12.08.2013 15:26

iLur Բլոգ. Նոթեր սահմանային անցուդարձից

iLur Բլոգ. Նոթեր սահմանային անցուդարձից


Ի սկզբանե նասվարն էր…

 

Պակիստանցուց չես լսի դու  երբևէ,

Թե Իրանն ու Աֆղանստանը վատ են իրար հետ․․․

Տե՛ս՝ էս ջիփերը, որ Փաշտունիստանի լեռներում են սլանում,

Սարքված են Իրանում,

Իսկ իրանցի ջահելների բերանից

Քաբուլի անուշահոտ նասվարն[1] է բուրում․․․»։

 

Էս տողերն ահագին երկար, կասեի նույնիսկ՝ առաջին հինգ րոպեից հետո ձանձրույթ առաջացնող չափածո բանավոր արտասանվածքից հատեցի։

Պահի տակ հորինվող, թեմատիկ ելևէջներով հարուստ, բայց կայուն առանցքով էս «խաղիկը» Ռամադան ամսվա մի գիշեր սենյակում նստած հինգ հոգուց չորսը, իրար հերթ չտալով, յոթ տարբերակով արտասանեցին. ժամանակ էինք սպանում, որ արևածագին ծոմը կիսաժանգոտած թավայի մեջ տապակած թունա ձկով «կոտրենք»։ Սենյակի մթնոլորտը կարելի էր նկարագրել որպես ընկերական, նույնիսկ ջերմ, կատակներով ծծված, բայց, ամեն դեպքում՝ «երբեք չգիտես՝ ինչ ա սպասվում» ասվածը անընդհատ գլխիս մեջ էր: Վաղուց էր բուն դրել էդ կասկածախառը միտքը ուղեղիս մեջ՝ ավելի քան տասը տարի առաջ բալուչների մոտ հայտնվելուցս ի վեր։ Կարիք չկար նախապես ներքուստ անհանգստանալ, առավել ևս ինչ-որ ձևով արտահայտել էդ կարգի տվայտանքներ, թե ինչ գծի մեջ  ա շարունակվելու զրույցը՝ հարցեր պատրաստելու ու տալու հնարավորությունը բաց չթողնելու համար, որովհետև մենակ էն փաստը, որ էդ իրավիճակում ամեն մեկը իր ասածների ու արածների մեջ ահագին անկաշկանդ ա դրսևորվում, ավտոմատ կերպով բացում-բացահայտում էր գործնականում հնարավոր լիքը կաղապարներ։

Ամեն դեպքում, որոշակի նախադրյալների կարիք կա, որ մարդ հասնի մի վիճակի, կամ իրավիճակն ինքը հասունանա էնքան, երբ հնարավոր կդառնա ականատես լինել ա՛յ սրա նման մի երևույթի. մադրասայի մի քանի ուսանողի՝ չորս թալիբի ու փաստացի օտար մեկի (իմ) ներկայությամբ հոգևոր մի անձ, տվյալ դեպքում՝ մի մոլլա, հանկարծ սկսի կատակել նասվարի ու Սարհադի[2] իրակույթների մասին։ Էդ նախադրյալներից ամենակարևորը տեղի ցանցային հարաբերություններն են՝ բարեկամների, ընկերների, կլանակիցների մասնակցությամբ: Ու հենց էս բազմաշերտ ցանցի էությունը հասկանալն ու դրա մեջ սեփական տեղը վեցերորդ զգայարանով զգալն ա, որ թույլ ա տալիս որոշակի իրավիճակներում լինել ազատ՝ դե չափի մեջ:

Հյուրընկալվել էի ընկեր-ծանոթ-բարեկամիս տանը, ով, տեղի չափանիշներով, բառ ու բանի, մշակույթի, չասեմ՝ մտավորականության, բայց մտքի, գիր ու թղթի՝ գրքի, ու էլի լիքը «բարի», «կիրթ» ոլորտների ներկայացուցիչ  էր, ու հենց դա էր պատճառը, որ ես «իմունիտետ» ունեի կասկածվելու, անվստահություն ներշնչելու կամ իմ հանդեպ զգուշավոր վերաբերմունքի դեմ։ Համենայն դեպս, ինքս էդպես էի մտածում։

Արհեստական գորգերով ծածկած հատակին, պատերի երկայնքով բարձեր էին շարած, ու ես էլ հենվել էի դրանցից մեկին, մի ուրիշն էլ դրել էի ծնկներիս տակ։ Մոլլան ու չորս թալիբերն էլ, ամեն մեկը՝ մի դիրքով, բարձախառը տեղավորվել էին շրջանաձև, ու խոսում-զրուցում էինք նասվարի դրական ու բացասական կողմերի՝ լավ ու վատի մասին։ Բայց իրականում ոչ թե նասվարի մասին խոսակցությունը, այլ օրենքով չարգելված, անգլիալեզվակրի՝ politically correct` քաղաքականապես կոռեկտ լեզվով ասած՝ խթանիչի մասին մարդկանց ունեցած պատկերացումները քննարկելն ու էս շարադրանքի սկզբում մեջբերած բանահյուսական պատառիկների նման զեղումներն էին էդքան «կայֆ» մթնոլորտ ապահովում։ Թեյն էլ ոտի հետ գնում էր, բայց դե միայն ես էի խմում. սենեկակիցներս լուսաբացին էին սպասում:

Մտքովս հաստատ չէր անցնի, որ հոգևորականի (ի դեպ, բացարձակ չէր խորշում օտարիս ներկայությամբ էս խթանիչն օգտագործելուց. կես ժամը մեկ կանաչափիրուզագույն փոշին անձեռոցիկի փոքր կտորների մեջ փաթաթում-սարքում էր «բարձիկներ» ու, ոնց որ պետք ա, տեղավորում էր բերանի մեջ՝ վերևի լնդի ու շրթունքի արանքում) հետ նասվարի մասին թեթև, զվարճալի խոսակցությունը գնալով կվերաճի Իրանի, Պակիստանի ու Աֆղանստանի հարաբերությունների վերաբերյալ լուրջ քննարկումների։ Դե իհարկե, զգացվում էր, որ մոլլայի հետ մեր երկխոսությունը թալիբների համար աստիճանաբար ձանձրալի էր դառնում՝ խեղճերը հոգնում էին լուռ ունկնդրի իրենց դերից, բայց ամեն կերպ աշխատում էին թաքցնել էդ ձանձրույթի արտահայտությունները՝ մոլլայի հետ ունեցած խիստ հիերարխիկ հարաբերությունների փաստից կաշկանդված։

Ճիշտն ասած՝ ինքս ավելի շատ կողմնակից էի մեր զրույցների բազմանդամությանը, ու միակ տարբերակը, որպեսզի մոլլայի հետ մեր քննարկումները չդառնան երկկողմ դասախոսություններ, իմ՝ հյուրի կարգավիճակն օգտագործելն էր, նույնիսկ չարաշահելը: Սկսեցի դիտավորյալ, բայց շինծու անմեղությամբ ընդհատել մոլլային՝ զրույցի թեման պարբերաբար դեպի կատակների ու զվարճալի պատմությունների ոլորտ վերահրելով։

Էս երեք թալիբը հենց նոր էին վերադարձել Քվետայից՝ պակիստանյան Բալուչիստանի մայրաքաղաքից. մեկը քթի միջնապատի հետ կապված խնդիրներ ուներ, գնացել էին բժշկական միջամտության զոհ դառնալու։ Զոհ, որովհետև իրենց իսկ բառերով, չնայած համեմատաբար մատչելի բուժօգնությանը՝ միջամտությունը հաստատ չէր գոհացրել, ու հիմնական տուժողն անընդհատ դժգոհում էր քթի ցավից։ Բայց պարզվեց՝ մատչելի բուժօգնությունը թալիբների համար պատրվակ ա եղել, քանի որ պատմելու ընթացքում բոլորն էլ խոստովանեցին, որ Իրանում էլ գրեթե նույն գնով ավելի որակյալ բուժում կարելի ա ստանալ։ «Բա էլ ինչու՞ էիք գնացել Քվետա» հարցիս միաբերան պատասխանեցին՝ «Ո՞նց, արտասահման էինք գնացել»։

Առանց Իրանի զինված ուժերում ծառայելու՝ արական սեռի որևէ ներկայացուցիչ անձնագիր (խոսքը ճամփորդական անձնագրի մասին ա, ոչ թե անձը հաստատող փաստաթղթի) ունենալու մասին միայն երազել կարող ա, ու առանց անձնագրի դուրս գալ Իրանից, բնականաբար, հնարավոր չէ՝ ըստ օրենքի։ Բայց դե նման հարցերի մասին թալիբների հետ խոսելն առհասարակ անիմաստ էր, որովհետև էդ 16-17 տարեկան երեխեքն անձնագիր չէին ունենա: Հաստատ չունեին։ Իրենց պարագայում ավելի շուտ իրանական՝ անձը հաստատող փաստաթղթին զուգահեռ՝ մի հատ էլ պակիստանյան նույն կարգի քարտ կունենային: Հաստատ ունեին։ Սարհադում ապրողներից շատերի մոտ կա նման քարտ. ասում են՝ մի քանի տարի առաջ Պակիստանի իրավապահ մարմինների շարքային աշխատակցին գումար էիր նվեր տալիս՝ շատ չէ, հասարակության լայն շերտերի համար մատչելի չափով, ու երկու օր հետո սիրուն, կանաչ, անձդ հաստատող քարտ էիր ունենում։ Հիմա թեթևակի խստություն ա հայտնվել էս հարցում։ Էսքանն իմանալով՝ երկքաղաքացիության վերաբերյալ իրավական նորմերին կամ պակիստանյան «այդի» քարտ ձեռք գցելու օրինական պայմաններին անդրադառնալը անտեղի ու անհետաքրքիր էր։

Ենթադրեցի, որ իրանա-պակիստանյան սահմանը հեշտությամբ անցել են՝ շրջանցելով անցակետերը։ Էդպես էլ կար․ մի քանի րոպե անց թալիբներից մեկը առանձնակի հպարտությամբ գրպանից հանեց սպիտակ թղթերի մի կույտ, փռեց գորգի վրա, գտավ ու ինձ մեկնեց պակիստանյան կանաչ «այդի»-ն։ Քարտի վրայի փոքր նկարը մեծ վերապահումով կարելի ա ասել, որ նման էր քարտի տիրոջը։ Նայեցի՝ տեսնեմ ինչ ա գրված․ լրիվ այլ անուն՝ այլ, քան մի քանի ժամ առաջ ինձ հետ ծանոթանալու ժամանակ ասել էր թալիբը, երբ «մտավորական» ընկերոջս տուն եկան՝ հասած արմավների ծանր արկղերը մեջքներին։ Բայց արի ու տես, որ պակիստանյան «այդի» ունենալը չի ենթադրում անհրաժեշտաբար, որ սահմանը պիտի հատել օրինականորեն։ Քարտը на всякий пожарный դեպքերի համար ա. արդեն անցել ես սահմանը, Պակիստանի տարածքում ես ու, ասենք, բջջայինի լիցքավորման քարտ ես առնում, մեկ էլ Kharan Rifles-ի[3] ծառայողը մոտենում ա ու ստուգում փաստաթղթերդ։ Բայց սա իմ անձնական երևակայության ոլորտից էր: Նման բան չի լինում։ Գուցե լինի, հետո։

Իրանի, Պակիստանի ու Աֆղանստանի եռակողմ հարաբերությունների մասին մոլլայի հետ մեր զրույցի ողջ գայթակղությունն ինձ համար մի բանում էր. Սարհադում դաշտային աշխատանքներս իրականացնելու ընթացքում տարվել էի շարժման գաղափարներով.  նկատի ունեմ՝ մարդկանց տեղաշարժի գաղափարով։ Ու էդ գաղափարն էր, որ ժամանակի ընթացքում նասվարի նման խթանեց ուղեղս, ու սկսեցի մտածել աշխարհագրական էդ տարածքներում տրանսպորտի, փոխադրումների ու ընդհանրապես՝ սահման անցնելու՝ խախտելով կամ առանց, մասին։

 

շարունակելի

 



[1] Կամ պարզապես նաս։ Միջին Ասիայում, Իրանում, Պակիստանում, Աֆղանստանում տարածված թույլ թմրեցնող ազդեցություն ունեցող փոշի, որը պատրաստում են հիմնականում ծխախոտի չոր տերևները խառնելով ծառի կեղևի մոխրի հետ։ Տարբեր վայրերում պարզ բաղադրությունը հարստացվում է այլ՝ ոչ սննդային համեմունքներով։ http://en.wikipedia.org/wiki/Naswar

[2] Սարհադը (պարսկերենից բառացի թարգմանաբար՝ սահմանագլուխ) Իրանի և Պակիստանի սահմանի հյուսիսային հատվածն է, որը հարում է Իրանի և Աֆղանստանի սահմանամերձ շրջանին։

[3] Խարանը պակիստանյան Բալուչիստան նահանգի՝ Իրանին սահմանակից շրջաններից մեկն ա, ու Kharan Rifles-ն էլ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անվանումն է՝ թխած բրիտանական գաղութատիրության շրջանի զինվորական ստորաբաժանումների անվանումներից։