգուտ ինչ-որ մասնավոր ու փոքրիկ չարիքների դեմ պայքարի։  Ավելին, նրանք համակարգի դեմ պայքարը համարում են շեղում այդ փոքրիկ չարիքների դեմ պայքարից, մինչդեռ պարզից էլ պարզ է, որ համակարգն այդ փոքրիկ (ու նաև բազմաթիվ մեծ) չարիքների պատճառն է։  Պարզից էլ պարզ է նաև, որ քանի կա այս համակարգը, լինելու են փոքր ու մեծ չարիքներ։  Այսինքն՝ քանի կա հիվանդություն, լինելու են ախտանիշներ, իսկ հիվանդությունն ախտանիշները վերացնելով չեն բուժում։  

Նեոքաղաքացիական գաղափարախոսության մյուս անկյունաքարը  քաղաքացիական պայքարի նոր մարտավարությունն է։  Մասնավորապես, այդ գաղափարախոսության ջատագովները մերժում են քաղաքացիական պայքարի ստանդարտ մեթոները՝ հօգուտ... «կրիածիվ» մոտեցումների։   Թե ինչ է նշանակում այդ հետարդիական գոլորշին, միայն իրենց է հայտնի և Աստծուն։  Այսինքն՝ վստահ չեմ, որ նույնիսկ իրենց է հայտնի[6]։

Ազատական իռացիոնալիզմը մի կարևոր դրսևորում ևս ունի Հայաստանում։  Դա վերջերս հատկապես ագրեսիվ տոնայնություն ձեռք բերած տրաֆարետային արևմտամետության ու նույնքան տրաֆարետային ազատականության քարոզն է։  Սա իռացիոնալիստական քարոզ է, որովհետև դրանում նույնպես փաստարկներ չկան։  Փաստարկների փոխարեն՝ կա էմոցիոնալ, արմատական հակառուսականություն, ինչպես նաև ազատականության գաղափարի սուբյեկտիվ և չափազանց պարզունակ նույնացում Արևմուտքի հետ։  Այս երևույթի վրա, սակայն, հարկ չեմ համարում երկար կանգ առնելու, որովհետև նախկինում առիթներ ունեցել եմ դրան անդրադառնալու[7]։ Ավելացնեմ միայն, որ ազատականության այս ագրեսիվ ու սուբյեկտիվիստական ընկալման ջատագովներին Արևմուտքում կարելի է ավելի հաճախ ռեակցիոներների, քան ազատականների շարքերում հանդիպել։ Իհարկե, դրանց շարքերում իրենց ազատական հորջորջողներ էլ շատ կան,  բայց դրանք Sex and the City տեսակի ազատականներն են, ովքեր հիմնականում մտահոգված են աբորտի օրինականության դեմ սպառնալիքներով, և ովքեր բերանի վրա ճիշտ այնքան փրփուր ունեն Կոսովոյում Միլոշևիչի վարքագիծը դատապարտելիս, որքան Ցխինվալին ռմբակոծության ենթարկելուց հետո Սահակաշվիլիի հետ համերաշխություն հայտնելիս։

 

Հետարդիական իռացիոնալիզմի ակունքները. Իսկ հիմա երկու խոսք՝ այս ամենի պատմական, քաղաքական ու սոցիալական ակունքների մասին։   Ձախ կամ ազատական իռացիոնալիզմի մշակույթը Արևմուտքում ավանդական ձախի քաղաքական ճգնաժամի հետևանք է, ինչի ակունքները գնում են դեպի 1960-70ական թվականներ։  Սա այն ժամանակաշրջանն էր, երբ սոցիալիզմի ու մարքսիզմի ռոմանտիկան սկսեց փոխարինվել ստալինիզմի ժառանգության բացահայտումներով, Չինաստանում ու Կամպուչիայում տեղի ունեցած զանգվածային վայրագություններով, Արևելյան Եվրոպայում Խորհրդային Միության ռազմական միջամտության դեպքերին հաջորդած հիասթափություններով ու պառակտումներով։  Ավանդական ձախի հիասթափություններին ու պառակտումներին նպաստեց սոցիալիստական երկրների խորացող տնտեսական ճգնաժամը, ինչը խարխլում էր սոցիալիստական տնտեսության առավելությունների նկատմամբ եղած հավատը։ Հետաքրքիր է, որ այդ հավատի խարխլմանը նպաստեց նաև Արևմուտքում ծայր առած տնտեսական ճգնաժամը, որովհետև Արևմուտքի պահպանողականներն այդ ճգնաժամը հաջողությամբ վերագրեցին նախորդող  մի քանի տասնամյակում Արևմտյան պետությունների ընդլայնված տնտեսական ու խնամակալական ֆունկցիաներին (խոսքը welfare state կոչվածի մասին է), ինչը նրանք համարում էին սոցիալիստական մոդելի ոտնձգություն կապիտալիզմի ու ժողովրդավարության դեմ[8]։ 

Բարոյազրկված ձախի և հատկապես ձախակողմյան մտավորականության մի հատվածն այս ամենի ճնշման տակ ապաստան սկսեց փնտրել հետարդիականության նիհիլիզմի մեջ։  Տասնամյակներ շարունակ մարքսիստներն իրենց գերռացիոնալիստական լեզվով ու ինժեներներին հատուկ համոզվածությամբ ինչ-որ պնդումներ ու կանխատեսումներ էին արել, որոնք հիմա արագ փուլ էին գալիս։  Իհարկե, կարելի էր պարզապես հրաժարվել մարքսիզմից, բայց ոչ ռացիոնալիզմից, և շատերն այդպես էլ արեցին։  Մյուսների համար, սակայն, իրականությունը չափազանց ապակողմնորոշող էր դարձել, իսկ ռացիոնալիզմի ու գիտականության լեզուն՝ չափազանց կասկածելի, քանի որ այդ լեզուն ոչ միայն Ստալինն ու Մաոն, այլ նաև արևմտյան ազատականներն էին շատ երկար ժամանակ խոշտանգել՝ գաղութատիրության ոճիրներն արդարացնելով որպես mission civilisatrice։  Նացիստները, ովքեր իրականում ռացիոնալիզմի ամենաոխերիմ թշնամիներն էին, նույնպես հաճախ հենվել էին ռացիոնալիզմի ու գիտության լեզվի վրա՝ իրենց գործած վայրենությունները որպես օբյեկտիվ անհրաժեշտություն ներկայացնելու նպատակով։  Մասամբ այս ամենի հակազդեցությունն էր, որ ծնեց հետարդիական փիլիսոփայությունն ու մտավորական մոդելը, որը ռացիոնալիզմի ժխտման կամ ընդհանրապես ժխտման ու նիհիլիզմի մեջ սկսեց ազատություն փնտրել։  Իհարկե, դա նաև Արևմուտքում ավանդական ձախի պարզ քաղաքական թուլացման, եթե չասենք՝ փլուզման հետևանք էր, քանի որ  նիհիլիզմը պարտության ու հույսի կորստի անբաժան ուղեկիցն է։ 

Խնդիրը, սակայն, զուտ մտավորական հիասթափությունները չէին։  Փոխվել էին ձախի դեմոգրաֆիան ու քաղաքական բազան։  Եթե մինչև 60-ականները ձախի գործունեության շարժիչ ուժն ու սոցիալական բազան աշխատավոր դասակարգն էր եղել, ապա 60-ականներից սկսած՝ այդ բազան սկսեց արագորեն համալրվել քաղաքային միջին խավով, ինչպես նաև ինքնության՝ ռասայի, էթնիկական պատկանելության, սեռի և սեռական կողմնորոշման վրա հիմնված շահախմբերով։  Սոցիալական բազայի այս տրանսֆորմացիան հիմնարար ազդեցություն ունեցավ Արևմուտքում ձախի քաղաքական օրակարգի վրա՝ այն անարդար տնտեսական ստատուս քվոյի դեմ պայքարից վերափոխելով քաղաքացիական ու մշակութային իրավունքների համար պայքարի։  Դա, իհարկե, ինքնին ոչ դատապարտելի է, ոչ էլ իռացիոնալության ապացույց։   Խնդիրը, սակայն, այն է, որ այդ պայքարի տերերն աստիճանաբար դարձան այդ շահախմբերի վերնախավերը, ովքեր գործարքի գնացին աջի հետ, և ովքեր ոչ միայն երկրորդ պլան մղեցին անարդար ստատուս քվոյի դեմ ձախի ավանդական պայքարը, այլև ընդհանրապես այդ պայքարն այլասերեցին՝ ընդամենը եղած անարդար ստատուս քվոյի մեջ իրենց փայը պոկելու հրամայականով։

Այդ պայքարի օրակարգն ու մասնավոր պահանջները հաճախ սկսեցին այնպես ձևակերպվել, որ դրանք միաժամանակ էմոցիոնալ գրավչություն ունենան այս կամ այն շահախմբի շարքային անդամների համար, բայց որ այդ պահանջների իրականացումն իմաստ ունենա միայն նշված վերնախավերի համար։  Վերցնենք կորպորացիաների ղեկավար պաշտոններում կանանց թիվն ավելացնելու վերաբերյալ վերը բերածս օրինակը։  Պատկերացրեք, թե որքան հեշտ է այդ պաշտոններում կանանց փոքր թվի փաստը որպես կանանց դեմ խտրականության դրսևորում ներկայացնելը և կանանց զայրույթը դրա դեմ գրգռելը։ Բայց եթե նույնիսկ չվիճարկենք, որ դա խտրականության արդյունք է, ԱՄՆ-ում քանի՞ շարքային կնոջ շահերին կարող է առնչվել նման խտրականությունը, և քանի՞ շարքային կին շահած դուրս կգա այդ խտրականության վերացումից։  Պատասխանը պետք է որ ակնհայտ լինի։ Մինչդեռ նման խտրականությունների դեմ պայքարն է կանանց իրավունքների համար պայքարի կիզակետում, չնայած շատ ավելի ողջամիտ կլիներ, եթե դրա վրա ծախսվող էներգիան ու ռեսուրսները կենտրոնացվեին նույն շարքային կանանց համար շատ ավելի հրատապ խնդիրներ լուծելու վրա, ասենք՝ մայրության արձակուրդը երկարացնելու կամ այն բանի վրա, որ կորպորացիաներն օրենքով պարտադրված լինեն մանկապարտեզներ ֆինանսավորելու իրենց կին աշխատողների նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ռացիոնալ քաղաքական ու սոցիալական միջավայրում այդ պայքարի թիրախ պետք է լիներ կորպորացիաների ու նրանց ղեկավարների հաճախ գիշատիչ վարքագիծը, ոչ թե գիշատիչների շարքերը կանանցով համալրելու նպատակը։  Բայց կանանց իրավունքների համար Արևմուտքում և հատկապես՝ ԱՄՆ-ում ընթացող պայքարը հաճախ հենց այդ տրամաբանությունն ունի, ինչը հետևանքն է արդեն վաղուց անհամոզիչ դարձած, բայց տիտանական ջանքերով պահպանվող այն կոնսենսուսի, որի համաձայն՝ շարքային կանայք ոչ թե եղած անարդար սոցիալ-տնտեսական ստատուս քվոյի, այլ «նահապետական» բարքերի զոհեր են։  Նման հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, բայց թերևս բավարարվենք այսքանով[9]։ 

Ձախի համալրումը քաղաքային միջին խավով նպաստեց նաև սոցիալական արդարության վրա կենտրոնացած ձախի օրակարգը «հակաավանդականության մշակույթով» (counterculture) փոխարինելուն։  Այլևս ոչ թե աշխատավոր մարդկանց սոցիալ-տնտեսական պահանջներն էին ձախի շարքերում մթնոլորտ ստեղծողները, այլ ավանդական կապանքներին ձեռնոց նետած, ազատ սեքս, աբորտի իրավունք, մարիխուանայի ապաքրեականացում պահանջող, մեծ քաղաքներում ձանձրույթից ու Վիետնամում հայտնվելու վախից իրենց կորցրած միջին ու միջինից բարձր խավի երեխաներն ու բոհեմական անբանները։  «Հակաավանդականության մշակույթի» այս կրողները հակաավանդականության քողի տակ նաև ուղղակի թիրախ դարձրին ռացիոնալիստական ամեն ինչ և փարվեցին new age կոչվող ծանծաղ խավարամտությանը։ 

Վերջապես, ավանդական ձախի թուլացումը նաև անուղղակիորեն է նպաստում իռացիոնալիզմի տարածմանն ու արմատավորմանը, քանի որ ավանդական ձախն է սովորաբար եղել աջ իռացիոնալիզմի գլխավոր ախոյանը՝ Ֆրանսիական հեղափոխությունից սկսած։  Զրկված լինելով այդ ախոյանից՝ աջ իռացիոնալիզմը հատկապես ամբարտավան է դարձել վերջին մի երկու տասնամյակում։  Ամերիկայի պես զարգացած երկրի մի քանի նահանգներում, օրինակ, լուրջ պայքար է ընթանում էվոլյուցիոն տեսությունը կենսաբանության դասագրքերից հանելու կամ գոնե դրան զուգահեռ intelligent design հորջորջված հիմարությունը դասավանդելու պահանջով, և ոչ առանց որոշ հաջողությունների։  Միայն այս փաստը բավական է աշխարհի ապագայով լրջորեն մտահոգվելու համար։

Իսկ հիմա երկու չափազանց կարևոր հարցերի մասին, որոնց պատասխաններն անհամբեր ընթերցողները, վստահ եմ` շատ վաղուց են ուզում իմանալ։  Առաջին, իռացիոնա՞լ են արդյոք իրենք` իռացիոնալիզմի վաճառականները։ Երկրորդ, իռացիոնա՞լ են արդյոք իռացիոնալիզմի քարոզի թիրախ հանդիսացող սովորական մարդիկ, և եթե ոչ, ապա ինչպե՞ս են երբեմն իռացիոնալիզմի քարոզիչներն իրենց նպատակներին հասնում։

շարունակելի

ՀԱԿ Վերլուծական կենտրոնի նախորդ նյութերը՝

Հայաստանյան քաղաքականության բորխեսյան դիալեկտիկան

Սերժ-Րաֆֆի բանակցությունների առաջին ռաունդ

Աշոտ Սարգսյան. «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»

 

ՀԱԿ Վերլուծական կենտրոնի էջը կայքում՝

http://ilur.am/news/category/analytics/hak.html

 

 



[1] Սա, իհարկե, առաջին հերթին ավանդական՝ աջակողմյան հակաինտելեկտուալիզմի դրսևորում էր, սակայն, իմ խորին համոզմամբ, ստանդարտներ ջարդելու և հավասարության գաղափարների գռեհկացման մշակույթն այս դեպքերում նույնպես մեղքի իր զգալի բաժինն ուներ։ 

[2] Հետարդիական ժարգոնի ամենամոդայիկ կոնցեպտներից մեկը «deconstruction» կոչվածն է, որի իմաստը գոյություն ունեցող նորմերի սուբյեկտիվությունը (կամ փոխսուբյեկտիվությունը) ցույց տալն է և դրանց պարտադրած կապանքները փշրելը։  Դրա թարգմանությունը որպես «ապամոնտաժում» ինձ նույնպես դուր չի գալիս, սակայն ավել լավ տարբերակ չկարողացա գտնել։ 

[3] Այդ շարժումն, անշուշտ, ողողված էր նաև ավանդական ազգայնականության մոտիվներով, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա հավատարիմ զինակիցներն արդեն երկար ժամանակ փորձում են խաչասերել ազատականության կամ, ավելի ճիշտ` ազատականություն հիշեցնող ինչ-որ անհասկանալի հռետորաբանության հետ։  Արդյունքն, իհարկե, նույնն է, ինչ ստացվում է բորենուն կոկորդիլոսի հետ խաչասերելու փորձերի դեպքում։  

[4] Սկզբունքորեն՝ կա նաև զինված ապստամբության տարբերակը, բայց դա լուրջ քննարկման արժանի տարբերակ չէ։

[5] Խոսքը խաղաղ, բայց հաճախ օրենքներ խախտող գործողությունների մասին է, ինչն իշխանությանն ստիպում է դիմել բռնության, ինչն իր հերթին հաճախ հակասությունների պատճառ է դառնում իշխանության ներսում։ 

[6] Նեոքաղաքացիականների, նրանց գաղափարների ու մեթոդների քննադատության համար տե՛ս նաև  «Դիակը բացառում է որևէ կոմպրոմիս» (հարցազրույց Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ) http://168.am/2013/03/16/196578.html#.UURH-mn4_BE.facebook և Հ. Չարչարենց,  «Կախաղաններ, այնուամենայնիվ, պետք են»,  http://www.ilur.am/news/view/16056.html ։

[7] Տե՛ս «Մի քիչ նամուս ունենալը բոլորովին չէր խանգարի»  http://www.aravot.am/2012/08/25/102876/ և «Ժողովրդավարական լինելն արևմտյան կողմնորոշման մեխանիկական հետևանք չէ» http://new.ilur.am/news/view/1861.html ։

[8] Այդ ճգնաժամի իրական պատճառների մասին տնտեսագետների բանավեճերը շարունակվում են մինչև այսօր, և իրականում հստակ չէ, թե որքանով էր այդ ճգնաժամը «խնամակալ պետության» ճգնաժամ։  Հասարակական բանավեճում, սակայն, պահպանողականներին հաջողվեց դա ներկայացնել որպես այդպիսին և դրան հակադրել նեոազատական մոդելը, որը ենթադրում էր պետության խնամակալական ու կարգավորող ֆունկցիաների մաքսիմալ նվազեցում։  Մարգարեթ Թետչերն ու Ռոնալդ Ռեյգանը այդ մոդելի պահապան հրեշտակներն էին։   

[9] Տե՛ս Michael Lind, The Next American Nation: The New Nationalism and the Fourth American Revolution (New York, NY: Free Press, 1996).