13.08.2013 08:51

iLur Բլոգ. Տա՞նձ, խնձո՞ր, թե՞ X

iLur Բլոգ. Տա՞նձ, խնձո՞ր, թե՞ X

Կանացի հագուստ ընտրելիս շատ կարևոր է իմանալ, թե ինչ տիպի կազմվածքի կնոջ համար է այն նախատեսված: Կանայք, ըստ կազմվածքի, բաժանվում են 5 տիպի՝

  1. Տանձ կամ եռանկյուն
  2. Ավազե ժամացույց կամ X
  3. Խնձոր կամ շրջան
  4. Շրջված եռանկյուն կամ T
  5. Ուղղանկյուն կամ H

Կազմվածքի տիպի որոշման հիմքում ընկած է կոնքերի և ուսերի, գոտկատեղի և կրծքի հարաբերակցությունը: Մյուս որոշիչ գործոնները, ինչպիսիք են հասակը, քաշը, վզի երկարությունը, նույնպես կարևոր են և որոշիչ դեր են խաղում հագուստի ընտրության հարցում:

X-անման կազմվածք կամ ավազե ժամացույց

Այս տիպի կազմվածքը համարվում է իդեալական: Ի դեպ, մեզ հայտնի 90x60x90-ը պատկանում է հենց այս տիպին: Ուսերն ու կոնքերը նույն լայնության են` ընդգծված գոտկատեղով: Քաշի ավելացման դեպքում էլ նույնիսկ յուրաքանչյուր կգ-ը  մարմնի վրա բաշխվում է հավասարաչափ: Այս կազմվածքի կանայք թերություններ համարյա թե չեն ունենում:

 

  T-անման կազմվածք կամ շրջված եռանկյուն 

Այս կազմվածքը համարվում է բարդ կազմվածք: Հաճախ այսպիսի կառուցվածքով կանայք ունենում են ատլետիկ տեսք՝ լայն ուսեր, նեղ ազդրեր և ոչ այնքան ընդգծված գոտկատեղ: Հիմնականում այսպիսի կառուցվածք ունեն սպորտսմենուհիները: Լայն ուսերի պատճառով մեջքն ավելի երկար է թվում, քան ոտքերը, ինչի պատճառով էլ այս կառուցվածքի տեր կանայք խոշոր են երևում: Այս կառուցվածքի առավելությունը սլացիկ ոտքեր են: Քաշի ավելացումը առաջնային արտահայտվում է թևերի, որովյանի և ուսերի շրջանում՝ մարմնի վերևի հատվածում:

 

A-նման կազմվածք կամ եռանկյուն

Այս կառուցվածքի կանայք արտաքնապես նման  են տանձի՝ թեթև՝ վերևի մասում ու ծանր՝ ներքևի հատվածում. բարակ իրան, նեղ ուսեր, փոքր կուրծք, լայն ազդրեր: Ավել քաշը առաջնահերթ արտացոլվում է ազդրերի հատվածում և հետույքի վրա: Այս կառուցվածքի առավելությունը փոքր, կոկիկ կուրծքն է և բարակ իրանը, թերությունը՝ հաստ ոտքերն ու ծանր հետույքը: Նման կանայք հաճախ ունենում են ցելյուլիտի հակումներ:

Եթե Դուք հենց այս տիպին եք պատկանում, շտապում եմ Ձեզ ուրախացնել. այն համարվում է ամենագրավիչ և կանացի կառուցվածքը: Եթե աշխատեք կազմվածքի վրա և կանոնավոր կատարեք ֆիզիկական վարժություններ, ապա կարող եք համոզված լինել, որ հմայիչ արտաքին ունեք:

 

  H-անման կազմվածք կամ ուղղանկյուն

Այս տիպը իդեալական չէ, բայց, միևնույն ժամանակ, «անվնաս» տարբերակ է: Թերությունը իրանի բացակայությունն է, առավելությունը՝ հավասարաչափությունը: Այս կազմվածքի կանայք գիրանալու հակում են ունենում և շատ կգ-ներ հավաքելու դեպքում նմանվում են խնձորի: Ամենակարևոր խնդրներից մեկը, որն ունեն ուղղանկյուն կազմվածքով կանայք՝ լայն գոտկատեղն է ու դուրս ցցված փորը: Պարբերաբար մարզելով որովայնի մկանները՝ նրանք հեշտությամբ ձեռք կբերեն իդեալական մարմին:

 

  Օ-անման կազմվածք  կամ խնձոր

Օ-ձև կազմվածքը բնորոշ է գիրանալու հակում ունեցող կանանց՝ իրանի և կրծքավանդակի միանման լայնություն:

Եթե կինը հավաքում է ավելորդ քաշ, ապա ճարպը հավասարաչափ բաշխվում է որովայնի, ուսերի, մեջքի հատվածներում, իսկ թևերն ու ոտքերը մնում են նիհար: Սլացիկությունը պահպանելու համար հարկավոր է հետևել ցածր ածխաջրածնային մթերքներ առաջարկող դիետաների, ինչպես նաև կատարել ֆիզիկական վարժություններ, որոնք ամրացնում են որովայնի և կրծքի մկանները:

Այս նյութում ձեզ ներկայացրինք կանանց մարմինների կառուցվածքի ձեւերը: Մեր հաջորդ նյութերում կներակայացնենք յուրաքանչյուր կառուցվածքին համապատասխան գործվածքների ձեւերը եւ կտորների տիպերը:

Այդուհանդերձ, սիրելի կանայք, հիշենք, որ բոլոր կանայք գեղեցիկ ենք յուրովի, եւ չկան տղամարդկանց կողմից առավել նախընտրելի կարծրատիպային կազմվածքներ: Պարզապես, սիրելի կանայք, այստեղ կա մի փոքրիկ «մանրուք». կանայք պետք է կարողանան «հասկանալ» եւ ճանաչել իրենց կառուցվածքը եւ ճիշտ «մատուցել» իրենց:

Եղեք սիրված:   

Շողեր Ներսիսյան