13.08.2013 11:09

iLur Բլոգ. Չարչու կերպ մտած, իբրև վիշապ օձ…

iLur Բլոգ. Չարչու կերպ մտած, իբրև վիշապ օձ…
Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Երեկ մի ուշագրավ տեղեկություն հայտնվեց լրատվական հոսքերում. Նորվեգիայի  վարչապետը մի քանի ժամով տաքսու վարորդ է դարձել: Որպեսզի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչին, ի դեպ, մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, մոտիկից շփվի Օսլոյի բնակիչների հետ և տեղեկանա նրանց հոգսերին ու մտահոգություններին:  Ընդ որում՝ հատուկ նշվում էր, որ նրա տաքսին նստած ուղևորներից ոչ ոք, բացի մի հոգուց, չի ճանաչել, որ մեքենայի ղեկին իրենց երկրի վարչապետն է նստած: Այսինքն՝ տաքսու վարորդի և ուղևորների միջև, պետք է ենթադրել, բավական անբռնազբոս խոսակցություններ են տեղի ունեցել. ուղևորներն անկաշկանդ արտահայտել են իրենց կարծիքը կրթության, տնտեսության, շրջակա միջավայրի, կոռուպցիայի մասին, վարչապետն էլ այդ ամենը «ականջին օղ է արել», որ կարողանա հետևություններ անել:

Ի՛սկը հեքիաթներից մեզ ծանոթ դերվիշ: Կամ ՝ Թումանյանիս ասած՝ «չարչու կերպ մտած…»…Այս տողի շարունակությունը, որ բազմել է նաև սույն նյութի վերնագրում, չեմ ուզում ասել: Չէ՛, Նորվեգիայի՝ ինձ համար դժվար անուն-ազգանուն ունեցող վարչապետին ո՛չ անձամբ եմ ծանոթ, ո՛չ էլ, այսպես ասած՝ վիրտուալ: Ուստի նրա մասին ո՛չ լավ բան կարող եմ ասել, ո՛չ էլ վատ: Նույնիսկ նրա այս կերպարանափոխությանը չեմ կարող միարժեք գնահատական տալ ու կարող եմ ասել՝ ինչու. դրա «մեղավորը» ընդամենը մի արտահայտություն է՝ վարչապետն իր «դերվիշական» շրջայցը նախաձեռնել է «խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ»… Հա, խոստովանում եմ, որ «ընտրություններից առաջ»-ը տհաճ ասոցիացիաներ է առաջացնում իմ մեջ, ընդհուպ մինչև «ասֆալտ» ու «վերելակ»… (Ի դեպ, թեմայից շեղվելով՝ մի դեպք պատմեմ. անցյալ ընտրություններից՝ «մե՛ր»՝ հայաստանյան ընտրություններից մեկի քարոզարշավի ժամանակ մի օր մեր շենքի պատշգամբից ինչ-որ փոշի էի թափ տալիս, մեկ էլ տեսնեմ՝ ներքևում կոստյումավոր մարդկանց ոչ մեծ մի խումբ է ճեմում մեր, այսպես ասած՝ ցուցադրական բակում, հետևներից  ու կողքերից էլ՝ հնարավորինս մոտ լինելու ակնհայտ ջանքերով՝ մեր թաղի «ավտարիտետ»-ոտ  տղերքը: Ու մինչ ես կմտածեի՝ սրա՞նք ովքեր են, կողքիս հայտնվեց ամեն ինչից լավատեղյակ հարևանուհիս ու ավետեց. «Մեր թաղապետն ա: Բան-ման չունե՞ս հարցնելու, թոռներիդ վիրահատություն-բան պետք չի՞, անվճար դասավորում ա»… Դե ես, իհարկե, իմ ընդդիմադիր բարձունքից խրոխտ հայտարարեցի, որ եթե «էս թաղապետ կոչեցյալին» թվում է, թե իրենք արդեն բոլորին է՛դ աստիճան ապականել են ու «առել», ապա չարաչար սխալվում է… և այլն): Խոստովանեմ նաև, որ նորվեգացու ակցիայի նկատմամբ առաջին ռեակցիաս միանգամայն դրական էր՝ «այ սա է ժողովրդավար իշխանությունը» ոճի մեջ, էդ հետո՝ երկրորդ թափից մտքովս անցավ՝ բայց ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ…

Ու հիմա մտածում եմ. քանի որ դերվիշի՝ «խիստ արևելյան» հնարքին դիմելն անցել է աշխարհի ամենազարգացած եվրոպական երկրներից մեկի վարչապետի մտքով, ինչո՞ւ նույնը չի կարող փչել «մեր» պաշտոնյաների խելքին: Ու պատկերացնում եմ… Չէ, ավելի ճիշտ՝ չեմ պատկերացնում, որ «չարչու կերպ մտած» մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին կհաջողվի անճանաչելի լինել իր համաքաղաքացիների համար, թեկուզ և՝ տաքսի մեքենայի ղեկին նստած: Բայց մի պահ պատկերացնենք, որ ուղևորը (կամ ուղևորները) իրոք չի (չեն) ճանաչում, որ ղեկին, ասենք, Սերժիկն է կամ Տիկոն, ու անկաշկանդ զրույցի է (են) բռնվում վարորդի հետ… Պատկերացրի՛նք: Մեզնից ո՞վ երբևէ տաքսի չի նստել ու զրույցի չի բռնվել վարորդի հետ: Ո՞վ անկեղծորեն չի ասել այն ամենը, ինչ մտածում է էս թալանչիների, մարդասպանների, հանցագործների մասին: Տաքսու վարորդն էլ՝ մեզ հետ միասին ու մեզնից ավելի՛: Մի խոսքով:

Սկզբում մտածեցի, որ էս «մեր»՝սեփական երևակայությունից զուրկ պաշտոնյաները հաստատ երբևէ կօգտագործեն նորվեգացի վարչապետի փորձը (եթե մինչև առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրությունները դեռ  գոյություն ունենան. իրավունք չունե՞մ կասկածելու՝ գոյություն կունենան, թե չէ. Սերժիկը, էն է, քանի օր է՝ կորել է, ու հասարակությունը նույնիսկ, լսել եմ՝ անհանգստանում է. «Հո բան չի՞ պատահել»… ): Բայց հետո հասկացա, որ իրենք մեզնից լավ գիտեն՝ ինչ են բերել մեր երկրի գլխին, ու եթե նույնիսկ քարոզչական նկատառումներով դիմեն նորվեգացու հնարքին, ապա նրանց տաքսիների ուղևորները բացառապես ինչ-որ արծիվներ ու «մեռնեմ ջանին» տատիկ-պապիկներ կլինեն, որոնք տեսախցիկների առջև հազար տակ կծամածռվեն՝ ձև անելով, թե չեն ճանաչել «վարորդին» ու պաշտում են երկրի ղեկավարությանը: Պատահական ուղևորների դեպքում չեմ բացառում, ամենևի՛ն չեմ բացառում Թումանյանի երկի վերջաբանը…

Սեդա Մեսրոպյան